HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պարտեզ էլ, դպրոց էլ գնա, չեմ թողնի էրեխեքի մոտ նեղվի, խեղճանա»․ սրտից փուշ հանող Սամվելը

Ստվարաթղթե արկղերի կտորները, կարծես, աղյուսե պատ լինեն տան ամենացուրտ սենյակում։ Երեկոները դրանք խնամքով կտրտում են, դնում իրար վրա։ Տունը տաքացնելու համար են։ Շատ արագ են վառվում։ Քիչ անց Ցողիկ Դիլանյանը ստվարաթղթի եւ տախտակի մի քանի կտորներ է բերում, վառարանը վառում։ Թոռը՝ 2 տարեկան 8 ամսական Սամվելը վազվզում է սենյակում, հետո ուշադիր նայում տատին։

Ձմռանը միայն մի սենյակն են ջեռուցում, մյուս երկու սենյակներում ցուրտ է, տան իրերի մի մասն այստեղ է հավաքված։ Սպասքապահարանին դրված երիտասարդ աղջկա լուսանկարի մոտ Սամվելի լուսանկարն է նորածին ժամանակ։

-Նառան է, Սամվելիկի մաման,- մյուս լուսանկարի մասին ասում է տիկին Ցողնիկն ու նայում թոռանը, ապա լռում։ Նաիրան նրա երկու դուստրերից կրտսերն է։ Սամվելը դեռ փոքր է, չի հասկանում տատի լռությունը։ Նա այն լցնում է իր աշխուժությամբ։

Երկու օր առաջ մոր լուսանկարին նայելիս Սամվելն ասել էր՝ «մաման քնած ա»։ Տիկին Ցողիկն ասում է՝ ապշել էր, երեխան առաջին անգամ էր խոսում այդ մասին։ Հիմա ոչինչ չի ասում, բայց երբ մեծանա, կպատմի նրա մանկության պատմությունը։ Իսկ թե ոնց կպատմի, դեռ չգիտի․ ո՞նց պետք է ասի, որ մայրը 19 տարեկանում հանկարծամահ է եղել, մեկ տարի հետո էլ ավտովթարից հայրն է մահացել։ Տիկին Ցողիկը աննկատ մաքրում է խոնավացած աչքերն ու տխուր ժպիտով նայում թոռանը։ Հիմա տատն ու պապն են Սամվելի խնամակալները։

Վառարանի ճարճատյունը հետզհետե տաքացնում է սենյակը։ Երեւանի Մալաթիա թաղամասի փողոցներից մեկում գտնվող միհարկանի այս տունը մի քանի վարձակալ ընտանիքներ ունի։ Առանձին դռներով փոքր տներ են, որոնք ընդհանուր սանհանգույց ու բաղնիք ունեն։ Խցի նմանվող տան նախասրահ-հյուրասենյակի փոքր պատուհանը, կարծես, երդիկ լինի։ Սենյակը կոկիկ է, ու թվում է, թե ամեն բան իր տեղում է։ Տիկին Ցողիկն ասում է՝ Սամվելիկն օրական մի քանի անգամ խաղալիքները թափում է, ինքը՝ հավաքում։

2019 թ․ հունվարի 28-ին սովորականի պես արթնացել էին, տան գործերով զբաղվել։ Նաիրան հայրական տանն էր։ Սուրճ էր խմել, հետո կիսատ էր թողել ափսեները լվանալն ու մտել հարեւան սենյակ։ Տիկին Ցողիկը Սամվելին նոր էր քնեցրել: «Գործ էի անում, մեկ էլ ինքը հետ տվեց։ Մինչեւ հասնեմ, արդեն խռխռոցը եկավ»,- նշում է մայրն ու հավելում, որ երբ առավոտյան արթնացել էին, Նաիրան չէր ասել, որ վատ է զգում, ամեն ինչ սովորականի պես էր, այլապես աղջկան բժշկի կտաներ։

Ավելի ուշ տիկին Ցողիկն ասում է, որ դուստրը սրտի արատ է ունեցել, բայց դա խնդիրներ չի առաջացրել անգամ հղիության ժամանակ։

Սամվելն անընդհատ վազվզում է սենյակում։ Գանգրահեր փոքրիկը հաճախ ժպտում է։ Տատը լուսանկարների ալբոմն է մոտեցնում, Սամվելն արագ բարձրանում է աթոռին, վերցնում դրանցից մի քանիսն ու նայում։ Լուսանկարներում Նաիրան է փոքր հասակում։

«Հիմա իմ հույսս, հավատս էս երեխան է, սրանով եմ ապրում»,- ասում է տատը, ու նրա ձայնը կորում է Սամվելի աշխույժ շարժումներում։ «Շատ աշխույժ, ուրախ, խելացի երեխա է։ Սրտից փուշ հանող է»,- ավելացնում է 52-ամյա կինը։

Տիկին Ցողիկը երրորդ կարգի հաշմանդամ է՝ մի աչքը վիրահատել են, չի տեսնում։ Մինչեւ Նաիրային կորցնելն աշխատում էր հացի արտադրամասերում։ Հիմա թոռանն է մեծացնում։ Սամվելին արդեն հերթագրել է մանկապարտեզի համար։ Երբ մանկապարտեզ ընդունեն, ինքն էլ մոտակայքում հացի արտադրամասում աշխատանք կգտնի։

Ամուսինը Մալաթիայի շուկայում մաքրություն է անում՝ օրական 3000 դրամով։ Դրանով տան վարձն են տալիս։ Իսկ հիմնական եկամուտը հաշմանդամության թոշակն ու նպաստն է։

Մեր զրույցի պահին դուռը թակում են։ Տիկին Ցողիկը կիսով չափ բացում է։ Տանտիրուհին նրան է մեկնում թղթի մի կտոր, որի վրա հոսանքի ու գազի կոմունալ վճարների չափն է գրված: Տիկին Ցողիկը լուռ վերցնում ու մի տեսակ ծանրացած նստում է աթոռին։ Ասում է՝ մոտ օրերս նպաստը կստանան։

Իսկ Սամվելը դեռ խաղում է։ Պահարանից վերցնում է պոչով կաթսան ու իբր թե զենքից կրակում է, հետո ընկնում է գետնին։ Տիկին Ցողիկը նկատում է՝ խաղալիքներ շատ ունի, բայց չի սիրում դանցով խաղալ։ Մենք ժպտում ենք։ «Խեղճ չեմ թողնի։ Պարտեզ էլ, դպրոց էլ գնա, չեմ թողնի էրեխեքի մոտ նեղվի, խեղճանա։ Ինքը պիտի չզգա էդ բանը»,- ասում է 52-ամյա տատը։

Մեզ ճանապարհելիս Սամվելը գրկում է տատին։ Դրսում արեւ է, բայց չափազանց ցուրտ։ Իսկ տան ջերմությունը «սրտից փուշ հանող» Սամվելն է։

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter