HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Meta-ն պնդում է, ԱԱԾ-ն ասում՝ տվյալներ չկան. հնարավոր գաղտնալսումների փաստով որևէ քրեական գործ չի հարուցվել

Ազգային անվտանգության ծառայությունում որևէ քրեական գործ չի հարուցվել իշխանական ու ընդդիմադիր քաղաքական գործիչների հնարավոր գաղտնալսումների գործերով։ Այդ մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից։ «Պաշտոնատար անձանց, այդ թվում՝ ընդդիմադիր, «Pegasus» կամ այլ գաղտնալսման ծառայություններով գաղտնալսելու վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում փաստեր առկա չեն»,- նշվում է հարցման պատասխանում։

Հայկական ներքաղաքական օրակարգում գաղտնալսումների թեման արդիական դարձավ, երբ այս տարվա նոյեմբերի 24-ին ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում արեց այն մասին, որ Apple ընկերությունից նամակ է ստացել, որտեղ նշվում է, թե հնարավոր է՝ պետության կողմից հովանավորվող հաքերները թիրախավորել են իր հեռախոսը։ Վանեցյանի պնդմամբ՝ իրեն և իր ընտանիքի անդամներին գաղտնալսել են «Pegasus» ծրագրով։

Վանեցյանի հրապարակած նկարներից երևում էր, որ Apple-ի ուղարկած հաղորդագրության մեջ որևէ խոսք չկար ո՛չ գաղտնալսման և ո՛չ էլ «Pegasus» ծրագրի մասին։ Այդ մասին իր գրառման մեջ նշում էր միայն Վանեցյանը՝ պնդելով, որ ունի համապատասխան ապացույցներ։ Apple-ն իր հաղորդագրության մեջ նշում էր, որ հաքերները, որոնք հովանավորվում են ինչ-որ պետության կողմից, փորձում են հասանելիություն ստանալ նրա հավելվածներին, մեսինջերներին, անձնական տեղեկատվությանը, հեռախոսի պարունակությանը և այլն։ 

Ավելի ուշ, Apple-ից համանման նամակներ ստանալու մասին հայտարարել էին նաև «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության առաջնորդ, ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանն ու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։ 

Դեկտեմբերի 17-ին Meta կազմակերպությունը (Facebook, Instagram, WhatsApp) և Citizenlab-ը համատեղ զեկույցներ էին հրապարակել, որտեղ նշվում էր, որ Հայաստանում գործում են լրտեսական ծրագրեր, որոնցով հետևում են քաղաքական գործիչներին, լրագրողներին ու ակտիվիստներին: NSO ընկերության հայտնի «Pegasus» ծրագրից զատ, զեկույցում ևս 7 ընկերության անուն էր նշվել, որոնք, պետությունների կամ մասնավոր հատվածի պատվերով, համացանցի օգնությամբ լրտեսում են մարդկանց: «Թեև կիբերտարածքի վարձկանները հաճախ պնդում են, թե իրենց ծառայությունները թիրախավորում են միայն հանցագործներին ու ահաբեկիչներին, մեր՝ ամիսներ տևած ուսումնասիրությունը ցույց տվեց, որ իրականում թիրախների շարքում են նաև լրագրողները, ավտորիտար ռեժիմների քննադատներն ու իրավապաշտպանները»,- ընդգծվում է Meta-ի զեկույցում:

Meta ընկերության հետազոտության մեջ նաև նշվում էր, որ Հայաստանում հայտնաբերվել են լրտեսական Cytrox ծրագրի օգտագործման դեպքեր, որոնց թիրախում եղել են քաղաքական գործիչներն ու լրագրողները։

«Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ Ազգային անվտանգության ծառայությունը նշում է, որ ԱԱԾ-ում այս փաստերի առթիվ տվյալներ չկան, ուստի Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ չի հարուցվել և քննություն չի իրականացվել։

Meta ընկերությունն իր զեկույցներում հրապարակում է այն տվյալները, որոնք ստացվում են իր հավելվածների օգտատերերի օգտահաշիվներին չնույնականացված IP-ներից մուտքերի հիման վրա։ Ընկերությունը կարողանում է նաեւ հասկանալ՝ արդյոք այս կամ այն մուտքն իրականացվել է լրտեսական ծրագրային ապահովման գործադրմամբ։ Ուստի, թերևս, հիմքեր չկան կասկածելու, որ քաղաքական գործիչներն ու լրագրողներն այս տեսանկյունից պաշտպանված չեն, իսկ երկրում կիբերանվտանգության գլխավոր պատասխանատուն ԱԱԾ-ն է։

Մեր այն հարցին՝ արդյոք ԱԱԾ-ն արտասահմանյան ընկերություններից պաշտոնական գրություններ ստացել է ՀՀ տարածքում գտնվող իր օգտատերերի կիբերհարձակումների մասին, Ազգային անվտանգության ծառայությունը բացասական պատասխան է տվել։ «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում արտասահմանյան ընկերություններից ՀՀ տարածքում գտնվող իրենց բաժանորդների՝ կիբերհարձակման ենթարկվելու մասին պաշտոնական գրություններ չեն ստացվել»,- նշվում է պատասխանում։

Անդրադառնալով Արթուր Վանեցյանի այն պնդմանը, թե իր և իր ընտանիքի անդամներին գաղտնալսել են «Pegasus» լրտեսական ծառայության միջոցով, ԱԱԾ-ն հայտնում է, որ այդ գործով ևս որևէ քրեական գործ չի հարուցվել և քննություն չի իրականացվում։  

Հարցման պատասխանից կարելի է ենթադրել, որ փաստացի ԱԱԾ-ն որևէ տվյալ չունի քաղաքական գործիչների գաղտնալսման մասին՝ ինչ կերպ են գաղտնալսվել,  գաղտնալսումն իրականացվել է ՀՀ տարածքու՞մ, թե դրա սահմաններից դուրս։

Դատախազություն. «ԱԱԾ-ն «Pegasus» ծրագրաապարատային համակարգ ձեռք չի բերել»

Իրավապահ մարմինների կողմից այս ուղղությամբ իրականացվող գործողությունների ամբողջական պատկերը հասկանալու համար «Հետք»-ը համանման հարցում էր ուղարկել նաև դատախազություն։ Այստեղից հայտնում են, որ դեռևս նոյեմբեր ամսին Արթուր Վանեցյանի հնարավոր գաղտնալսման վերաբերյալ առցանց հրապարակումներն իրենք ուղարկել են ԱԱԾ՝ դրանում առկա տեղեկությունները ստուգելու համար։

Ինչ վերաբերում է «Pegasus» լրտեսական ծրագրին, ապա, դատախազության պնդմամբ, «ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը «Pegasus» ծրագրաապարատային համակարգ ձեռք չի բերել»։ Ըստ դատախազության՝ ԱԱԾ-ում տվյալներ չկան վերոնշյալ ծրագրի վերաբերյալ։ 

Փաստացի, դատախազությունը հերքում է այն վարկածը, թե քաղաքական գործիչները հնարավոր է գաղտնալսված լինեին ՀՀ տարածքից, իսկ գաղտնալսման պատվիրատուն լիներ ԱԱԾ-ն։

Միևնույն ժամանակ, դատախազությունից նշում են, որ հարցման մեջ նշված մյուս փաստերը, այդ թվում՝ Cytrox գաղտնալսման ծրագրի վերաբերյալ, ուղարկել են ԱԱԾ՝ տեղեկատվության ստուգման նպատակով։

NSO Group. «Մենք տեխնոլոգիան տվողն ենք, պատվիրատուն է կիրառում այն»

Դեռ նոյեմբերի վերջին իսրայելական NSO Group-ը, որը մշակել է սարքավորումների կոտրման և գաղտնալսման «Pegasus» ծրագրային ապահովումը, «Հետք»-ին հայտնել էր, որ կազմակերպությունը միայն տեխնոլոգիան է տրամադրում, իսկ դրա գործարկումն ու տվյալների հավաքումն իրականացնում է պատվիրատուն։

«NSO Group-ը ծրագրային ապահովման մատակարար է։ Մենք չենք օգտագործում տեխնոլոգիան և չունենք մեր հաճախորդների կողմից հավաքված տվյալներին հասանելիություն»,- հայտարարել էր կազմակերպության ներկայացուցիչ Լիրոն Բրուքը (Liron Bruck)։ 

Վերջինս հրաժարվել էր տեղեկատվություն տրամադրելուց այն մասին, թե արդյոք ՀՀ պետական որևէ մարմին հանդիսանում է իսրայելական ընկերության հաճախորդ, և եթե այո, ապա ո՞ր մարմինն է և երբվանի՞ց է օգտվում ընկերության ծառայությունից։ «Պայմանավորված պայմանագրային և ազգային անվտանգության նկատառումներով՝ NSO-ն չի կարող հաստատել կամ ժխտել մեր ներկա կամ նախկին պետական պատվիրատուների ինքնությունը»,- հայտնել էր ընկերությունը։ 

Ավելի վաղ, տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի խորհրդատու Արթուր Պապյանը «Հետք»-ի հետ հեռախոսազրույցում նշել էր, որ Հայաստանի Հանրապետությունում մինչև 10 անձի սարքավորում, որոնք ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության են տիրապետում, գտնվել են կամ գտնվում են «Pegasus»-ի ներթափանցման տակ։ «Նրանք ոչ բոլորը կապ ունեն հենց քաղաքականության հետ, բայց կարող են տիրապետել պետական գաղտնիքի»,- ընդգծել էր նա։

Արթուր Պապյանը հրաժարվել էր նշելուց այդ մարդկանց անունները՝ հավելելով, որ իրականում գրեթե անհնար է հասկանալ, թե որ կողմի պատվերով է իրականացվել հարձակումը՝ ներքին, թե արտաքին։ Ըստ նրա՝ հնարավոր է, որ հարձակումն իրականացրած լինի նաև Ադրբեջանը, որի անունն ի սկզբանե շրջանառվել էր նաև լրագրողական միջազգային հետաքննության մեջ։

«Pegasus» անունով «գլխացավանքը» համաշխարհային օրակարգում է դեռ այս տարվա հուլիսից

Դեռ այս տարվա հուլիսին լրագրողական 17 կազմակերպությունների իրականացրած հետաքննության արդյունքում, որը գլխավորում էր ֆրանսիական Forbidden Stories-ը, հայտնի դարձավ, որ մի քանի երկրների իշխանություններ զանգվածաբար հետևել են լրագրողների, իրավապաշտպանների և փաստաբանների՝ իսրայելական NSO Group ընկերության «Pegasus» լրտեսական ծրագրի օգնությամբ։ Այն ի սկզբանե նախատեսված է եղել վտանգավոր հանցագործներին և ահաբեկիչներին հետևելու համար։

«Pegasus»-ը վնասակար ծրագիր է, որը ներթափանցում է iOS կամ Android օպերացիոն համակարգերով աշխատող սարքավորումներ և հնարավորություն տալիս հասանելիություն ունենալ մեսինջերների հաղորդագրություններին, էլեկտրոնային փոստին, լուսանկարներին, տեղակայման մասին տվյալներին, ինչպես նաև ակտիվացնել ֆոտոխցիկը և միկրոֆոնը առանց օգտատիրոջ իմացության։ 

Պոտենցիալ թիրախների թվում հայտնվել էր ավելի քան 50 հազար մարդ։ Լրագրողները կարողացել էին առանձնացնել 50 երկրների ավելի քան 1000 մարդու տվյալներ, որոնցից 65-ը ընկերությունների ղեկավարներ էին, 85-ը՝ իրավապաշտպաններ, մոտ 600-ը՝ քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ, ներառյալ՝ նախարարներ, դիվանագետներ, զինվորականներ, պետությունների ղեկավարներ և վարչապետներ, ինչպես նաև 189 լրագրող։ Թիրախում հայտնված հայտնի քաղաքական գործիչների թվում էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը (պատվիրվել է Մարոկկոյի հատուկ ծառայությունների կողմից), Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը, Պակիստանի վարչապետ Իմրան Խանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter