HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անօթևաններն այսուհետ կապրեն «Երևանի N1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի համապատասխան մասնաշենքում․ նախարարություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարությունը շարունակելու է անօթևաններին օթևանի տրամադրման գործընթացը։ Այս ծառայությունը մինչ այժմ մատուցվում էր «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի կողմից, որի համար հիմք հանդիսացող պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականի դեկտեմբերի 31-ին։

Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ սահմանված ընթացակարգի համաձայն՝ հայտարարվել էր դրամաշնորհային մրցույթ՝ անօթևան անձանց համար ժամանակավոր օթևանի տրամադրման ծառայություններ մատուցելու համար, որին որևէ կազմակերպություն չի դիմել։ Չի դիմել նաև «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամը, քանի որ վերջինս մեկ այլ ծրագրի շրջանակում ծառայությունները ոչ պատշաճ մատուցելու հետևանքով Ֆինանսների նախարարության կողմից 24․08․21 թ․-ին ընդգրկվել է պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու նպատակով կազմակերպվող մրցույթներին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակ։

«Ելնելով վերոգրյալից և կարևորելով անօթևան անձանց մատուցվող ծառայությունների որակն ու դրանց պատշաճ իրականացումը՝ նախարարությունը հանձն է առել կազմակերպելու անօթևան անձանց օթևանով ապահվելու գործընթացը՝ 2022 թվականի հունվարի 1-ից այն կազմակերպելով «Երևանի N1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի առանձին մասնաշենքում և համապատասխան ֆինանսավորմամբ»,- նշվում է հայտարարության մեջ։

Ինչ վերաբերում է «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հետ վերոնշյալ լուծված պայմանագրին, նախարարությունը տեղեկացնենում է, որ 2021 թվականի մարտի 29-ին կնքված պայմանագրի հիման վրա՝ պետությունը ֆինանսական աջակցություն էր տրամադրել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին՝ տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ մատուցելու նպատակով։ Սակայն նախարարության կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ հիմնադրամը թույլ է տվել մի շարք լուրջ խախտումներ և բացթողումներ։

Պարզվել է, որ շահառուների ընտրությունն իրականացվել է օրենսդրության կոպիտ խախտումներով․ օրինակ՝ որպես շահառու ընդգրկվել են քաղաքացիներ, ովքեր ոչ հաշմանդամություն ունեցող անձ են և ոչ էլ տարեց, բացի այդ՝ եղել են նաև քաղաքացիներ՝ տուբերկուլյոզ կամ շիզոֆրենիա ախտորոշմամբ։ Շահառուների ընդունման, հաշվառման, դուրսգրման առկա փաստաթղթերը կազմված են եղել էական թերություններով և բացթողումներով․ ուսումնասիրության պահին ոչ մի շահառու չի ունեցել համապատասխան այցետետր՝ ստացած ծառայությունների, այցելությունների և այլնի նշագրումով։ Բնակիչների հետ չեն տարվել աշխատանքային թերապիաներ, պատշաճ կերպով չի իրականացվել շահառուների ազատ ժամանցի կազմակերպման գործընթացը և այլն։

«Հիմք ընդունելով ուսումնասիրությունների արդյունքները՝ պաշտոնական գրություն է ուղարկվել հիմնադրամին՝ առաջարկելով վերոնշյալ խախտումների վերաբերյալ 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել պարզաբանումներ, որոնք, սակայն եղել են ոչ հիմնավոր։ Ուստի որոշում է կայացվել լուծել պայմանագիրը։

Ուստի, կարևորելով անօթևան անձանց մատուցվող ծառայությունների որակն ու դրանց պատշաճ իրականացումը, նախարարությունը սահմանված կարգով կհոգա քաղաքացիների կեցության հարցը՝ մինչ 2021 թ․ դեկտեմբերի 31-ը կազմակերպելով վերջիններիս տեղափոխումը «Երևանի N1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի համապատասխան մասնաշենք»,- նշում է նախարարությունը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter