Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը հնարավոր է հունվարին կայանա
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը, որոնք քննարկելու են երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցերը, կարող է կայանալ 2022 թվականի հունվարին։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ թուրքական 24 TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Հիմա դեռևս համաձայնեցված չէ նրանց հանդիպման ժամկետները, սակայն սպասվում է, որ այն կկայանա հունվարին»,- պատասխանել է թուրք նախարարը՝ լրագրողի՝ երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետների մասին հարցին։ Ավելի վաղ, Չավուշօղլուն հայտարարել էր, որ առաջին նման հանդիպումը կկայանա Մոսկվայում։
Թեմային անդրադարձել էր նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ռուս դիվանագետի խոսքերով՝ Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորումը կնպաստեր տարածաշրջանում իրավիճակի բարելավմանը։ Նա նաև նշել էր, որ Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է միջնորդական ջանքեր ցուցաբերել։
Անկարան հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակել էր ԱՄՆ-ում այդ երկրի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Երևանը՝ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին։ Չավուշօղլուն բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ողջ գործընթացում Անկարան իր քայլերը կհամաձայնեցնի Ադրբեջանի հետ։
Չնայած ընդհանուր սահմանին, Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ։ 1993 թվականից Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտաքին գործերի նախարարներն ստորագրել էին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, սակայն այդ փաստաթղթերը չէին վավերացվել երկու կողմերի խորհրդարանների կողմից։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարել էր հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցման մասին։
Լուսանկարը՝ new.fox-24.com-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել