
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կկայանա Մոսկվայում
Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման համար նշանակված հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կկայանա Մոսկվայում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն։
«Նշանակվել են Հայաստանի հետ կարգավորման հատուկ ներկայացուցիչները։ Առաջին հանդիպումը կկայանա Մոսկվայում։ Հույս ունենք, որ Հայաստանը կգործի միջազգային իրավունքի շրջանակներում»,- Անկարայում լրագրողներին հայտարարել է Չավուշօղլուն։ Նա հավելել է, որ առաջիկա օրերին կբացվի Ստամբուլի և Երևանի միջև ավիահաղորդակցությունը։
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը չի մանրամասնել, թե երբ կկայանա առաջին հանդիպումը։
Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ թուրքական կողմից հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ԱՄՆ-ում այդ երկրի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, որը դիվանագիտական ծառայության մեջ է 1984 թվականից։ Հայկական կողմից հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։
Թուրքական լրատվամիջոցները հայտարարել էին, որ դեպի Երևան թռիչքների է նախապատրաստվում թուրքական Pegasus ավիաընկերությունը, իսկ հայկական կողմից՝ FlyOne Armenia-ն։ Վերջինս փոխկապակցված է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի հետ։
Լուսանկարը՝ cgtn.com-ից
Մեկնաբանել