HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ովքե՞ր են Սուքիասյանների ավիացիոն նոր բիզնեսի դե յուրե տերերը

Ազգային ժողովի իշխանական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքը Հայաստանում ցանկանում է նաեւ ավիացիոն բիզնեսով զբաղվել: Սուքիասյանները մոլդովացի գործընկերների հետ համատեղ ընկերություն են հիմնել Երեւանում, սակայն վերջինս ՀՀ քաղավիացիայի կոմիտեից դեռեւս չի ստացել օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ), ինչը թույլ է տալիս իրականացնել առեւտրային փոխադրումներ:

Խոսքը «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ի մասին է, որը հիմնադրվել է այս տարվա մարտի 18-ին: «Ավիացիայի մասին» օրենքի համաձայն՝ ՕՇՎ կարող են ստանալ այն իրավաբանական անձինք, որոնց բաժնեմասերի առնվազն 51 %-ը սեփականության իրավունքով պատկանում է ՀՀ քաղաքացիներին եւ/կամ մեր երկրում գրանցված իրավաբանական անձանց: «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ի 54 %-ը պատկանում է ՀՀ քաղաքացիների, իսկ 46 %-ը գրանցված է մոլդովական «Fly One» ընկերության անունով:

Քիշնեւում գրանցված «Fly One»-ը հիմնադրվել է 2015-ի սեպտեմբերին եւ մոլդովական քաղավիացիոն իշխանությունների կողմից ՕՇՎ ստացել 2016-ի մարտին: 2018-ին մոլդովացիները Ռումինիայում հիմնել են նոր ընկերություն՝ «Fly One Airlines»: Եվ ահա «Fly One Armenia»-ի ստեղծումը մոլդովական ավիաընկերության ցանցի հերթական ընդլայնումը կարելի է համարել:

Հայաստանում «Fly One»-ի գործընկերները Սուքիասյաններն են, սակայն «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ում եղբայրներից՝ Խաչատուր, Սարիբեկ, Էդուարդ եւ Ռոբերտ Սուքիասյաններից, ոչ մեկ չկա: Հայկական կողմին պատկանող 54 %-ը գրանցված է այլ անձանց անունով, որոնք, սակայն, ըստ ամենայնի, փոխկապակցված են Սուքիասյաններին:

Երեւանի 2 բնակիչ՝ Հակոբ Աբրահամի Ալեքսանյանն ու Արմեն Ռաֆիկի Սիրունյանը ունեն 24,5-ական տոկոս փայ: Արմեն Սիրունյանը Սուքիասյանների մերձավորներից է, ինչպես նաեւ ՆԳ նախկին նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ, վաղամեռիկ Սուրեն Սիրունյանի եղբայրը (Վ. Սիրադեղյանը նաեւ Սարիբեկ Սուքիասյանի քենակալն է):

«Ֆլայուան Արմենիան» գրանցված է Երեւանի Զավարյան փողոցում՝ Արմեն Սիրունյանի հաշվառման հասցեում, որի հարեւան հասցեում էլ գրանցված են Սուքիասյանները:

Բացի՝ Հ. Ալեքսանյանից ու Ա. Սիրունյանից՝ ՍՊԸ-ում եւս 5 տոկոս փայ ունի երեւանցի Լարիսա Աշոտի Սահակովան:

Մոլդովական «Fly One»-ի տերերն էլ նախկին պաշտոնյաներին փոխկապակցված անձինք են: Ներկայում ընկերությունը կիսված է 2 ընտանիքի միջեւ:

40 տոկոսը պատկանում է Մոլդովայի արդարադատության նախկին (2015-2017 թթ.) նախարար Վլադիմիր Չեբոտարի կնոջը՝ Մարիա Չեբոտարին, իսկ 10 տոկոսը՝ նախկին պաշտոնյայի քրոջը՝ Մարիանա Տաբույկեին:

Նկատենք, որ Վ. Չեբոտարը 2006-2011 թթ. աշխատել է Մոլդովայի ազգային ավիափոխադրող «Air Moldova»-ում, 2011-2013 թթ. էլ ղեկավարել է Մոլդովայի քաղավիացիայի գերատեսչությունը: 2013-2015-ին Չեբոտարն այդ երկրի տրանսպորտի եւ ճանապարհային ենթակառուցվածքների փոխնախարարն էր, իսկ 2015-2017-ին՝ արդարատության նախարարը: Հենց նախարար աշխատելու տարիներին էլ նա իր մերձավորների ու գործընկերների հետ հիմնել է «Fly One» մասնավոր ավիաընկերությունը: 2019-2021 թթ. Վ. Չեբոտարը Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր էր: Նշենք նաեւ, որ Չեբոտարի կնոջն է պատկանում ռումինական «Fly One Airlines»-ի 50 տոկոսը:

Իսկ ահա մոլդովական «Fly One»-ի մնացած 50 տոկոսը պատկանում է այդ երկրի քաղավիացի գերատեսչության նախկին (2015-2016 թթ.) ղեկավար Միրչա Մալեկայի ընտանիքին: Ներկա պահին 10 տոկոսը գրանցված է հենց նրա անունով, իսկ 40 տոկոսը՝ նախկին կնոջ՝ Ինա Մալեկայի (ժամանակին այդ 40 տոկոսի սեփականատերը Միրչա Մալեկայի աներն էր՝ Տուդոր Կարաբաջակը): Մինչեւ քաղավիացիայի ոլորտը ղեկավարելը՝ 2013-2015 թթ., Մալեկան եղել է «Air Moldova» ավիաընկերության գլխավոր տնօրենը, իսկ դրանից առաջ՝ ֆինանսական տնօրենը: Նա եւ Վ. Չեբոտարը հին ծանոթներ են:

Հետաքրքիր է, որ 2016-ի հունիսին Մալեկան հրաժարական տվեց քաղավիացիայի ղեկավարի պաշտոնից երկրի այն ժամանակվա վարչապետ Պավել Ֆիլիպի հորդորով: Լրագրողական հետաքննությունը ցույց էր տվել, որ «Fly One» մասնավոր ընկերությունում Չեբոտարների ընտանիքի իրական գործընկերը նախկին աներոջ՝ Տուդոր Կարաբաջակի միջոցով հենց Միրչա Մալեկան է: Վարչապետ Ֆիլիպը խոստովանել էր, որ շահերի բախում կա, ինչին հետեւել էր Մալեկայի հրաժարականը: Նույնիսկ տվյալներ կային այն մասին, որ Մալեկան ցանկանում է սահմանափակել ազգային փոխադրող «Air Moldova»-ի թռիչքային ուղղությունները, ինչից օգտվելու էր նորաստեղծ «Fly One»-ը: Ազատվելով «պաշտոնական կապանքներից»՝ 2017-ի մարտին Մալեկան դարձավ «Fly One»-ի գլխավոր տնօրեն, իսկ հետագայում՝ նաեւ 10 տոկոսի սեփականատեր:

Միրչա Մալեկան նաեւ «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է: Մայիսի 26-ին նա «Fly One»-ի օդանավերից մեկով ժամանել էր Երեւան, հարցազրույց տվել լրագրողներին, այցելել ՀՀ քաղավիացիայի կոմիտե: Հաղորդագրություններում մոլդովացիների գործընկեր է նշվել «SIL Group» ընկերությունը, բայց ՀՀ իրավաբանական անձանց պետռեգիստրում նման իրավաբանական անձ չկա, եւ խոսքն, ըստ ամենայնի, Սուքիասյանների «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի մասին է, չնայած, ինչպես նշեցինք, «Ֆլայուան Արմենիայի» 54 տոկոսի դե յուրե փայատերերը ՀՀ 3 քաղաքացիներ են, ոչ թե «ՍԻԼ Կոնցեռնը»:

«Ֆեյսբուք» սոցցանցում Մալեկայի ու ՔԱԿ-ի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ լուսանկարներ էր հրապարակել Էդուարդ Սուքիասյանը: «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ն դիմել է կոմիտեին՝ ՕՇՎ ստանալու համար, սակայն վկայական դեռ չի ստացել: ՀՀ օդանավերի ռեեստրում օգոստոսի 2-ի դրությամբ չկա նաեւ ընկերության անունով գրանցված որեւէ ինքնաթիռ:

Ներկա պահին մոլդովական «Fly One»-ն ունի 5 օդանավ՝ 1 հատ «Airbus A319» եւ 4 հատ «Airbus A320»: Ըստ ընկերության՝ ներկայում իր ավիապարկն ամենամեծն է Մոլդովայում: «A320»-ներից երկուսը մոլդովական գրանցում են ստացել մայիսին եւ հուլիսին: Դրանցից առաջինը (մոլդովական գրանցումը՝ ER-00006) հենց Երեւան ժամանած ինքնաթիռն է (տես գլխավոր լուսանկարում): Չի բացառվում, որ այն գրանցվի Հայաստանում որպես «Fly One Armenia»-ի օդանավ: Հատկանշական է, որ «Fly One»-ն իր բոլոր ինքնաթիռներն անվանակոչել է Մոլդովայի քաղաքների անուններով: ER-00006-ը ստացել է «Լեովա» անունը: Լեովան ոչ մեծ քաղաք է երկրի արեւմուտքում: Լեովայի շրջանից է Միրչա Մալեկայի նախկին աները՝ Տուդոր Կարաբաջակը:

«Fly One»-ը հայկական ավիաընկերությունների հետ համագործակցության մեծ փորձ ունի, ինչի մասին «Հետքը» պարբերաբար գրել է: Նախկինում այս փոխադրողը «թաց լիզինգի» պայմաններով ինքնաթիռներ է վարձակալել «Atlantis European Airways»-ից (օդանավերի հայկական գրանցումները՝ EK-32008, EK-32002, EK-73797) ու «Տարոն-Ավիայից» (EK-73775): Հայկական ինքնաթիռներ է վարձակալել նաեւ ազգային փոխադրող «Air Moldova»-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter