HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Fly One Armenia»-ն թռիչքներն սկսեց դեպի Լիոն չվերթով

Նորաստեղծ «Fly One Armenia» ավիաընկերությունն այսօր կատարել է Երեւանից իր առաջին թռիչքը դեպի ֆրանսիական Լիոն։ Չնայած ընկերությունը նախատեսում էր թռիչքները մեկնարկել ամսի 15-ին դեպի Մոսկվա չվերթով, ըստ փոխադրողի, խնդիրներ են ծագել ռուսական կողմի հետ։

Դեկտեմբերի 10-ին «Fly One Armenia»-ն Քիշնեւից Երեւան տեղափոխեց մոլդովական մայր ընկերության՝ «Fly One»-ի «Airbus A320» ինքնաթիռը (մոլդովական գրանցումը՝ ER-00006), որն այսուհետ թռիչքներ է կատարելու հայկական կողմի համար։ Այդուհանդերձ, ինչպես նշեցինք, դեկտեմբերի 15-ին առաջին չվերթը չկայացավ։ Նույն օրն ավիափոխադրողը հայտարարեց, որ իրենից անկախ հանգամանքների ի հայտ գալու (այդ թվում՝ ռուսական պատկան մարմինների՝ կորոնավիրուսի համաճարակին հակազդելու մտահոգությունների հետ կապված) պատճառներով, ինքը ստիպված է եղել չեղարկել դեկտեմբերի 15-ին ու 16-ին Երեւան-Մոսկվա-Երեւան երթուղով նախատեսված թռիչքները։ «Fly One Armenia»-ն միաժամանակ հայտնեց, որ ապահովել է բոլոր ուղեւորների տեղ հասնելը՝ նկատի ունենալով, որ դիմել է այլ ավիաընկերությունների օգնությանը։ Մասնավորապես՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից, որից օգտվելու է հայկական օպերատորը, Հայաստան ժամանել պատրաստվող ուղեւորներն ամսի 15-ին տեղափոխվել էին «Դոմոդեդովո», իսկ այնտեղից՝ Երեւան։

Հիշեցնենք, որ նորաստեղծ փոխադրողը ծրագրում էր օրական 2 չվերթ իրականացնել Երեւան-Մոսկվա («Վնուկովո»)-Երեւան ուղղությամբ, սակայն ամսի 15-ի ու 16-ի թռիչքների չեղարկումից հետո դեկտեմբերի 17-ին օպերատորը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի՝ դեկտեմբերի 20-ից մինչեւ գալիք տարվա հունվարի 31-ը Երեւանից դեպի Ռուսաստան նախատեսված թռիչքները չեղարկվել են։ Բացի Մոսկվայից՝ «Fly One Armenia»-ն ծրագրում է շահագործել նաեւ Երեւան-Կրասնոդար-Երեւան ուղղությունը։ Չեղարկման պատճառների մասին, ինչպես եւ ամսի 15-ին, ընկերությունն առանձնապես մանրամասներ չհայտնեց։ Բացատրությունը հետեւյալն է․ ընկերությունից անկախ հանգամանքների ի հայտ գալու (այդ թվում՝ ռուսական պատկան մարմինների՝ կորոնավիրուսի համաճարակին հակազդելու մտահոգությունների հետ կապված) պատճառներով։ Չեղարկված թռիչքների ուղեւորներին օպերատորը առաջարկեց տոմսի գնի ամբողջական վերադարձ կամ դրա 120 տոկոսի փոխանցում ուղեւորի անունով բացված ավիաընկերության վիրտուալ դրամապանակ։

Ինչ վերաբերում է դեկտեմբերի 17-19-ին դեպի ՌԴ թռիչքներին, ավիափոխադրողը նշեց, որ ապահովելու է ուղեւորների տեղափոխությունը դեպի նշանակման վայրեր։

Դեկտեմբերի 17-ին Քիշնեւից Երեւան բերվեց երկրորդ «Airbus A320» օդանավը, որը, ինչպես եւ առաջինը, կշահագործվի Հայաստանում, բայց կկրի մոլդովական գրանցում՝ ER-00007։ Թվում է, թե սա անկարեւոր նյուանս է, բայց իրականում շատ կարեւոր է, քանի որ եթե օդանավը մտցվեր հայկական ռեգիստր, այսօր չէր կարողանա դեպի Լիոն թռչել։ Բանն այն է, որ 2020 թվականից հայկական ավիաընկերություններն ու դրանց օդանավերը Եվրամիության «սեւ ցուցակում» են եւ ԵՄ երկինք չեն կարող մտնել առեւտրային փոխադրումների համար։  

Հիշեցնենք, որ «Fly One Armenia»-ն նախատեսում է թռիչքներ կատարել Երեւանից դեպի Մոսկվա («Վնուկովո»), Կրասնոդար, Թեհրան («Իմամ Խոմեյնի»), Լիոն, Թել Ավիվ, Թբիլիսի, Ստամբուլ, որոնց տոմսերի վաճառքն արդեն սկսվել է: Հայտարարվել է դեպի Մոսկվա օրական 2 չվերթի, դեպի Ստամբուլ՝ շաբաթական 3 չվերթի, իսկ մյուս ուղղություններով՝ շաբաթական 2 չվերթի մասին:

Դեպի ԵՄ թռիչքներ կատարել հնարավոր է Եվրամիության «սեւ ցուցակում» չգտնվող երկրների ավիաընկերություններից (այս դեպքում՝ Մոլդովայից) օդանավ եւ անձնակազմ վարձակալելու դեպքում (ավիացիայում սա կոչվում է «թաց վարձակալություն»․ ինքնաթիռը, անձնակազմը, տեխսպասարկումն ու ապահովագրությունը տրամադրում է վարձատուն, սակայն թռիչքներն իրականացվում են վարձակալի (այս դեպքում՝ հայկական ավիաընկերության) անվան ներքո)։

ՀԳ․ Այս պահին ER-00007-ը Լիոնից վերադառնում է Երեւան։

Լուսանկարում՝ ER-00007-ը՝ «Վնուկովո» օդանավակայանում, 06.10.2021, jetphotos.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter