HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Տարեցների համար գնված տների գործով սոցապնախարարության 3 պաշտոնյայի մեղադրանք է առաջադրվել

Տարեցների համար ձեռքբրերված փոքր տների գործով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեք պաշտոնյա մեղադրյալի կարգավիճակ ունի. նրանցից մեկը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի, իսկ երկուսը՝  պաշտոնեական կեղծիքին օժանդակման մեղադրանքով:

Մեղադրյալի կարգավիճակ ունեն նախարարության գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետը, նույն բաժնի պետը, նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդականը: Նրանցից երկուսի խափանման միջոցը եղել է ստորագրություն չհեռանալու մասին, իսկ մեկը կալանավորվել էր, սակայն դատարանի որոշմամբ ազատ է արձակել: Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանի փոխանցմամբ, դատարանի որոշման դեմ դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել: 

Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել էր «Հետքի» 2020թ. հունիսի հրապարակման հիման վրա: Արմավիրի մարզի Մրգաստան, Ակնաշեն և Գեղակերտ համայնքներում, տարեցների խնամքի ծառայությունների մատուցումը բարելավելու անհրաժեշտությունից ելնելով, գնվել էր 3 տուն: 

Թեև տները պետք է լինեին բնակության համար պիտանի, սակայն պարզել էինք, որ բավականին թանկ գնած տներից երկուսը պիտանի չեն բնակության համար և ունեն կապիտալ վերանորոգման կարիք:

Մրգաստան և Ակնաշեն համայնքների փոքր տները նախարարությանը վաճառել է «Լեքսհաբ» ՍՊԸ-ն՝ որպես միջնորդ: Վերջինիս բաժնետերը՝ Պավել Թադևոսյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատրանի դատավոր Սիմիզար Հովսեփյանի որդին է: Գնման հայտ ներկայացրել էր նաև դատավորի եղբոր որդին՝ Եղիշե Դերենիկի Հովսեփյանը, սակայն չէր հաղթել: 

Նշենք, որ դատավորի որդու առաջարկած տներն են եղել ամենաանմխիթար վիճակում՝ հին, փայտե պատուհաններով, տեղ-տեղ՝ առանց ապակիների, պատված պոլիէթիլենային տոպրակներով: Տանիքներն արդեն վնասված էին, ազբեստե հերձաքարերը՝ տեղ-տեղ կոտրված, իրարից հեռացած։

Գեղակերտ համայնքում փոքր տուն ձեռք բերելու ծրագիրն իրականացվել է նախարարության և Ամստերդամում Հայաստանի պատվավոր հյուպատոս Ռոբ Զիկի գլխավորած «Avondglans»  հիմնադրամի միջև կնքված պայմանագրի շնորհիվ։ Համայնքային փոքր տան կառուցման և կահավորման աշխատանքների իրականացման նպատակով հիմնադրամը 100.000 եվրո գումար պետք է տրամադրեր նախարարությանը:

Պայմանագիրը կնքվել է Աննա Երիցյանի հետ, քանի որ նա է առաջարկել ամենացածր գինը՝ 15 մլն 974 հազար դրամ: Համեմատության համար նշենք, որ Ակնաշեն և Մրգաստան համայնքներում տները ձեռք էին բերվել համապատասխանաբար 26 մլն 950 հազար և 26 մլն 730 հազար դրամով:

Գեղակերտ համայնքում գնած տունն էլ առանձնապես բարվոք վիճակում չի եղել, սակայն մյուս երկու տների համեմատ՝ արտաքինից վերանորոգման չնչին կարիք կար:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանի փոխանցմամբ՝ Ակնաշեն, Մրգաստան և Գեղակերտ համայնքներում գնված առանձնատներն այս պահին չեն ծառայում որպես փոքր տուն, սակայն վերանորոգման նախագծանախահաշվային աշխատանքները կատարված են։ 

«Առնվազն մեկը 2022թ. կվերանորոգվի, որի համար առկա ֆինանսական միջոցները տրամադրվում են պետական բյուջեի միջոցների հաշին, ինչպես նաև՝ նիդերլանդական «Ավոնդգլաս» հիմնադրամի կողմից, որի միջոցներով և գնվել էր Գեղակերտի առանձնատունը»,-նշեց Զարուհի Մանուչարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter