
Հանրային վայրեր այցելելու համար պատվաստման սերտիֆիկատ կամ թեստի բացասական պատասխան կպահանջվի
Կառավարության հունվարի 5-ի նիստի ավարտին գործադիրի անդամները քննարկեցին Հայաստանում կորոնավիրուսով և գրիպով պայմանավորված իրավիճակը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ եթե անցյալ տարի գրիպի շրջանառության եզակի դեպքեր էին նկատվում, ապա այս տարի նոյեմբերից դեպքերի աճ է գրանցվել։
«Վերջին 10 օրվա ընթացքում, ուսումնական արձակուրդներով պայմանավորված, վիճակը բավական կայունացել է։ Այս պահին հոսպիտալացված 595 քաղաքացի ունենք, որոնց 95 %-ը մինչև 18 տարեկան երեխաներ են»,- ասաց նախարարը։
Ըստ նրա՝ կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է կայուն մնալ։
«Եթե պատվաստումները պատշաճ ձևով չշարունակենք, ճգնաժամն անխուսափելիորեն վերադառնալու է։ Այս պահին Հայաստանում «Օմիկրոն» շտամ չի արձանագրվել, բայց նաև դա է անխուսափելի, ես դժվար եմ պատկերացնում՝ ինչպես կարող է Հայաստան չմտնել այս շտամը»,- քննարկման ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անահիտ Ավանեսյանն էլ տեղեկացրեց, որ տնային այցեր են լինում, և այն քաղաքացիները, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում գալ պոլիկլինիկա, բուժաշխատողներն այցելում են տուն և իրականացնում պատվաստումներ։
«Ենթադրվում է, որ պոլիկլինիկաները տեսնում են՝ իրենց մոտ հաշվառված քաղաքացիներից ովքեր են պատվաստված, ովքեր՝ ոչ, գուցե նաև մեր նախաձեռնությամբ այցելենք չպատվաստված քաղաքացիներին և նրանց առաջարկենք պատվաստվել»,- հետաքրքրվեց վարչապետը։
Նախարարն էլ հայտնեց, որ այդպես էլ անում են՝ զանգահարում են չպատվաստված քաղաքացիներին և այնպես են անում, որ քաղաքացին, տնից դուրս չգալով, պատվաստվի։
Ավանեսյանը նշեց, որ հունվարի 10-ին հրաման կհրապարակվի, որի համաձայն՝ հանրային վայրեր՝ սննդի օբյեկտներ, մշակութային օջախներ այցելելիս քաղաքացիները պետք է ներկայացնեն բացասական թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ:
Ավանեսյանի խոսքով՝ թեստը պետք է լինի կամ ՊՇՌ՝ արված վերջին 72 ժամվա ընթացքում կամ ռապիդ՝ արված վերջին 24 ժամվա ընթացքում: Հրամանն ուժի մեջ կմտնի հրապարակվելուց հետո 15 օրվա ընթացքում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել