
Ցուցարարները ներխուժել են Ալմաթիի քաղաքապետարան և նախագահի նստավայր
Ղազախստանում ցուցարարները ներխուժել են Ալմաթիի քաղաքապետարան և նախագահի նստավայր։ Այդ մասին հայտնում են միանգամից РИА Новости-ն, Vласть-ը և Meduza-ն։
KazTAG-ի տվյալներով՝ Ալմաթիի քաղաքապետարանում հրդեհ է սկսվել։ Այրվում են շենքի ճակատամասը և կենտրոնական մուտքը։ Պարբերականը գրում է, որ քաղաքապետարանի մոտ կան Ազգային գվարդիայի մոտ 20 ծեծված զինծառայողներ, որոնց մի մասն ինքնուրույն չի կարող տեղաշարժվել։
Загорелось здание прокуратуры в Алматы.
— Новая Газета (@novaya_gazeta) January 5, 2022
Видео: телеграм-канал «Чиновник ??» pic.twitter.com/ZAIXrSgCVg
Քաղաքապետարանի մոտ պայթում են լուսաձայնային նռնակներ, լսվում են կրակոցների ձայներ։ Ալմաթիում նաև այրվում է դատախազության շենքը։
Ավելի վաղ, քաղաքապետարանի շենքը շրջափակվել էր ուժայինների կողմից, որոնք բերել էին նաև ռազմական տեխնիկա։ Ցուցարարները շարժվել էին կենտրոն և կարողացել կոտրել Ազգային գվարդիայի պատնեշը։ Արդյունքում, ուժայինները կիրառել էին արցունքաբեր գազ։
Orda.kz-ի տվյալներով՝ Ալմաթիում նաև գրանցվել են կողոպուտի դեպքեր։ «Անհայտների կողմից տուժել են երկու խանութներ, պահեստներից դուրս են բերվել մթերային ապրանքներ»,- հայտնել է պարբերականը։ Ալմաթիի օդանավակայանը դադարեցրել է ընդունել ժամանող ինքնաթիռներին։
Ցուցարարները ներխուժել են նաև Ալմաթիում գտնվող նախագահի նստավայր և հրկիզել այն։
Հիշեցնենք, որ հունվարի 2-ին Ղազախստանում սկսվել են զանգվածային ցույցեր, որոնք պայմանավորված էին հեղուկ գազի գնի աճի հետ։ Շուտով ցուցարարների պահանջները քաղաքականացվել էին։ Նրանք պահանջում էին գործող իշխանությունների հրաժարականը։ Հունվարի 4-ի լույս 5-ի գիշերը բախումներ էին գրանցվել Ալմաթիում ցուցարարների ու ուժայինների միջև։
Հունվարի 5-ի առավոտյան հրաժարական էր տվել Ղազախստանի կառավարությունը, իսկ երեք մարզերում մտցվել արտակարգ իրավիճակի դրություն։ Ղազախստանի ՆԳՆ տվյալներով՝ ավելի քան 200 մարդ ձերբակալվել է՝ «հանրային կարգի խախտման պատճառով»։ Երկրում գրեթե ամբողջությամբ անջատվել է համացանցը։
Լուսանկարը՝ REUTERS / Pavel Mikheyev
Մեկնաբանել