
Լավրովն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի օրը՝ հունվարի 6-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ։ Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում Լավրովն իր աջակցությունն է հայտնել Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը։ Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են մոտ ժամանակներս նախապատրաստել «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը։
«Նախարարները դրական գնահատական են տվել Անդրկովկասում իրավիճակի կարգավորման և համագործակցության զարգացման «3+3» ձևաչափով առաջին նիստին, որը կայացել է 2021 թվականի դեկտեմբերի 10-ին, Մոսկվայում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտակա ժամկետներում նախապատրաստել նույն կազմով հաջորդ հանդիպումը»,- նշվում է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Կողմերը նաև իրենց աջակցությունն են հայտնել Ղազախստանի ղեկավարության ջանքերին՝ «հանրապետությունում սահմանադրական կարգի վերականգնման ուղղությամբ»։
«Լավրովը տեղեկացրել է Ղազախստանի նախագահի դիմումին ի պատասխան ՀԱՊԿ գծով ձեռնարկված միջոցառումների մասին»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարությունը։
Լուսանկարը՝ Anadolu գործակալության
Մեկնաբանել