HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հիմա ոչ Ակնաղբյուրը կա, ոչ Ավետարանոցը, ոչ էլ՝ Մհերը»

«Ես գիտեի, որ զոհվել է, բայց էրեխեքին ոչ մի բան չէի ասում, հարցնում էին` բա պապան չի՞ զանգել, ասում էի` դե երևի տեղը հարմար չի, կամ ասում էի` զանգել ա»,-պատմում է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մհեր Բաղդասարյանի կինը՝ Նինել Մանասյանը։

Մհեր Բաղդասարյանի ընտանիքն ապրում էր Արցախի Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում, ծնունդով Մհերը հարեւան Ակնաղբյուրից էր։

Մհերը զոհվել է 2020թ. հոկտեմբերի 25-ին Ավետարանոց գյուղի Ծկոռե տեղամասում։  

Աճյունը հայտնաբերվել է նոյեմբերի 21-ին, նոյեմբերի 22-ին տեղափոխվել է Երևան, հուղարկավորվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Նինելը Ավետարանոցի բուժքույրն էր։ Մհերը դպրոցի տնտեսվարն էր։

Մինչև հոկտեմբերի 22-ը ընտանիքը եղել է Ավետարանոցում։ Երեկոյան Նինելը երեխաների հետ գյուղից դուրս է եկել ու գնացել Շուշի՝ քրոջ տուն։

Հաջորդ օրը Մհերի ինքնազգացողությունը վատացել է, զանգահարել է կնոջն ու ասել, որ գա ներարկումներ անի, դեղ տա։ Նինելը հասել է Ավետարանոցի դպրոցի մոտ, որտեղից գյուղի տղամարդիկ թույլ չեն տվել առաջանալ, քանի որ գյուղում մնալն արդեն վտանգավոր էր։ Նրանց տունը գյուղի վերջում էր։ Համագյուղացիները Նինելին ասել են, որ իրենց տուն գնալը վտանգավոր է, քանի որ թշնամին արդեն հասել էր Մոշխմահատ։ Նինելին ու գյուղում մնացած վերջին ընտանիքին նստեցրել են մի մեքենա ու հանել գյուղից։

Նինելի ասելով, այդ օրը՝ հոկտեմբերի 23-ին Մհերենց ջոկատը հայտնվել էր շրջափակման մեջ։ Տեղանքին ծանոթ լինելով՝ կարողացել են դուրս գալ և անտառներով վերադառնալ Ավետարանոց։ Մհեր Բաղդասարյանը պատերազմի սկզբից եղել է Ասկերանի դիրքերում, Հադրութում, ապա, երբ Ավետարանոցում իրավիճակը սրվել է,  վերադարձել է հայրենի գյուղ՝ Ակնաղբյուր։

Նինելը հիշում է, այդ օրերին թշնամին արդեն դիրքավորվել էր Սարգսաշենի, Ակնաղբյուրի, Մոխշմհատի, Մադաթաշենի և Ավետարանոցի անտառներում։ Մհերը կնոջ հետ խոսելիս ոչինչ չէր ասում, Նինելն այդ տեղեկություններն իմանում էր հարևաններից, հարազատների հետ զրույցներից։

Կնոջ խոսքով՝ Մհերի համար հայրենիքը միշտ առաջին տեղում էր։ 1992թ. արցախյան առաջին պատերազմի ժամանակ կամավորագրվել էր Արշավիր Ղարամյանի ջոկատին։ Մասնակցել է Օմարի, Քարվաճառի, Աղդամի, Տիգրանակերտի և Ֆիզուլիի ազատագրմանը։ 2016-ին էլ մասնակցել է ապրիլյան պատերազմին։

Սեպտեմբերի 27-ին Մհերն արթնացել ու կնոջն ասել է, որ վեր կենա սուրճ պատրաստի, խմի ու գնա դպրոց՝ աշխատանքի, Նինելն ասել է, որ օրը կիրակի է։ «Ասեց՝ դե լավ, մի քիչ էլ քնեմ, մեկ էլ սնարյադների ձայներ լսվեցին, ասեցի՝ Մհեր, վեր կաց, պատերազմը սկսվել ա, ասեց՝ երա՞զ ես տեսել, ի՞նչ պատերազմ, ասեցի՝ չէ, վե’ր կաց, չե՞ս լսում կրակոցների ձայները»,-պատմում է Նինելը։  
Մհերն արագ հագնվում ու դուրս է գնում, քիչ անց վերադառնում է ու կնոջը խնդրում զինվորական համազգեստը պատրաստի։ Ավագ որդուն՝ Մխիթարին ասում է, որ ինքն էլ պատրաստվի, որպեսզի միասին գնան։

«Ասում եմ՝ ա’յ տղա, դու գնում ես, էս էրեխուն խի՞ ես հետդ տանում, երկու ամիս առաջ ա զորացրվել, ուրիշներն իրենց էրեխեքին թաքցնում են, դու տանում ես, ասեց՝ բայց խի՞ չպիտի գա»,-հիշում է Նինելը։

Հայր ու որդի պատերազմի առաջին իսկ օրը ռազմաճակատ են մեկնել՝ նախ որպես կամավոր,հետո կցվել են ՄՈԲ-ին, եղել տարբեր ուղղություններում։

Հոր զոհվելու մասին Մխիթարն իմացել է նոյեմբերի 14-ին, երբ Խծաբերդի դիրքերից իջել է։

Նինելն ամեն անգամ որդու հետ խոսելիս տարբեր պատրվակներ է հորինել, թե ինչու հայրը չի կարողանում զանգել նրան։

Նինելն ու Մհերը 4 զավակ ունեն՝ երկու որդի, երկու դուստր։ 

Ասում է՝ Մհերը խիստ էր, նրա ներկայությունից զգաստանում էին, բայց անսահման բարի սիրտ ուներ։ «Հարևանների, ընկերների, հարազատների համար ոչ մի բան չէր խնայում, ով ինչ ուզում էր, տալիս էր, հիմա էլ էստեղից, էնտեղից գալիս, պատմում են, որ քանի-քանի հոգու կյանք ա փրկել»,-ասում է կինը։ 

Ամուսնու զոհվելու մասին դեպքի հաջորդ օրը՝  հոկտեմբերի 26-ին Նինելին հայտնել է Մհերի հորեղբորորդին։

«Որ արդեն 2 օր չէր զանգել, գյուղից ծանոթ մարդկանց, իրա հետ եղածներին զանգում էի, բոլորն ասում էին, որ չեն տեսել Մհերին, ես արդեն գիտեի, բայց ուզում էին ինձնից թաքցնել»,-հիշում է Նինելը։

Երկու օր անց՝ հոկտեմբերի 28-ին քրոջ ընտանիքի ու երեխաների հետ Նինելը տեղափոխվում է Երևան, որտեղ մնում են մինչեւ դեկտեմբեր։Այժմ Նինելը 4  երեխաների ու մոր՝ Տանյա Մանասյանի հետ վարձով բնակվում է Ստեփանակերտում։

Մհեր Բաղդասարյանը Արցախի Վետերանների միության անդամ է, պարգևատրվել է «Արիության» մեդալով։

Թեև 20 տարուց ավելի ապրել են Ավետարանոցում, Նինելն ասում է՝ Մհերը կապված էր իր ծննդավայրին՝ Ակնաղբյուրին, հաճախ էր ոտքով գնում այնտեղ։ «Հիմա ո’չ Ակնաղբյուրը կա, ոչ Ավետարանոցը, ոչ էլ՝ Մհերը»,- կիսաձայն ասում է կինը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter