Իրանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ
Իրանը երկխոսություն է վարում Սաուդյան Արաբիայի հետ, որն ունի դրական և կառուցողական բնույթ։ Այդ մասին քաթարական Al Jazeera հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը։
«Թեհրանը պատրաստ է ցանկացած պահի կարգավորել հարաբերությունները Էր Ռիադի հետ»,- ընդգծել է իրանական դիվանագիտության ղեկավարը։ Նա հայտնել է, որ 2021 թվականի վերջին տեղի ունեցած երկկողմ շփումների արդյունք կդառնա առաջիկայում Իսլամական համագործակցության կազմակերպությունում Իրանի ներկայացուցչի Ջիդդա վերադարձը։
Աբդոլահյանը նաև պատրաստակամություն է հայտնել քննարկել տարածաշրջանային արդիական խնդիրները քառակողմ ձևաչափով, որին կմասնակցեն Իրանը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Թուրքիան։
Al Jazeera-ին տված հարցազրույցում Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ Վիեննայում ընթացող Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի խորհրդակցությունների ութերորդ փուլը բանակցությունները «վերադարձրել է ճիշտ հունի»։
«Լավ հնարավորություն կա հասնելու համաձայնության, եթե արևմտյան գործընկերները անհրաժեշտ կամք ցուցաբերեն»,- ասել է Աբդոլահյանը։ Նրա խոսքով՝ Թեհրանը պահանջում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված պատժամիջոցների չեղարկում։ Բացի այդ, ինչպես հավելել է իրանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, «ապագա ցանկացած համաձայնագիր պետք է Իրանին երաշխավորի նավթի անխոչընդոտ վաճառք և եկամուտների ստացում»։
Իրանցի նախարարը հավելել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև Վիեննայում վերսկսված խորհրդակցությունների շրջանակներում տեղի է ունենում ուղերձների ոչ պաշտոնական փոխանակում։ «Դա արվում է բանակցությունների հեշտացման նպատակով։ Մենք ամերիկյան կողմից լավ խոսքեր ենք լսում, սակայն կարևոր է տեսնել նաև լուրջ գործողություններ»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Վիեննայում հունվարի 4-ին վերսկսվել են Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի լիարժեք գործողության վերականգնման շուրջ բանակցությունները։ Ներկայումս ընթանում է բանակցությունների ութերորդ փուլը, որն սկսվել է դեկտեմբերի 27-ին։ Բանակցությունները ավանդաբար ընթանում են Վիեննայի «Կոբուրգ» հյուրանոցում։
Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերին նախորդ շաբաթ հայտարարել էր, որ ամանորյա տոներից հետո կիրականացվի առավել լուրջ աշխատանք՝ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացման ուղղությամբ։
Իրանն իր միջուկային ծրագրի ակտիվ զարգացումը սկսել է նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նախագահության տարիներին (2005-2013 թվական)։ Զուգահեռաբար ՄԱԳԱՏԷ-ն մշտական ստուգումներ էր սկսել Իրանի միջուկային օբյեկտներում, որը վերջին հաշվով հաստատեց իրանցիների կողմից միջուկային զենքի ստեղծման աշխատանքները։ Այդ ժամանակ, ի պատասխան Իրանի գործողությունների, ԱՄՆ-ն ու Եվրոպական երկրները պատժամիջոցներ սկսեցին սահմանել Իրանի ֆինանսական հատվածի, էներգառեսուրսների և զինամթերքի արտահանման վրա։ Արդյունքում` իրանական տնտեսությունն էականորեն տուժեց։
Իրավիճակը որոշակիորեն կարգավորվեց 2015 թվականին՝ Հասան Ռոհանիի կառավարության ջանքերի շնորհիվ։ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Իրանը կնքեցին Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը։ Թեհրանը սահմանափակեց իր միջուկային ծրագիրը, իսկ նրա վրայից հանվեցին պատժամիջոցները։ Սակայն 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն դուրս եկավ գործարքից և վերականգնեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Թեհրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների աստիճանական կրճատման մասին։
Չնայած ամերիկյան կողմը դեռևս չի վերադարձել համաձայնագրին, այդուհանդերձ դրա կողմերը շարունակում են բանակցությունները։
Կոլաժը՝ asianews.it-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել