
Անհայտ անձինք սպառնացել են պայթյուններ իրականացնել Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանություններում
Անհայտ անձինք հայտարարել են Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանություններում պայթյուններ իրականացնելու մտադրության մասին՝ պահանջելով դուրս բերել զորքերը Ղազախստանի տարածքից։ Այդ մասին TACC գործակալությանը հայտնել է Ռուսաստանի իրավապահ մարմիններում իր աղբյուրը։
«Նախօրեին հայտնի է դարձել, որ Հայաստանի և Բելառուսի դեսպանությունների էլեկտրոնային փոստերին պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացվել։ Անհայտ անձինք պահանջել են դուրս բերել զորքերը Ղազախստանի տարածքից»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ շենքերն ուսումնասիրվել են, որևէ պայթուցիկ սարք կամ պայթուցիկ նյութ չի հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դիմել էր ՀԱՊԿ երկրներին՝ խնդրելով խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան, ինչը պայմանավորված էր այդ երկրում ընթացող ներքաղաքական բախումներով և բողոքի ցույցերով, որի արդյունքում զոհվել է մի քանի տասնյակ մարդ։
Հայաստանը ևս իր անձնակազմն է ուղարկել Ղազախստան, որն այդ երկիր է հասցվել ՌԴ զինված ուժերի Իլ-76 ինքնաթիռով։ Կառավարության համապատասխան որոշումն հունվարի 6-ին ստորագրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ներգրավված 100 զինծառայողներից բաղկացած հայկական անձնակազմը արդեն իսկ անցել է իր առջև դրած խնդրի կատարմանը։
Լուսանկարը՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել