
Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումը Ղազախստանում կմասնակցի խաղաղապահ գործողություններին
Կառավարությունը ՀՀ տարածքից դուրս Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանման կողմից խաղաղապահ գործողությունների մասնակցության մասին այսօր որոշում է ընդունել։ Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է․
«Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով և 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ինչպես նաև հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ի N 1/ՀԱՊԿ որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Թույլատրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների խաղաղապահ զորախմբերում ընդգրկված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանմանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերի կազմում մասնակցելու Ղազախստանի Հանրապետությունում իրականացվող խաղաղապահ գործողություններին:
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ստորաբաժանման՝ Ղազախստանի Հանրապետություն մեկնման գործընթացը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ի N 1/ՀԱՊԿ որոշման համաձայն»։
Հիշեցնենք, որ վերջին օրերին ներքաղաքական լարված իրավիճակ է Ղազախստանում։ Հունվարի 2-ին Ղազախստանում սկսվել են զանգվածային ցույցեր հեղուկ գազի գնաճի պատճառով։ Հետագայում ցուցարարները քաղաքական պահանջ են ներկայացրել՝ գործող իշխանությունների հրաժարականը։
Հունվարի 4-ի լույս 5-ի գիշերը բախումներ են եղել Ալմաթիում՝ ցուցարարների ու ուժայինների միջև։
Հունվարի 5-ի առավոտյան հրաժարական է տվել Ղազախստանի կառավարությունը, իսկ երեք մարզերում մտցվել է արտակարգ դրություն։ Ղազախստանի ՆԳՆ տվյալներով՝ ավելի քան 200 մարդ ձերբակալվել է «հանրային կարգի խախտման պատճառով»։
Ցուցարարները ներխուժել են Ալմաթիի մարզպետարան, այդ քաղաքում նախագահի նստավայր և դատախազության շենքեր ու այրել այն։
«Հետք»-ն առցանց հետևում է այդ երկրում դեպքերի զարգացման ընթացքին և պարբերաբար թարմ տեղեկատվություն տրամադրում ընթերցողներին։
Մեկնաբանել