
Կառավարությունը նախատեսում է աղբավայրերի մոնիթորինգ իրականացնել
Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է աղբավայրերի մոնիթորինգ իրականացնել։ Այս նախաձեռնությունն այսօր հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
«Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը, ըստ շրջակա միջավայրի նախարարության, կնպաստի աղբավայրերի շահագործման ընթացքում մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց վնասակար ազդեցության կանխարգելմանը կամ նվազեցմանը, կապահովի աղբավայրի տարածքում մթնոլորտային օդի, հողի, ջրի աղտոտվածության վերաբերյալ անհրաժեշտ տվյալների հավաքագրումը։
Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, մոնիթորինգի արդյունքում ստացված տվյալները հնարավորություն կտան գնահատելու աղբավայրը շահագործողի կողմից իրականացրած բնապահպանական միջոցառումների արդյունավետությունը և ըստ անհրաժեշտության կայացնել խնդրի կարգավորմանն ուղղված որոշումներ։
Աղբավայրի տարածքում իրականացված մոնիթորինգի խնդիրն է լինելու հետևյալ հանգամանքները պարզելը․
- թաղման նպատակով ընդունված թափոնների համապատասխանությունը տվյալ դասի աղբավայրի համար սահմանված պահանջներին,
- աղբավայրի տարածքում իրականացվող գործողությունների համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերին,
- շրջակա միջավայրի աղտոտումը կանխող համակարգերի օգտագործման արդյունավետությունը,
- նախատեսվող աղբավայրի նախագծային փաստաթղթերում նշված պայմանների և շահագործումը թույլատրող փաստաթղթերով սահմանված պահանջների կատարումը:
Շրջակա միջավայրի նախարարությունն ընդգծում է, որ «Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Որոշման նախագծի մշակումը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի շրջակա միջավայրի կառավարման ուղղություններից։
Հավելենք՝ որոշման նախագիծն օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։
Մեկնաբանել