HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի թեկնածուին մերժելու դեպքում պետք է առաջադրվի նոր թեկնածու

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հեղինակած ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ անելու նախագծին, որը վերաբերում է մշտական հանձնաժողովի փոխնախագահի ընտրության ընթացակարգին: Նախագծի հեղինակման համար հիմք է հանդիսացել Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի ընտրության մեկ տասնյակից ավելի տապալումները:

Դոնթի բանաձևի համաձայն՝ այդ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը պետք է պատկանի «Հայաստան» խմբակցությանը, վերջինս մշտապես առաջադրում է Արթուր Ղազինյանի թեկնածությունը, սակայն քաղաքական մեծամասնությոնը մերժում է: Նախագծով առաջարկվում է ամրագրել, որ եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, առաջադրում է նոր թեկնածու: Վիլեն Գաբրիելյանն իր խոսքում հիշեցրեց, որ իր անդամակցած հանձնաժողովը տևական ժամանակ չի կարողանում ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ, քանի որ իրավասու խմբակցությունն անընդհատ առաջադրում է նույն թեկնածուին, որին հանձնաժողովի անդամների մեծամասնությոնը չի ընտրում:

«ԱԺ կանոնակարգ օրենքը չի կարգավորում այս դրույթը, իրավասու խմբակցությունը, անսահման թվով նույն թեկնածուին առաջադրելով, չի կարող ստիպել պատգամավորին պարտադրված ընտրություն կատարել: Ցանկացած հանձնաժողով կարղ է բախվել այս խնդրին ու չունենալ փոխնախագահ»,- ասաց նա:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն արձագանքեց՝ այս կարգավորմամբ իշխանությունը փորձում է ստիպել ընդդիմությանն ընտրել այլ թեկնածուի:

Նա, խոսելով նախագծով առաջարկվող նոր թեկնածու եզրույթի մասին, ասաց, որ 7-րդ գումարման խորհրդարանը հետաքրքիր փորձ ունի այդ եզրույթի վերաբերյալ:

«Վահե Գրիգորյանը՝ որպես ՍԴ դատավորի թեկնածու, մշտապես նոր թեկնածու էր համարվում՝ չնայած նրան, որ չէր ընտրվում»,- ասաց նա:

Գաբրիելյանն ասաց, որ նախագծով չեն փորձում ընդդիմությանը պատկանող պաշտոնը խլել, պարզապես ուզում են օրենքի բացը լրացնել:

Պատգամավոր Վահագն Հովակիմյանն էլ հիշեցրեց, որ Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր չի ընտրել 6-րդ գումարման խորհրդարանը, ընտրվել է 7-րդ գումարման խորհրդարանի կողմից:

Նախագիծն արժանացավ հանձնաժողովի հավանությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter