HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վահան Բադասյանը հայտարարեց, որ իր նկատմամբ հոգեբանական ճնշում է գործադրվել

Ազատամարտիկ, այժմ՝ Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանը դատարանում ցուցմունք տվեց՝ հայտարարելով, որ քրեական գործի նախաքննության ընթացքում իր նկատմամբ քննիչը հոգեբանական ճնշում է գործադրել:

Բադասյանը, հիշեցնենք, մեղադրվում է Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, այսինքն՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը:

Վերը նշված մեղադրանքը Բադասյանին առաջադրվել է 2021 թվականի հունվարի 28-ին «Եռաբլուր»-ում լրագրողներին տված հարցազրույցից հետո: Հարցազրույցի ընթացքում Բադասյանը քննադատել է Փաշինյանին, կարծիք հայտնել, որ նա պետական կառավարումից ոչինչ չի հասկանում, միայն ստելուց և ուտելուց է հասկանում, դիրքորոշում է հայտնել, որ Փաշինյանը պետք է հեռանա: Լրագրողի հարցին, թե հեռացնելու ի՞նչ ճանապարհներ կան, Բադասյանը պատասխանել է, թե ճանապարհները տարբեր են՝ ընդհուպ ֆիզիկապես հեռացնելը։

«Այսինքն՝ դա ենթադրում է, որ թշնամուն մենք պետք է վերացնենք»,- ասել է Բադասյանն ու լրագրողի ճշտող հարցին՝ նաև զենքի՞ միջոցով, ասել՝ «այո, նաև զենքի միջոցով... այո՛, ես սպառնալիքի կոչեր եմ անում և գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»:  

Բադասյանը խոսել է նաև ռազմական խորհուրդ ստեղծելու մասին: Այս ամենը հեռարձակվել է ուղիղ եթերով, ԱԱԾ օպերատիվ մարմնի աշխատակիցը ևս նկարահանել է: Վահան Բադասյանը նույն օրը բերման է ենթարկվել ԱԱԾ, ձերբակալվել, ապա՝ կալանավորվել: Երկու շաբաթ կալանավայրում մնալուց հետո Բադասյանի խափանման միջոցը փոխվել է, նա ազատ է արձակվել կալանքից:

Այսօր դատարանում Բադասյանը հայտնեց, որ ընդունում է Փաշինյանին սպառնալիք տալու հանգամանքը, նշեց, որ բանակի օրը՝ հունվարի 28-ն առաջին անգամ պարտության զգացումով էր նշվում, ինքը հուզական վիճակում էր:

«Ես հուզված վիճակում էի գտնվում, մի կողմից էլ սադրել են»,- ասաց Բադասյանը՝ նկատի ունենալով լրագրողի հարցն այն մասին, թե արդյոք Փաշինյանին պետք է հեռացնել՝ այդ թվում զենքով, ինչին ի պատասխան ինքն ասել է՝ այո, այդ թվում՝ զենքով:

Բադասյանն օրինակ բերեց, որ երբեմն մարդիկ խոսելիս ասում են՝ «կգամ, գլուխդ կջարդեմ», բայց դա պարզապես խոսք է, հո չե՞ն գնում, ջարդում, ասաց, որ ինքը համաձայն չէ իր արարքի որակման հետ. իր խոսքում իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, սահմանադրական կարգը տապալելուն ուղղված կոչեր չեն եղել:

Դատախազ Հայկ Երեմյանը դիտարկեց, որ նախաքննության ընթացքում, երբ Բադասյանին մեղադրանք է առաջադրված եղել Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, վերջինս համաձայնություն է տվել, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի ոչ արդարացնող հիմքով: Բադասյանը նշեց, որ ինքը դա գրել է այն ժամանակ, երբ կալանքի տակ է եղել: Դատախազի դիտարկմանը, որ ազատության մեջ գտնվելուց հետո է Բադասյանը տվել համաձայնությունը, վերջինս պատասխանեց, որ դա գրել է, երբ խոստացել են կարճել քրեական գործն ու իրեն վերադարձնել իր հեռախոսները, որոնց մեջ իրեն անհրաժեշտ տվյալներ են եղել:

«Իմ նկատմամբ հոգեբանական ճնշում է գործադրվել, չեն հայհոյել, չեն հարվածել, բայց ինձ բարոյական ճնշումների միջոցով են ստիպել գրել»,- ասաց Վահան Բադասյանը: Դատախազն ու դատավորը փորձեցին ճշտել՝ Բադասյանի նկատմամբ ճնշումները փաստաբանի ներկայությա՞մբ են եղել, ինչպե՞ս է ստացվել, որ, օրինակ, վարույթն իրականացնող մարմնին գրավոր պահանջ չի ներկայացվել հեռախոսները վերադարձնելու մասին: Հետո դատախազ Երեմյանը պաշտպան Արայիկ Պապիկյանին առաջարկեց արձագանքել՝ արդյոք Բադասյանի ասածը համապատասխանում է իրականությանը, արդյոք նրա նկատմամբ ճնշումներ եղել են: Պաշտպան Պապիկյանը, որ մինչ այդ լուռ  էր, բարկացավ: Վերջինս նկատեց, որ դատախազը խոսքը տանում է այն ուղղությամբ, որ Բադասյանի նկատմամբ պաշտպանի ներկայությամբ ճնշումներ են եղել: Պապիկյանը նշեց, որ իրենք ջենթլմենական պայմանավորվածություն են ունեցել՝ չխոսելու, բայց քանի որ դատախազը նման հարցեր է առաջ քաշում, ինքն իրեն իրավունք է վերապահելու պաշտպանական ճառում շատ հանգամանքների մասին խոսել, ընդհուպ՝ հրապարակելու վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի մեսինջերի նամակը: Թե ինչ նամակի մասին է խոսքը, այս պահին մեզ հայտնի չէ:

«Այո, ես պնդում եմ, որ  այս բոլոր պրոցեսների ժամանակ ես ներկա եմ եղել»,- ասաց Արայիկ Պապիկյանը:

Գործում առկա է տեղեկանք այն մասին, որ Բադասյանը 2020-ի պատերազմի օրերին նռնակներ ու զենք է վերցրել ՊԲ-ից, որը, սակայն, հետագայում չի վերադարձրել: Արայիկ Պապիկյանը միջնորդեց այդ տեղեկանքը հրապարակել, քանի որ հետագայում ճառի մեջ խոսելու է այդ մասին: Դատախազը նշեց, որ այդ հանգամանքը մեղադրանքի հետ կապ չունի: Պաշտպանը հակադարձեց, որ այդ տվյալը ներկայացվել է Բադասյանին կալանավորելու միջնորդության քննության ժամանակ: Բադասյանը պարզաբանեց, որ ինքը պատերազմի ժամանակ վիրավորվել է ու հարց ուղղեց, որ եթե անգամ ընդունենք, որ ինքը զենք և նռնակներ է վերցրել, ապա ինչպե՞ս պետք է վերադարձներ զենքը: Ըստ Բադասայանի՝ այս տվյալները ներկայացվել են, որպեսզի փորձեն հիմնավորել իր մեղադրանքը:

Դատական նիստին դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին, ու թեև դատախազը պատրաստ էր մեղադրական ճառին՝ դատարանում աշխատանքային ժամն ավարտվում էր, ուստի նիստը հետաձգվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter