HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանի նկատմամբ սպառնալիքներ, դժգոհություն խաղաղապահներից. Ալիևը ծավալուն հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծավալուն հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցներին։ «Հետք»-ը ներկայացնում հարցազրույցին Հայաստանին և արցախյան հիմնախնդրին վերաբերող հատվածները։

Ռուս խաղաղապահների և Լաչինի միջանցքի մասին

Ղարաբաղում ռուս խաղաղապահները իրականացնում են դրական գործառույթ, թեև նրանց գործողություններում կան նյարդայնացնող պահեր։ Նման բնորոշում է տվել Ալիևը ռուսական խաղաղապահ առաքելության վերաբերյալ, որոնք տեղակայվել էին նախորդ տարվա նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ 

«Ես կարծում եմ, որ խաղաղապահների գործունեությունը պետք է դիտարկել ավելի լայն պրիզմայով, և, բնականաբար, կան բավականին նյարդայնացնող պահեր։ Բայց միևնույն ժամանակ անարդարացի կլինի չհիշատակել, որ նրանք ուղեկցում են և՛ մեր զինծառայողներին, և՛ բեռների առաքումն ու տեղափոխումը Քելբաջարի ու Լաչինի շրջաններ, և սկզբունքորեն կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում խաղաղապահների գործունեությունը»,- նշել է Ալիևը։

Ալիևը ասել է, որ խաղաղապահների գործունեությունը նոր տարր է ռուս-ադրբեջանական հարաբերություններում։ Ըստ նրա՝ Բաքուն բազմիցս դիմել է ռուսական կողմին «խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքներ ապօրինի այցերի վերաբերյալ»։

«Մենք մեկ անգամ չէ, որ պաշտոնապես դժգոհություն ենք հայտնել անօրինական այցերի վերաբերյալ։ Մեր պաշտպանության նախարարը մեկ անգամ չէ, որ նամակներ է ուղարկել իր ռուս գործընկերոջը, ինչպես նաև դժգոհություն է հայտնել խաղաղապահ առաքելության ղեկավարին։ Նման քայլեր են ձեռնարկվել նաև Վալերի Պեկրեսի (Ֆրանսիայի նախագահի թեկնածու- խմբ․) անօրինական այցի ժամանակ։ Մեզ ասացին, որ իրենք ուշադիր չեն եղել, տեղյակ չեն եղել, որ Պեկրեսը սովորական մեքենայով է եկել և այլն։ Կասեմ այնպես, ինչպես կա. դժվար է դրան հավատալ: Այս այցելությունը կազմակերպվել էր: Նրան ուղեկցել են սահմանափակ թվով մարդիկ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախկին արտգործնախարարը, եվրահանձնակատար Բարնյեն ու ևս մեկ պատգամավոր։ Նրանք ծածուկ հասել են այնտեղ, իսկ այցելության մասին լուրը հայտնի է դարձել միայն վերադարձից հետո։ Հավանաբար վախենում էին, որ մենք իրենց կկալանավորենք Լաչինի միջանցքում»,- հայտարարել է Ալիևը։

Ալիևի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը, Պեկրեսին թույլ տալով գնալ Ղարաբաղ, «հարված է հասցրել» Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը, Ադրբեջանի նախագահի խոսքով, պատերազմի ողջ ընթացքում «պաշտպանել է Հայաստանին»։ 

Ալիևի պնդմամբ՝ Լաչինի միջանցքը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ և ցանկացած պահի նրանք կարող են կանգնեցնել այնտեղով անցնող ավտոմեքենաները։ «Լաչինի միջանցքը մեր հսկողության տակ է, դուք Շուշիում էիք, տեսաք, մենք կարող ենք այնտեղ կանգնեցնել ցանկացած մեքենա, և ոչ ոք մեզ ոչինչ չի կարող ասել»,- նշել է նա։

Նա նաև նշել է, որ իր տեղեկություններով, Հայաստանի ներկայացուցիչները խաղաղապահներին դիմում են Ղարաբաղ ժամանող օտարերկրացիների այցերի համար։ «Նրանց կա՛մ թույլատրվում է, կա՛մ ոչ։ Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ մենք հստակ գիտենք, թե ինչ է կատարվում Ղարաբաղ մուտքի և ելքի մոտ»,- հավելել է Ալիևը։ Ալիևը նշել է, որ Ղարաբաղ մտնող ավտոմեքենաների 91 %-ը չի ստուգվում ռուս խաղաղապահների կողմից։ Նա նաև հավելել է, որ իրենք լիարժեք տեղեկատվություն ունեն Ղարաբաղ մտնող մարդկանց և մեքենաների թվի մասին։ «Մենք գիտենք մեքենաների ու մարդկանց թիվը, գիտենք, թե քանի մարդ է մտել կամ դուրս եկել, մեր տվյալներով՝ պատերազմի ժամանակ այս տարածքները լքածներից 38 000-ը հետ է վերադարձել, իսկ 11 000-ը ընդմիշտ հեռացել է այդ վայրերից։ Նշված տվյալներով՝ ներկայում ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում բնակվում է 27 000 մարդ»,- ասել է նա։

ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին

Հերթական անգամ Ալիևը հայտարարել է, որ իմաստ չի գտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների շարունակման մեջ, քանի որ ղարաբաղյան հիմնախնդիր այլևս չկա։ Նա սպառնացել է, որ ճնշելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը զբաղվելու արցախյան հիմնախնդրով։

«Ես կարող եմ ասել՝ ինչ չպետք է նրանք անեն։ Նրանք չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն լուծված է: Նրանց փոխարեն մենք լուծեցինք այս խնդիրը: Եվ նրանց բացակայությունը, կարծում եմ, դրանով է պայմանավորված»,- հայտարարել է Ալիևը:

Նրա պնդմամբ՝ Մինսկի խումբը պետք է ընդունի առկա իրողությունները և հաշվի նստի դրանց հետ։ «Մենք եղել ենք այս հակամարտության կողմ, և եթե  կողմերից մեկն ասի, որ հակամարտությունը լուծված է, հետևաբար միջնորդության կարիք չկա։ Մեր դիրքորոշումը փոխանցվել է իրենց, հավանաբար, իրենք պետք է մտածեն դրա մասին, թե ինչ անեն»,- նշել է նա։

Խաղաղության հաստատման և տարածքային ամբողջականության ճանաչման մասին

Լրագրողների այն հարցին, թե որքանով է հնարավոր ղարաբաղյան երրորդ պատերազմը, Ալիևը հայտարարել է, որ իրենք նոր պատերազմ չեն ուզում։ «Մենք երրորդ պատերազմ չենք ուզում, դա մեր ծրագրերի մեջ չէ, մենք ուզում ենք, որ պատերազմի շրջանն ավարտվի, մենք ուզում ենք, որ նորմալ հարաբերություններ հաստատվեն, որպեսզի Հայաստանը վերջապես ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մենք սա ենք ուզում, բայց եթե տեսնենք, որ,մեզ համար վտանգ կա, այդ սպառնալիքը տեղում կվերացվի»,- նշել է նա։ Ըստ պնդմամբ՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ 

Ալիևը նշում է, որ Հայաստանում կան ռևանշիստական ուժեր, որոնք կան ոչ միայն նախկին, այլև ներկա իշխանությունների կազմում։ «Կրկնում եմ, երբեք չի կարելի խաբվել ներկայիս իշխանության բարի խոսքերով, երբեք չպետք է մոռանալ, թե որ հարևանի հետ ենք ապրում, սրա հետ են կապված նաև սահմանին կատարված սադրանքները. ուզում են մեզ նորից փորձարկել»,- հոխորտացել է Ալիևը։ 

Ըստ նրա՝  եթե կողմերի միջև կնքվի խաղաղության պայմանագիր, ապա դա պետք է կետեր պարունակի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերաբերյալ։ «Այժմ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ու ճիշտ ընտրություն: Ես ասացի, որ մեր առաջարկը միշտ չէ, որ սեղանին կլինի: Եթե Հայաստանը չի ցանկանում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա մենք չենք ճանաչի նրանց տարածքային ամբողջականությունը»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։

Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանն ավելի շատ պատճառներ ունի չճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, քան Հայաստանը։ «1920 թվականի նոյեմբերին մեր տարածքը՝ Զանգեզուրը, միացվել է Հայաստանին, ավելի վաղ՝ 1918 թվականի մայիսի 29-ին Երևան քաղաքը փոխանցվել է Հայաստանին։ Ուստի մենք, ինչպես ասում են, բազմաթիվ պատճառներ ունենք չճանաչելու այդ տարածքը։ Բայց չնայած դրան, հանուն ապագա խաղաղության, հանուն երկրների միջև հարաբերությունների հաստատման, մենք պատրաստ ենք դրան, բայց եթե նրանք դա չեն ուզում, հետո կտեսնենք, թե ինչ կլինի»,- սպառնացել է Ալիևը։ 

Նրա պնդմամբ՝ իրենք Հայաստանին առաջարկել են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում և սահմանների սահմանազատման գործընթաց, ինչպես նաև բացել հաղորդակցություններն ու ստորագրել խաղաղության պայմանագիր։ «Խաղաղության համաձայնագրի ստորագրումը 100 %-անոց երաշխիք չէ, բայց ամեն դեպքում դա էական կլինի պատերազմի վտանգը նվազագույնի հասցնելու համար։ Սակայն մենք նաև պետք է իմանանք, որ ցանկացած խաղաղ համաձայնագիր Հայաստանի համար կարող է ընդամենը թղթի կտոր լինել»,- հարցը եզրափակել է Ալիևը։

«3+3» ձևաչափի մասին

Ալիևը անդրադարձել է Հարավային Կովկասում համագործակցության «3+3» ձևաչափին, որի գաղափարը պատկանում է իրեն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Ըստ նրա՝ ձևաչափի երկրորդ հանդիպումը ավելի առարկայական կլինի՝ Հարավային Կովկասում հաղորդակցությունների բացման հարցում։

«Թեև առաջին հանդիպումը ուներ ներածական բնույթ, ես վստահ եմ, որ երկրորդ հանդիպմանը կլինի առավել առարկայական քննարկում, առաջին հերթին՝ հաղորդակցությունների բացման շուրջ»,- նշել է Ադրբեջանի նախագահը։ Նրա խոսքով՝ «3+3» ձևաչափին մասնակցող յուրաքանչյուր երկիր շահում է դրան մասնակցելուց։

«Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Իլհամ Ալիևն առաջին անգամ հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցք»-ով Ադրբեջանը նախատեսում է էլեկտրահաղորդման գծեր անցկացնել դեպի Նախիջևան։ «Այս միջանցքով կանցնի և՛ երկաթգիծը, և՛ ճանապարհը: Մենք նախատեսում ենք նաև ապագայում էլեկտրահաղորդման գծեր անցկացնել դեպի Նախիջևան, քանի որ էլեկտրաէներգիա արտահանելու մեծ ներուժ ունենք»,- ասել է Ալիևը։ Նա չի բացառել նաև դրանով դեպի Նախիջևան գազատար անցկացնելու հնարավորությունը։

Նա թվարկել է այն ենթակառուցվածքները, որոնք կառուցվելու են Արցախի իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում։ «Ջաբրայիլում նախատեսվում է կառուցել 240 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան, Խուդաֆերին և Գիզ Գասալի էլեկտրակայաններում կարող ենք ստանալ 140 ՄՎտ էլեկտրաէներգիա, Քելբաջարում և Լաչինում կա մոտ 10 000 ՄՎտ, մենք կարող ենք քամու և էներգիայի հզորություններ ստանալ, հետևաբար, մենք նախատեսել ենք էլեկտրահաղորդման գծեր, հետո, միգուցե, այնտեղից կարող են գնալ գազատարներ։ Մի գիծը կարող է անցնել Կապանով, մյուսը` Մեղրիով։ Մեկ գիծ կարող է անցնել Ղարաքիլսով։ Նրանք դա անվանում են Սիսիան։ Հետևաբար, Զանգեզուրի միջանցքը պետք է ընդգրկի ողջ Զանգեզուրի շրջանը»,- ընդգծել է Ալիևը։

Նա նաև հավելել է, որ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը հուզումներ է առաջացնում Հայաստանում։ «Նույնիսկ այսօր Հայաստանի քաղաքական տիրույթում կարծիքներ են հնչում Հայաստանի համար այս միջանցքի ոչ շահավետ լինելու մասին»,- եզրափակել է Ադրբեջանի նախագահը։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter