HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատախազությունը բողոքարկել է գերությունից վերադարձած Ռոբերտ Նալբանդյանի կալանավորման ժամկետը չերկարացնելու որոշումը

Դեկտեմբերի 4-ին ադրբեջանական գերությունից վերադարձած Ռոբերտ Նալբանդյանն օրեր առաջ՝ հունվարի 7-ին ազատ է արձակվել, սակայն նրա խափանման միջոցի հարցն առաջիկայում նորից դատարանում քննության առարկա կդառնա: Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ դատախազությունը բողոքարկել է Նալբանդյանի  կալանավորման ժամկետը չերկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը: Վերաքննիչ քրեական դատարանում գործն արդեն մակագրվել է,սակայն թե որ դատավորին, հայտնի չէ։ Դատարանից նման տեղեկություն չեն տրամադրում: 

Ռոբերտ Նալբանդյանը գերեվարվել է 2021 թվականի նոյեմբերի 16-ին, ապա դեկտեմբերի 4-ին վերադարձվել Հայաստան: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ու կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան: Միջնորդությունը բավարարվել է մասնակի, ու Նալբանդյանը կալանավորվել է մեկ ամսով: Պաշտպան Ռուբեն Մելիքյանն այս որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել: Կալանավորման մեկ ամիսը լրանալուց առաջ Քննչական կոմիտեն նորից միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Նալբանդյանի կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ, որը դատարանն, ինչպես արդեն նշեցինք, մերժել է: Այժմ Վերաքննիչ դատարանում հենց այս մերժման որոշման դեմ բողոքն է քննության առարկա դառնալու:

Հատկանշական է, որ Նալբանդյանին ի սկզբանե կալանավորելու որոշման դեմ բողոքը քննվել է այնքան ուշ, որ վերջինիս կալանավորման ժամկետն ավարտվել է ու նա ազատ է արձակվել։ Այժմ, ինչպես արդեն նշեցինք, գտնվում է ազատության մեջ:

Նալբանդյանը ադրբեջանական գերության ընթացքում մարմնական վնասվածքներ է ստացել։ Նա ունի երեք անչափահաս երեխա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter