HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Երեւան-Կապան թռիչքները չկայացան, իսկ ավիափոխադրողի վկայականը կասեցվեց

Քաղավիացիայի կոմիտեն կասեցրել է «ՆովԷյր» ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականը (ՕՇՎ): Սա այն ավիափոխադրողն է, որը հոկտեմբերին հայտ էր ներկայացրել Երեւան-Կապան թռիչքներ կատարելու համար, սակայն նոյեմբերին հրաժարվեց հայտից:

Ինչպես արդեն գրել ենք, «ՆովԷյրն» իր քայլը պատճառաբանել է երկու հանգամանքով․ կորոնավիրուսի համավարակի հետեւանքով հնարավոր չէ իրականացնել անձնակազմի վերապատրաստում, եւ «L-410» ինքնաթիռի տեխնիկական սպասարկման կազմակերպումն աշխատատար ու ժամանակատար է։

Ամենայն հավանականությամբ, ընկերության ՕՇՎ-ի գործողության կասեցումը պայմանավորված է հենց այն հանգամանքով, որ այս պահին նրա հաշվեկշռում գտնվող միակ օդանավը՝ EK-4117 գրանցումով «L-410UVP-E20»-ը (առաջին լուսանկարում), չունի թռիչքային պիտանիության սերտիֆիկատ, այսինքն՝ թռչելու իրավունք: Նախորդ հոդվածում նշել էինք, որ ինքնաթիռը նոյեմբերի 5-ի դրությամբ դեռ ուներ թռիչքային պիտանիության սերտիֆիկատ, բայց ահա դեկտեմբերի 22-ի դրությամբ սերտիֆիկատն այլեւս վավեր չէր։ Վավեր սերտիֆիկատ ստանալու համար օդանավը ՔԱԿ-ի կողմից պետք է անցնի տեխնիկական վիճակի ստուգում, բայց դրանից առաջ «ՆովԷյրն» այն պետք է տեխսպասարկման ուղարկի, ինչն ընկերությունը համարել է աշխատատար ու ժամանակատար գործընթաց:

«Ավիացիայի մասին» օրենքը սահմանում է, որ օդանավ շահագործողի վկայականով նախատեսված գործունեությունը հատուկ պայմանների եւ սահմանափակումների խախտումներով կամ շրջանակներից դուրս իրականացնելու դեպքում ՕՇՎ-ի գործողությունը կարող է կասեցվել կոմիտեի կողմից մինչեւ խախտումների վերացումը: Եթե խախտումների վերացման համար տրված ժամկետում դրանք չեն վերացվել, կոմիտեն ՕՇՎ-ի գործողությունը կարող է դադարեցնել:

Մյուս կողմից՝ ՕՇՎ տալու կարգում էլ նշվում է, որ վկայական ստանալու համար հայտատուն, ի թիվս այլ պայմանների բավարարման, պետք է առնվազն մեկ պիտանի օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) լինի կամ էլ օդանավի ձեռքբերման, վարձակալության կամ ենթավարձակալության վերաբերյալ մտադրությունների հուշագիր կնքած լինի: Այսինքն՝ եթե ավիաընկերությունը չունի ո՛չ շահագործման պիտանի օդանավ, ո՛չ էլ գոնե դրա գնման կամ վարձակալության մասին հուշագիր, նրան ՕՇՎ չի տրվի, ունենալու դեպքում էլ դրա գործողությունը կկասեցվի, մինչեւ որ այդ պահանջը կրկին բավարարվի:

Այս դեպքում «ՆովԷյրի» ունեցած միակ օդանավը ներկա տեխնիկական վիճակով պիտանի չէ շահագործման/թռիչքների համար, հետեւաբար ընկերության ՕՇՎ-ի գործողությունը կասեցվել է: Ինչպես տեղեկանում ենք ՔԱԿ-ի կայքից, կասեցումն արվել է դեկտեմբերի 29-ին 6 ամիս ժամկետով՝ մինչեւ հունիսի 29-ը: Եթե այդ ընթացքում EK-4117-ը չբերվի թռիչքային վիճակի, այսինքն՝ չստանա թռիչքային պիտանիության սերտիֆիկատ, «ՆովԷյրի» ՕՇՎ-ի գործողությունը կոմիտեն կարող է վաղաժամ դադարեցնել: Ընդ որում՝ ավիաընկերության ներկա ՕՇՎ-ի ժամկետը լրանում է այս տարվա հոկտեմբերին:

Նկատենք, որ ՔԱԿ-ի կայքի տվյալներով՝ 2021 թ. փետրվարի 1-ի դրությամբ EK-4117-ն էլի չուներ թռիչքային պիտանիության սերտիֆիկատ: Կոմիտեի կողմից պարբերաբար թարմացվող օդանավերի ռեգիստրում այս օդանավի նոր վավեր սերտիֆիկատը տեսնում ենք միայն ապրիլի 1-ի թարմացման մեջ, ինչից հասկանալի է, որ շուրջ 2 ամիս «L-410»-ը թռչելու իրավունք չուներ: Բայց հատկանշականն այն է, որ այդ ընթացքում ՔԱԿ-ը չէր կասեցրել «ՆովԷյրի» ՕՇՎ-ի ժամկետը, չնայած որ փաստացի ստեղծվել էր այնպիսի իրավիճակ, ինչպիսին կա այսօր:

Նմանապես ՔԱԿ-ը չէր կասեցրել «Smart Airlines»-ի (նախկինում՝ «Atlantis Armenian Airlines») ՕՇՎ-ն, չնայած այս ընկերությունն օդանավերի հայկական ռեգիստրում 2021 թ. հունվարի 1-ից հետո չուներ որեւէ օդանավ: Եվ միայն ապրիլի 30-ին կոմիտեն 3 ամսով կասեցրեց «Smart Airlines»-ի վկայականի գործողությունը, սակայն այդ ընթացքում ավիաընկերությունը ո՛չ նոր օդանավ գրանցեց մեր երկրում, ո՛չ էլ դրա ձեռքբերման մասին փաստաթուղթ ներկայացրեց, ինչի հետեւանքով 2021 թ. օգոստոսի 2-ին ՔԱԿ-ը վաղաժամ դադարեցրեց ավիափոխադրողի ՕՇՎ-ի գործողությունը, որի ժամկետը լրանալու էր այս տարվա օգոստոսին:

Հիշեցնենք, որ «ՆովԷյր» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020 թ. հոկտեմբերին եւ նույն ամսում էլ ստացել է ՕՇՎ: Ընկերության իրական սեփականատերը քաղավիացիայի գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ, ՀՀ-ում Ավստրիայի պատվո հյուպատոս Արամ Նովելի Մարությանն է, բայց փաստաթղթերով միակ սեփականատեր է գրանցված Արսեն Ռոլանդի Ասլանյանը, ով, ինչպես Մարությանը, սեւանցի է եւ վերջինիս փոխկապակցված անձանցից է. նրա անունը կարելի է գտնել Մարությանի տարբեր ընկերություններում: «ՆովԷյրի» տնօրենը Ռոլլանդ Մարգարյանն է, ով եւս Մարությանի հին գործընկերներից է: «ՆովԷյրը» գրանցված է Երեւանի Սայաթ-Նովայի 29 հասցեում, որտեղ գործում են Մարությանի մյուս ընկերություններն ու հյուպատոսական գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter