HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ինչո՞ւ Երեւան-Կապան թռիչքները չեն մեկնարկի․ ավիաօպերատորը 2 պատճառ է նշել

Անցյալ տարվա նոյեմբերի 11-ին կառավարության որոշումներից մեկից հայտնի դարձավ, որ այս հունվարին պետք է մեկնարկեն Երեւան-Կապան-Երեւան թռիչքները, ինչը որոշակի ոգեւորություն առաջացրեց, բայց շատ շուտով հենց ինքը՝ ավիափոխադրողը, այդ ոգեւորության վրա սառը ջուր լցրեց՝ չեղարկելով թռիչքների հայտը։ «Հետքը» քաղավիացիայի կոմիտեից տեղեկացել է փոփոխության պատճառների մասին։ 

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) որոշման նախագիծ էր կազմել, որով առաջարկվում էր Կապանի օդանավակայանը շահագործող ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ին հատկացնել 49,5 մլն դրամ՝ ընկերության ծախսերը փակելու համար։ ՏԿԵՆ-ը նշել էր, որ օդանավակայանի ֆինանսավորումը ժամանակավորապես դադարեցված է, ինչը կարող է վտանգել դրա հետագա շահագործումը։ Կոնցեսիոներ ընկերությունը 2021 թ․ հասցրել էր կուտակել 49,5 մլն դրամի պարտավորություն, այդ թվում՝ ռադիոհաճախականության վճարի, ընդհանուր շահագործման ծախսերի ու աշխատավարձերի մասով։ Կառավարությունը գումարը տրամադրելու էր դրամաշնորհի տեսքով։

Մասնավոր ընկերությանը գումար հատկացնելը չպետք է զարմանալի թվա, քանի որ պետությունն այստեղ մասնակցություն ունի։ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017-ի մայիսին Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամի (ՍՄԶՆՀ) կողմից։ Այս հիմնադրամն էլ ստեղծվել է պետության կողմից, սակայն կառավարման լիազոր մարմինը Սյունիքի մարզպետարանն է։ 2017-ի սեպտեմբերին ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ն կոնցեսիոն պայմանագրով 25 տարով ստանձնել է Կապանի «Սյունիք» օդանավակայանի տիրապետման, օգտագործման, կառավարման, շահագործման, սպասարկման, վերանորոգման եւ անհրաժեշտ բարելավման իրականացման իրավունքը: Ընկերության հիմնադրումից մեկ տարի անց՝ 2018-ի մայիսին, դրա համասեփականատեր է դարձել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը, որն իր հերթին ստեղծվել է ԶՊՄԿ-ի կողմից: Ներկայում կոնցեսիոներ ընկերությունում 50-50 մասնաբաժին ունեն պետական եւ մասնավոր 2 հիմնադրամները: 

Կապանի օդանավակայանի վերագործարկումը 2017-2020 թթ․ իրականացրին հենց ՍՄԶՆ հիմնադրամն ու ԶՊՄԿ-ն։ Ֆինանսական կողմը հոգում էր կոմբինատը։ Չնայած օդանավակայանի ուղեւորային նոր համալիրի կառուցման եւ թռիչքուղու վերանորոգման (հիմնանորոգման) աշխատանքների արժեքը սկզբնապես հաշվարկվել էր 2,3 մլրդ դրամ, հետո նախագիծը վերանայվել ու ընդլայնվել է՝ կազմելով 2,8 մլրդ դրամ (5,8 մլն դոլար)։ Սրան գումարենք չեխական արտադրող «Aircraft Industries»-ից 5,5 մլն եվրոյով ձեռք բերված «L-410UVP-E20» ինքնաթիռը, որը թողարկվել է 2015-ին եւ Հայաստան բերվել 2018-ին։ 2017-ին Սյունիքի այն ժամանակվա մարզպետ Վահե Հակոբյանը հայտարարել էր, որ օդանավի գնից 1,5 մլն եվրոն ԶՊՄԿ-ն վճարել է, մնացած 4 մլն-ն էլ մարվելու է դրա շահագործումից հետո: Հայաստանում նախապես այս օդանավի սեփականատեր էր գրանցվել ԶՊՄԿ-ին փոխկապակցված ընկերություններից մեկը, սակայն հետո սեփականատեր դարձավ կոմբինատի բարեգործական հիմնադրամը։

19 հոգու համար նախատեսված ինքնաթիռը, որը Հայաստանում ստացավ EK-4117 գրանցումն ու ծագումով սյունեցի գրող Համո Սահյանի անունը, պետք է շահագործեր քաղավիացիայի գլխավոր վարչության (ներկայում՝ քաղավիացիայի կոմիտե) պետի տեղակալ, ՀՀ-ում Ավստրիայի պատվո հյուպատոս Արամ Մարությանին պատկանող «Atlantis Armenian Airlines» ընկերությունը։ Վերջինս 2019-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին «L-410»-ով սեզոնային (ոչ կանոնավոր, չարտերային) թռիչքներ իրականացրեց Երեւան-Բաթում-Երեւան ուղղությամբ, իսկ 2020 թ. գարնանը՝ կորոնավիրուսի համավարակի տարածումից հետո, երբ քաղաքացիները վերադառնում էին իրենց երկրներ, եւ աստիճանաբար փակվում էին նաեւ օդային դարպասները, ցանկացողներին առաջարկեց Երեւանից պատվերով/չարտերային թռիչքներ դեպի Կրասնոդար, Սոչի, Միներալնիե Վոդի, Ստավրոպոլ, Դոնի Ռոստով, Թբիլիսի, Բաթում, Քութայիս եւ հակառակ ուղղություններով: «Atlantis Armenian Airlines»-ի ներկայացուցիչը մեզ 2020-ի ապրիլին հայտնել էր, որ Երեւան-Կապան-Երեւան թռիչքների համար նախատեսում են օգտագործել 17 տեղ, որոնցից յուրաքանչյուրին կտրամադրվի 20 կգ ուղեբեռ տեղափոխելու հնարավորություն, սակայն չի բացառվում, որ հետագայում նստատեղերի թիվը հասցվի 19-ի՝ նվազեցնելով տեղափոխվող ուղեբեռի ծավալը:

Այդուհանդերձ, 2020-ի հոկտեմբերին «L-410»-ի նոր շահագործող դարձավ Արամ Մարությանի նորաստեղծ «ՆովԷյր» ընկերությունը, իսկ «Atlantis Armenian Airlines»-ը նա օտարեց։ «Atlantis Armenian Airlines»-ի նախկին ծրագրերի իրականացումը, որոնցից մեկն էլ դեպի Կապան ավիահաղորդակցության ապահովումն էր, այդպիսով ստանձնեց «ՆովԷյրը»։

2020 թ․ նոյեմբերին քաղավիացիայի կոմիտեն վերակառուցված «Սյունիք» օդանավակայանի աերոդրոմին սերտիֆիկատ հանձնեց, ինչը նշանակում էր, որ այն պատրաստ է շահագործման։ Այն ժամանակ կոմիտեն, ի պատասխան մեր հարցի, թե պատերազմից հետո ստեղծված նոր իրավիճակում ինչ քայլեր են ձեռնարկվում՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար, նշել էր. «Սյունիքի մարզի օդային տարածքում թռիչքային անվտանգությունն ապահովված է այնպես, ինչպես ՀՀ օդային մյուս տարածքներում»: Երբ անվտանգային ռիսկերի մասին հարցրել էինք կոնցեսիոներ ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Վարդանյանին, նա ասել էր, որ դրա վերաբերյալ իրավասու չէ անել որեւէ մեկնաբանություն։ Վարդանյանը նաեւ չէր հստակեցրել, թե երբ կգործարկվի օդանավակայանը՝ միայն նշելով, որ այն պատրաստ է շահագործման։

Թռիչքուղու հարեւանությամբ ռուս սահմանապահների հենակետն է

Ահա այսքանից հետո լուրը, որ «ՆովԷյրը» թռիչքների մեկնարկ է տալիս, որոշակի աշխուժություն առաջացրեց թեմայի շուրջ։ Կառավարության նոյեմբերյան որոշման նախագծի հիմնավորման մեջ ՏԿԵՆ-ը հայտնել էր, թե իրեն ենթակա ՔԱԿ-ը «ՆովԷյր» ավիաընկերությունից ստացել է Երեւան-Կապան-Երեւան կանոնավոր թռիչքներ իրականացնելու հայտ, եւ դրանց մեկնարկը նախատեսվում է 2022-ի հունվարի 20-ից՝ շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ։ Բայց ահա կոմիտեից «Հետքը» տեղեկացել է, որ հայտատուն դիմել էր ոչ թե կանոնավոր, այլ ոչ կանոնավոր (չարտերային) թռիչքների համար, որոնք, ի տարբերություն կանոնավորի, ունեն իրականացման կոնկրետ ժամկետ, այս դեպքում՝ հունվարի 20-ից մինչեւ սեպտեմբերի 20-ը։

«ՆովԷյրը» կոմիտեին հայտ էր ներկայացրել 2021-ի հոկտեմբերի 20-ին եւ պետք է դրական կամ բացասական պատասխան ստանար, սակայն հաշված օրեր անց՝ նոյեմբերի 16-ին, խնդրել է հայտը չեղարկել։ «Հետքը» ՔԱԿ-ից տեղեկացել է, որ ավիաընկերությունն իր քայլը պատճառաբանել է երկու հանգամանքով․ կորոնավիրուսի համավարակի հետեւանքով հնարավոր չէ իրականացնել անձնակազմի վերապատրաստում, եւ «L-410» ինքնաթիռի տեխնիկական սպասարկման կազմակերպումն աշխատատար ու ժամանակատար է։

Այս առումով նկատենք, որ EK-4117 գրանցումով օդանավն անցյալ տարվա նոյեմբերի 5-ի դրությամբ դեռ ուներ թռիչքային պիտանիության սերտիֆիկատ, այսինքն՝ իրավունք ուներ թռչել, բայց ահա դեկտեմբերի 22-ի դրությամբ սերտիֆիկատն այլեւս վավեր չէր։ Վավեր սերտիֆիկատ ստանալու համար օդանավը ՔԱԿ-ի կողմից պետք է անցնի տեխնիկական վիճակի ստուգում, բայց դրանից առաջ «ՆովԷյրն» այն պետք է տեխսպասարկման ուղարկի (թռիչքներին հետեւող planefinder.net կայքը վերջին անգամ EK-4117-ի շարժը գրանցել է անցյալ տարվա հոկտեմբերի 28-ին)։  

Թե՛ անձնակազմի վերապատրաստումը, թե՛ օդանավի տեխսպասարկումը պարբերական բնույթ կրող գործընթացներ են։ Մասնավորապես 2019-ի մայիսին ««Սյունիք» օդանավակայան» ընկերությունը մեզ փոխանցել էր հետեւյալը․ «Օդանավի անվտանգ շահագործման ապահովման նպատակով ԶՊՄԿ-ի հաշվին անձնակազմի անդամներն ու տեխնիկական սպասարկումն ապահովող աշխատակիցներն անցել են համապատասխան ուսուցում Չեխիայում՝ օդանավն արտադրող գործարանում («Aircraft Industries»- հեղ.), եւ Հայաստանում: Ինքնաթիռի վարժական թռիչքները կազմակերպելու եւ օդաչուների վերապատրաստումն իրականացնելու նպատակով մասնագետներ են հրավիրվել Հայաստան, կազմակերպվել են անհրաժեշտ դասընթացները եւ վարժանքները: Սահմանված կարգով իրականացվել են նախաթռիչքային բոլոր աշխատանքները, ապահովված է օդանավի ընթացիկ պատշաճ սպասարկումը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում»:

Արժե շեշտել, որ եթե նախկինում ԶՊՄԿ-ն էր հոգում օդանավի թռիչքային ու տեխնիկական անձնակազմի գործուղման, վերապատրաստման ծախսերը, ինչպես նաեւ ֆինանսավորում Կապանի օդանավակայանի վերագործարկման ամբողջ ծրագիրը, ապա հիմա, ինչպես տեսանք վերեւում, կոնցեսիոներ ընկերության կուտակած պարտքերը մարում է կառավարությունը։

Մյուս կողմից՝ երբ «ՆովԷյրը» հոկտեմբերին հայտ էր ներկայացնում ՔԱԿ, չգիտե՞ր համավարակի առաջացրած խոչընդոտների մասին, որոնց տեւական ժամանակ բախվում է ամբողջ աշխարհը։ Ի վերջո, չնայած համավարակին եւ դրա առաջացրած բարդություններին՝ ներկայում օդային սահմանները փակ չեն, եւ երկրների միջեւ կա ուղեւորահոսք, այսինքն՝ գոնե առաջին հայացքից թվում է, որ «ՆովԷյրի» ներկայացրած անձնակազմի վերապատրաստման (որը պիտի կազմակերպվեր արտերկրում) խնդիրը լուծելի/լուծված պիտի լիներ, նույնը վերաբերում է օդանավի տեխսպասարկմանը, առավել եւս, որ ընկերությունն ինքն էր թռիչքների հայտ տվել ՔԱԿ-ին։

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, ով 2016-2018 թթ․ Սյունիքի մարզպետն էր, իսկ դրանից առաջ աշխատել է ԶՊՄԿ-ում ու Կապանի օդանավակայանի վերագործարկման մասնակիցներից է, «ՆովԷյրի» հայտի չեղարկումից հետո հայտարարեց, որ թռիչքների մեկնարկի մասին լուրը քարոզչական հնարք էր գործող իշխանությունների կողմից նոյեմբերի 14-ի Կապանի ավագանու ընտրություններից առաջ։ Ըստ Հակոբյանի՝ ներկա պայմաններում, երբ թշնամին գտնվում է «Սյունիք» օդանավակայանից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, որեւէ մեկը որեւէ անվտանգային երաշխիք չի կարող տալ։

Լուսանկարի առաջին պլանում երեւում է ռուս սահմանապահների հենակետը, հեռվում՝ ադրբեջանական դիրքը

Քաղավիացիայի կոմիտեից «Հետքը» տեղեկացել է, որ Երեւան-Կապան-Երեւան երթուղով թռիչքներ իրականացնելու այլ հայտ չի ներկայացվել, իսկ առաջիկայում կլինեն, թե ոչ, ՔԱԿ-ը չի կարող կանխատեսնումներ անել։ Իսկ հարցին, թե ինչպես է ավիացիոն գերատեսչությունը գնահատում Կապանի օդանավակայանում հավանական թռիչքների անվտանգությունը, արդյոք դրանք ապահով են տեխնիկական եւ այլ տեսանկյուններից, կոմիտեից պատասխանել են․ «Դեպի Կապանի օդանավակայան եւ այդ օդանավակայանից թռիչքների իրականացման նպատակով կոմիտե որեւէ հայտ չի ներկայացվել։ Կապան քաղաքի «Սյունիք» օդանավակայանին կոմիտեի կողմից տրամադրված աերոդրոմի սերտիֆիկատը միջազգային չափանիշների համաձայն հավաստում է աերոդրոմի պատրաստականության մասին»։

Օդանավակայանի լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի. 15.06.2021

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter