
Ավստրիայի պատվո հյուպատոսի ավիաընկերությունները փոխվում են, ծրագրերը՝ մնում նույնը
2020 թ. հոկտեմբերին ստեղծված «ՆովԷյր» ավիաընկերությունը, ինչպես տեղեկանում ենք վերջինիս կայքից, ծրագրում է Հայաստանում զարգացնել ոչ միայն ներքին թռիչքները, այլեւ դուրս գալ միջազգային շուկա:
Ինչպես արդեն գրել ենք, «ՆովԷյր» ՍՊԸ-ն, որը փաստացի պատկանում է ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ, Հայաստանում Ավստրիայի պատվո հյուպատոս Արամ Նովելի Մարությանին ու, ըստ էության, կրում է վերջինիս հոր անունը, հիմնադրումից օրեր անց՝ անցյալ տարվա հոկտեմբերին, ՀՀ քաղավիացիայի կոմիտեի կողմից ստացել է օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ):
Նախկինում Մարությանների ընտանիքին էին պատկանում «Atlantis European Airways» եւ «Atlantis Armenian Airlines» ավիաընկերությունները, որոնք, սակայն, 2018-ին եւ 2020-ին օտարվել են այլ անձանց: Սրանցից առաջինն անցյալ տարի սնանկ է ճանաչվել ու դուրս եկել հայկական շուկայից, իսկ երկրորդը գործող ընկերություն է, բայց, ՔԱԿ-ի տվյալներով, չունի օդանավ: Մինչեւ «ՆովԷյրի» հիմնադրումը, երբ «Atlantis Armenian Airlines»-ը դեռ պատկանում էր Մարությաններին, այդ ընկերությունն էր գրանցված որպես «L-410» ինքնաթիռի (հայկական գրանցումը՝ EK-4117) շահագործող, որը նախատեսված է Երեւան-Կապան օդային երթուղին շահագործելու համար: Սակայն «Atlantis Armenian Airlines»-ի օտարումից եւ «ՆովԷյրի» ստեղծումից հետո օդանավն անցել է նորաստեղծ ընկերության հաշվեկշռին:
Չեխական արտադրության այս «L-410UVP-E20» ինքնաթիռը, որն արտադրվել է 2015-ին ու Հայաստան տեղափոխվել 2018-ի ամռանը, ձեռք է բերվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից: ԶՊՄԿ-ն է նաեւ Կապանի օդանավակայանի վերագործարկման ծրագիրը ֆինանսավորողը: 2019-ին գրել էինք, որ օդանավի սեփականատերը ԶՊՄԿ-ի հետ առնչություն ունեցող երեւանյան «Գլոբալ Սերվիսիս Գրուպ» ՍՊԸ-ն է, որն, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է հանքարդյունաբերության ոլորտում օժանդակ ծառայություններ մատուցելով: Այդուհանդերձ, «ՆովԷյրի» կայքից տեղեկանում ենք, որ ներկայում ինքնաթիռի սեփականատեր է գրանցված «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը, որը նաեւ Կապանի օդանավակայանի կոնցեսիոներ ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ի 50 տոկոսի սեփականատերն է:
Կարելի է ասել, որ Արամ Մարությանի գործընկերները՝ «Atlantis Armenian Airlines»-ի նախկին թիմը, այժմ «ՆովԷյր» ՍՊԸ-ում են: Դրա մասին է խոսում նաեւ այս երկու ընկերությունների ծրագրերի նմանությունը:
2018-ին գրել էինք, որ Ա. Մարությանը «Atlantis European Airways» ավիաընկերությունն օտարել է ու շուկա է մտնում մեկ այլ ընկերությամբ՝ «Atlantis Armenian Airlines»-ով, որը պետք է շարունակեր նախորդի գիծը՝ «codeshare» հիմունքներով Վիեննա-Երեւան-Վիեննա թռիչքների կազմակերպումը «Austrian Airlines»-ի հետ: Բացի դրանից՝ 2018-ին «Atlantis Armenian Airlines»-ը հայտարարել էր, որ «L-410»-ով Երեւանից թռիչքներ է կատարելու ոչ միայն դեպի Կապան, այլեւ Թբիլիսի, Քութայիս ու տարածաշրջանի այլ կետեր: Մյուս կողմից՝ ավիաընկերությունը նպատակ ուներ 2019-ի ամառային աերոնավիգացիոն սեզոնին «Airbus A320» տիպի օդանավով Երեւանից կանոնավոր թռիչքներ իրականացնել դեպի Վիեննա, Պրահա, Աթենք, Կիեւ, Մոսկվա, ինչպես նաեւ չարտերային թռիչքներ դեպի հունական կղզիներ:
Սեփական թռիչքների կազմակերպումն «Atlantis Armenian Airlines»-ի կողմից իրականություն չդարձավ (բացառությամբ հատուկենտ դեպքերի), բայց հիմա, ինչպես տեղեկանում ենք «ՆովԷյրի» կայքից, գրեթե նույն ծրագրերն ունի այս ընկերությունը: Ըստ այդմ՝ Մարությանի այս նոր ավիաօպերատորը նախատեսում է ոչ միայն ներհայաստանյան փոխադրումներ կատարել Երեւան-Կապան երթուղով, այլեւ 2021 թ. ամառային աերոնավիգացիոն սեզոնին «Airbus A320» ինքնաթիռներով թռիչքներ մեկնարկել Երեւանից դեպի ԵՄ եւ ԱՊՀ քաղաքներ, ինչի համար նախ պետք է նման օդանավեր ձեռք բերել: Մյուս կողմից՝ ԵՄ մեկնելը մի փոքր դժվար կլինի, քանի որ հայկական ավիաընկերություններն անցյալ տարվանից ներառված են եվրոպական «սեւ ցուցակում», ու մեր օդանավերի մուտքը ԵՄ երկինք արգելված է: Ելքը կոնկրետ ավիափոխադրողների կողմից միջազգային աուդիտ անցնելն է՝ հաստատելու համար համապատասխանությունը միջազգային չափանիշներին:
Բացի վերոնշյալից՝ «ՆովԷյրը» ցանկացողներին առաջարկելու է նաեւ չարտերային (ոչ կանոնավոր, պատվերով) թռիչքներ:
Ավիաընկերությունն ունի միջազգային կոդեր՝ NG (IATA) եւ NAI (ICAO):
Թե ինչ ապագա կունենան ընկերության ծրագրերը, ցույց կտա ժամանակը: Փաստն այն է, որ ո՛չ «Atlantis European Airways»-ը, ո՛չ «Atlantis Armenian Airlines»-ը սեփական ուղեւորափոխադրումներով աչքի չեն ընկել: Առաջինը իր «A320» տիպի օդանավերը գրեթե միշտ վարձակալությամբ տվել է արտերկրյա փոխադրողների, իսկ երկրորդը, հաշվեկշռում ունենալով «L-410» ինքնաթիռը, հազվադեպ է թռիչք իրականացրել: Երեւան-Կապան օդային երթուղին էլ դեռ սպասում է իր առաջին ուղեւորներին:
Առաջին լուսանկարում՝ Արամ Մարությանը
Մեկնաբանել