
Թուրքիայի ԱԳՆ-ն ևս դրական է գնահատել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ հանդիպումն անցել է «դրական և կառուցողական մթնոլորտում»։
«Առաջին հանդիպման ժամանակ, որն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում, հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական տեսակետներն են փոխանակել Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցություններն՝ առանց նախապայմանների, որոնք ուղղված են լիակատար կարգավորմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Թուրքական կողմը նաև նշում է, որ երկրորդ հանդիպման ժամկետներն ու վայրը կորոշվեն դիվանագիտական խողովակներով` պատշաճ ժամկետներում։
Ավելի վաղ, համանման հաղորդագրություն էր տարածել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»,- նշում էր հայկական կողմը։
Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում ընթանում էր Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Անկարան ներկայացնում էր ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, իսկ Երևանը՝ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար կողմերը նշանակելու են հատուկ ներկայացուցիչներ։ Բացի այդ, կվերականգնվեր նաև Երևանի և Ստամբուլի միջև ավիահաղորդակցությունը։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ հայկական կողմից թռիչքներ կիրականացնի Flyone Armenia-ն, իսկ թուրքական կողմից՝ Pegasus Airlines-ը։
Չնայած ընդհանուր սահմանին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ։ 1993 թվականից Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտաքին գործերի նախարարներն ստորագրել էին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, սակայն այդ փաստաթղթերը չէին վավերացվել երկու կողմերի խորհրդարանների կողմից։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարել էր հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցման մասին։
Լուսանկարը՝ File Photo
Մեկնաբանել