HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ինչպիսին կլինի 2022 թվականը. Մարկ Ցուկերբերգի կանխատեսումները

Meta-ի ղեկավար, միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը 2022 թվականը ներկայացնում է որպես մետաիրականության նոր դարաշրջանի և արհեստական բանականության հետ մարդու համագործակցության մեկնարկ։ РБК-ն մի տեղ է հավաքել գործարարի՝ 2022 թվականի համար արված կանխատեսումները։

Առաքին քայլերը դեպի մետատիեզերք

2021 թվականի ամռանը Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը պատմել է, որ աշխատում է մետատիեզերքի վրա, որը հնարավորություն կտա տարածության միջոցով ֆիզիկապես զգալ մյուս մարդկանց ներկայությունը։ Այն նախատեսված է վիրտուալ իրականության սարքավորումների, մոբայլ հեռախոսների և խաղային սարքերի համար։ Գործարարի խոսքով՝ մետատիեզերքի ստեղծման համար կպահանջվի հինգ տարի, սակայն առաջին կարևոր քայլերը կարվեն 2022 թվականին։ 

Արդեն իսկ 2021 թվականի հոկտեմբերին Facebook-ը վերանվանվեց Meta-ի, իսկ Ցուկերբերգը պաշտոնապես ներկայացրեց իր նոր արտադրանքը՝ Metaverse-ը (մետատիեզերք)։ Այնտեղ հնարավոր կլինի ստեղծել ավատարներ, կահավորել տներ, «թվայնացնել» իրական կյանքի իրերը։ 2022 թվականին ընկերությունը կթողարկի նոր Project Cambria VR-սաղավարտները, որոնք հնարավորություն կտան ժեստերով և ձայնով կառավարել կյանքը մետատիեզերքում, իսկ ապագայում նաև մտքի ուժով։ Սարքավորումն ավատարի միջոցով կանդրադարձի մարդու միմիկան և հնարավորություն կտա կառավարել թվային առարկաներով։

Meta-ն նաև կփորձարկի վիրտուալ իրականության մեջ հեռավար աշխատանքի համար նախատեսվող Horizon Workrooms առաջին հավելվածը, որտեղ Oculus Quest 2 սարքավորման օգտատերերը կհանդիպեն ավատարների տեսքով։ Պաշտոնական թողարկումը նախատեսված է 2022 թվականին։ VR-սաղավարտներն արդեն ստացել են թարմացումները, որոնք անհրաժեշտ են հավելվածում լիարժեք աշխատանքի համար։ 

Բացի այդ, Ցուկերբերգը հայտարարել է Microsoft ընկերության հետ համագործակցության մեկնարկի մասին, որն աշխատում է վիրտուալ կորպորատիվ հարթակի իր տարբերակի՝ Teams-ի վրա։ Հիմա Workplace-ի օգտատերերի համար հասանելի կլինեն Teams-ի տեսակոնֆերանսները, իսկ Teams հավելվածում կհայտնվի Workplace-ի բովանդակությունը։ Այդպիսով, մետատիեզերքը կլինի միջհարթակային։ 

Զուգահեռաբար, Meta-ն ԱՄՆ-ի և Կանադայի բնակիչներին անվճար հասանելիություն է տվել Horizon Worlds VR-աշխարհին։ Այն փորձարկում են 2020 թվականից։ Horizon Worlds-ում Oculus Quest 2-ի օգտատերերը կարող են խաղալ, զբաղվել սպորտով և արվեստով, անցկացնել համատեղ հետազոտություններ։ 2022 թվականին հավելվածին հասանելիությունը կարող է ընդլայնվել և տարածվել ողջ աշխարհի վրա։

Ինքը Ցուկերբերգը մետատիեզերքը բնորոշում է այսպես. «Փոխգործակցությունն ավելի հարուստ կլինի, դրանք իրականի պես կզգացվեն։ Ապագայում հեռախոսով ուղղակի շփվելու փոխարեն դուք հոլոգրամի պես կկարողանաք նստել իմ բազմոցին կամ էլ ես հոլոգրամի պես կկարողանամ նստել ձեր բազմոցին, նույնիսկ, եթե մենք գտնվում ենք տարբեր նահանգներում կամ էլ միմյանցից հարյուրավոր մղոններ հեռավորության վրա»։ 

Հեռավար աշխատանք և հիբրիդային գրասենյակներ

2021 թվականի հունիսին Facebook-ի (Meta) գլխավոր տնօրենը հայտարարեց, որ ընկերությունը բոլոր հաստիքային աշխատակիցներին թույլ կտա աշխատել տնից, եթե նրանք իրենց պարտականությունները կկարողանան իրականացնել հեռավար։ Ի սկզբանե ընկերությունը հեռավար աշխատանքի մասով վարում էր ավելի կոշտ քաղաքականություն։ Սակայն հիմա ինքը՝ Ցուկերբերգը, մտադիր է առնվազն 2022 թվականի առաջին կեսն անցկացնել տանը, իսկ իր ընկերության համար պատրաստում է հիբրիդային գրասենյակներ՝ հեռավար աշխատանքի տարբերակով։ Ընկերության աշխատակիցների կեսից ավելին, իսկ դա կազմում է մոտ 60 հազար մարդ, կկարողանան 10-ը տարվա ընթացքում աշխատել այդ ռեժիմով։ 

«Վերջին մեկ տարվա ընթացքում մենք իմացանք, որ ցանկացած վայրում կարելի է լավ աշխատել, և ես ավելի լավատես եմ զանգվածային հեռավար աշխատանքի հնարավորությունների վերաբերյալ։ Հատկապես այն մասով, որ հեռավար տեսակապը և վիրտուալ իրականությունը շարունակում են բարելավվել»,- իր մտքերով կիսվել է Ցուկերբերգը։ 

2021 թվականին Facebook-ը սկսել է այլ երկրներ աշխատակիցների տեղափոխման խրախուսման արշավը։ Այսպես, այն առաջարկում է Միացյալ Նահանգներից տեղափոխվել Կանադա, ինչպես նաև եվրոպական ցանկացած երկրից՝ Մեծ Բրիտանիա։ Արդեն 2022 թվականի հունվարին Meta-ն աշխատակիցներին թույլ կտա մշտապես տեղափոխվել Եվրոպայի, Մերձավոր Արևելքի կամ էլ Աֆրիկայի յոթ երկրներ՝ նախապես մեկ այլ երկրից դիմելով աշխատանքի թույլտվության համար։ Իհարկե այդ դեպքում նրանց աշխատավարձերը կարող է կրճատվեն, եթե տարածաշրջանն ապրելու համար ավելի էժան լինի։ Ցուկերբերգը խոստանում է, որ բոլոր աշխատակիցներին թույլ կտա հեռավար աշխատել նույնիսկ համավարակից հետո։ Նա կանխատեսում է, որ հեռավար աշխատող աշխատակիցները հաջորդող 5-ից 10-ը տարիներին կարող են կազմել ընկերության աշխատակազմի կեսից ավելին։

Ցուկերբերգին հեռավար աշխատելը դուր է եկել։ «Ես հայտնաբերեցի, որ հեռավար աշխատանքը ինձ ավելի շատ հնարավորություն է տվել երկարաժամկետ մտածողության համար և օգնել ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, ինչն ինձ ավելի երջանիկ և աշխատանքում արդյունավետ է դարձրել»։

Տեսախցիկներով խելացի ժամացույցներ

Ցուկերբերգը պատրաստվում է թողարկել կրելի էլեկտրոնիկայի մի ամբողջ շարք, որպեսզի ուժեղացնի այդ շուկայում Meta-ի մրցունակությունը։ 2021 թվականին Facebook-ը և Ray-Ban-ն արդեն ներկայացրել են խելացի ակնոցները, որոնք արտաքինից նման են սովորական ակնոցների, սակայն համալրված են տեսախցիկներով և հնարավորություն են տալիս կիսվել նկարահանած բովանդակությամբ, լսել երաժշտություն և զանգեր ընդունել։

2022 թվականի ամռանը Meta-ն նախատեսում է թողարկել խելացի ժամացույցներ, որոնք իրենց էկրանին կունենան երկու տեսախցիկ։ Սարքավորումը կստանա LTE աջակցություն։ Դիմացի տեսախցիկը կտեղադրվի էկրանին և այն հնարավոր կլինի օգտագործել տեսազանգերի համար։ Հիմնականը նախատեսված կլինի ֆոտոյի և վիդեոյի համար, ընդորում դա, էկրանի հետ միասին, հնարավոր կլինի հանել գադջեթի պատյանից և ինքնուրույն կիրառել։ Այդպիսի ժամացույցները կստանան ֆիթնես գործառույթներ, ներառյալ զարկերակաչափ։ Սարքավորումը կունենա մեսենջերներ և հավելվածներ։ Թերևս, դրա մեջ կկիրառվի Google-ի OC Android-ի հատուկ տարբերակ։ Նորույթի արժեքը կլինի մոտ 400 ԱՄՆ դոլար։

Հիվանդությունների վիզուալացում

Ցուկերբերգը հայտարարել է, որ իր Chan Zuckerberg Initiative բարեգործական հիմնադրամը 2022 թվականին կբացի գիտական կենտրոն, որը կկենտրոնանա այնպիսի տեխնոլոգիաների վրա, որոնք օգնում են հասկանալ մարդու մարմնի կառուցվածքը։ «Պատկերացրեք, որ կա հնարավորություն արհեստական ինտելեկտը կիրառել կենսաբանական վիզուալացման համար, որպեսզի պարզել, թե ինչպես են գործում բջիջները և հյուսվածքները։ Կամ էլ հասկանալ, թե ինչպես քաղցկեղային բջիջների, հյուսվածքների և իմունային համակարգի փոխգործակցությունը նպաստում կամ կանխարգելում է ուռուցքի աճին։ Կամ էլ իմանալ, թե ինչպես են ուղեղն ու մարմինը փոխգործակցում, որպեսզի կարգավորեն ֆիզիոլոգիական և էմոցիոնալ վիճակը։ Մարդու կենսաբանության վերաբերյալ այդ դինամիկ և ինտեգրված պատկերացումների առկայությունը կարագացնի առաջընթացը բոլոր հիվանդությունների բուժման, կանխարգելման կամ էլ կառավարման ժամանակ»,- գրում է նա։

Կենտրոնը կնպաստի վիզուալացման նոր տեխնոլոգիաների զարգացմանը, որոնք հնարավորություն կտան հետևել գործողության մեջ մարդու մարմնի ներքին աշխատանքին։ Դրա մշակմանը մասնակցում են տարբեր ոլորտների, ներառյալ կենսաբանության, ֆիզիկայի, ինժեներիայի և մաթեմատիկայի մասնագետներ։ Բացի այդ, Ցուկերբերգի հիմնադրամը 2022 թվականին կընդլայնի արդեն գոյություն ունեցող ​​Chan Zuckerberg Biohub ծրագիրը, որը միջդիսցիպլինար հետազոտություններում կմիավորի գիտնականներին, ինժեներներին և բժիշկներին։ Շնորհիվ դրա արդեն իսկ ի հայտ են եկել վարակիչ հիվանդությունների ուսումնասիրման գործիքներ, այդ թվում տարբեր վիրուսներով վարակման գլոբալ բռնկումների հայտնաբերման գործիք ու մարդու մարմնի բջջային ատլասներ։

2022 թվականին կգործարկվի նաև Chan Zuckerberg Biohub Network-ը։ Ծրագրի գաղափարը նրանում է, որ միավորի միմյանց մոտ գտնվող առաջատար գիտատեխնիկական ինստիտուտներին և միասին 10-15 տարվա հորիզոնում լուծեն «գիտական մեծ խնդիրներ»։ 2022 թվականի սկզբից համալսարանները և հաստատությունները կկարողանան ներկայացնել ծրագրերի իրենց գաղափարները, իսկ տարվա վերջին կընտրվեն դրանցից ամենակարևորներն ու հեռանկարայինները, որոնք 2023 թվականին կմտնեն Biohub-ի ցանցի մեջ։

Բժշկության և կենսաբանության մեջ արհեստական ինտելեկտի նոր դերը

2022 թվականին Ցուկերբերգը Հարվարդի համալսարանին կից կբացի բնական և արհեստական ինտելեկտի ուսումնասիրության Կեմպների ինստիտուտը։ Ինստիտուտի մասնագետները կուսումնասիրեն արհեստական ինտելեկտի ներուժն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կենսաբանությունն ու բժշկությունը։ «Արհեստական ինտելեկտն ու բիոբժշկությունը միավորելով ինֆորմատիկայի, կիրառական մաթեմատիկայի, նյարդակենսաբանության, կոգնիտիվ գիտությունների, վիճակագրության և մաթեմատիկայի փորձագետների հետ՝ մենք կկարողանայինք բացահայտել գործիքների միանգամայն նոր հավաքածու, որը կօգնի գիտնականներին ու բժիշկներին հասկանալ մարդկային օրգանիզմը»,- նշում է միլիարդատերը։

Ցուկերբերգը խոստովանել է, որ նախորդ տարին իր համար դաս է եղել։ «Հետահայաց նայելով զարմանալի է գիտակցելը, որ այդ իրադարձություններից ոչ մեկը անխուսափելի չի եղել։ Վերջիվերջո, ապագան հենց այնպես չի լինում։ Դա այն է, ինչին մենք սկզբում հավատում ենք, իսկ հետո՝ կառուցում միասին։ Այդպես սկսվում է առաջընթացը։ Ոչ թե ճիշտ կամ կանխորոշված եզրակացություն, այլ որպես ընտրություն, որն արվել է այն մարդկանց հույսով, որոնք հավատում են, որ լավ ապագան իրապես հնարավոր է։ Մենք այդ դասը կտեղափոխենք 2022 թվական։ Հուսանք՝ դուք էլ»։

Լուսանկարը՝ David Paul Morris/Bloomberg

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter