HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կողմ ենք, որ հայ-թուրքական հարաբերություններն օր առաջ կարգավորվեն․ Հակոբ Արշակյան

Օրհներգի հնչյունների ներքո մեկնարկեցին ութերորդ գումարման խորհրդարանի երրորդ նստաշրջանի աշխատանքները: Նիստը նախագահող Հակոբ Արշակյանը ներկայացրեց նոր մանդատ ստացած պատգամավորներ Լիլիթ Կիրակոսյանին և Էդգար Հակոբյանին:

Հիշեցնենք, որ վերջիններս փոխարինում են մարզպետներ նշանակված, նախկին պատգամավորներ Սերգեյ Մովսիսյանին և Սեդրակ Թևոնյանին։

Նախ նորընտիր պատգամավորները երդվեցին, ապա Հակոբ Արշակյանը ներկայացրեց հունվարի 17-ի հերթական նիստի օրակարգը, որի ժամանակ ընդդիմադիր պատգամավորներն անդրադարձան Հայաստանի և Թուրքիայի բանագնացների` հունվարի 14-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը:

Նախ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է եղել ԱԺ նախագահի ստորագրած կարգադրության հիման վրա և ԱԺ-ից ստացել է գործուղման ծախսեր:

Նա հետաքրքրվեց, թե արդյոք Ռուբինյանը Թուրքիայի բանագնացի հետ հանդիպել ու բանակցություններ է վարել խորհրդարանի՞ կողմից, ու ինչո՞ւ այդ հարցը ԱԺ խորհրդում չի քննարկվել:

Հակոբ Արշակյանն արձագանքեց, թե պետության կողմից բանագնաց է նշանակվել, հետևաբար՝ պետությունն էլ հոգում է գործուղման ծախսերը:

Նույն խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն էլ անդրադարձավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության այցին ԱՄՆ: Նրա խոսքով` Սիմոնյանը գնացել է ՔՊ-ական պատգամավորների և ԱԺ աշխատակազմից ներկայացուցիչների հետ, և ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության` պատվիրակության կազմում է եղել նաև Սիմոնյանի կինը:

Արշակյանը զարմացավ պատգամավորի նման հարցերից` ասելով, որ պատվիրակության կազմը հայտնի է, ոչ մի ծախս գաղտնի չի պահվում, ապա խորհուրդ տվեց քաղվածքների համար դիմել ԱԺ աշխատակազմ:

Մանուկյանն արձագանքեց` Սիմոնյանի համար հատկացված կառավարական առանձնատան վերանորոգման ծախսերի համար դիմել է ԱԺ աշխատակազմ, սակայն մերժում է ստացել` որպես գաղտնի ծախս: Մանուկյանը հիշեցրեց, որ հեղափոխական թիմի անդամները 2018-ին հեծանիվից, մետրոյից ու էկոնոմ դասից էին օգտվում, իսկ այժմ «հեղափոխական էնտուզիազմով մտնում են բյուջեի մեջ»:

Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց` Մոսկվայից վերադարձել է էկոնոմ կարգով:

Այնուհետև Ագնեսա Խամոյանը հետաքրքրվեց, թե ինչ կառուցողական քննարկում են ունեցել Հայաստանի ու Թուրքիայի բանագնացները:

Արշակյանն արձագանքեց, որ ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանմամբ է հանդես եկել, ապա հավելեց, որ Հայաստանի անկախության հաստատումից ի վեր Հայաստանի դիրքորոշումը միշտ եղել է առանց նախապայմանների հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումը, ուստի, այդ տրամաբանությունը չի փոխվել, այժմ էլ Հայաստանը հանդես է գալիս նույն դիրքերից:

«Մենք կողմ ենք, որ հարաբերությունները օր առաջ կարգավորվեն, դա բխում է Հայաստանի ու հայ ժողովորդի շահերից: Հաղորդագրությունը, որն ԱԳՆ-ն տարածել է, ըստ էության, բնութագրում է բանակցությունների ընթացքը»,- ասաց Հակոբ Արշակյանը:

Բանակցությունների վերաբերյալ խոսեց նաև Հայաստանի բանագնաց, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը` հիշեցնելով, որ դեռևս նախորդ տարվա ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունն առ այն, որ կա հարաբերությունների հաստատման պատրաստակամության որոշակի պրոցես, ինչին հետևեց Թուրքիայի, ապա Հայաստանի ԱԳՆ-ների հայտարարությունները: Ռուբինյանը հիշեցրեց ԱԳՆ տարածած հայտարարությունը, ապա ասաց, որ կառուցողական քննարկում նշանակում է կառուցողական:

Ծավալված քննարկումից հետո Անդրանիկ Թևանյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել օրեր առաջ թշնամու կրակոցներից զոհված զինծառայողների հիշատակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter