HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ամեն անգամ Շուշի բառը լսելիս սիրտս կտոր-կտոր ա լինում»,- ասում է տունը կորցրած 6 երեխաների մայրը

-Էս հուշ մնաց Շուշիից,- ասում է 15-ամյա Զոյան՝ նայելով քրոջ՝ Մարիամի բերած բանալիներին։

-Չէ, բալես, հուշ չէ, հույս է, մեր հույսն է,- պատասխանում է մայրը՝ Կարինեն։ Նրա ձայնը թրթռում է, հետո խզվում, եւ այլեւս չի կարողանում ավարտել նախադասությունը։ Մենք մի պահ լռում ենք։ Դրանք նրանց Շուշիի տան բանալիներն են։

Երեւանյան հին թաղամասերից մեկն ենք բարձրանում՝ Կոնդը։ Նեղ արահետը սառցակալած է, բայց օրն արեւոտ է։ Կարինեն մեզ ընդառաջ է գալիս։ Մեկ տարուց ավել է՝ Կոնդում վարձով է բնակվում 5 երեխաների հետ։

Տունը փոքր է եւ խոնավ։ Առաստաղին ջրի կաթիլները, կարծես, անշտապ սպասում են թափվելուն։ Պատին Արցախի դրոշն է․ պատերազմի ժամանակ երեխաները կամավորական աշխատանքների էին մասնակցել եւ այդտեղից էին վերցրել դրոշը։ Տանն սկզբից մայրն ու երկու դուստրերն են՝ Զոյան եւ 10-ամյա Մարիամը։ Մեր զրույցի ընթացքում աշխատանքից տուն եկավ նաեւ 21-ամյա Անահիտը։

Մեր զրույցն ամբողջությամբ լցված է Շուշիով ու դրա մասին հուշերով։ Կարինեն երբեմն հոգոց է հանում, աչքերը սրբում, հետո ասում, որ էլ չի կարողանում խոսել։ Իսկ խոսելը չափազանց ծանր է։

Կարինե Պետրոսյանը 47 տարեկան է՝ Հրազդանից։ Նրա 6 երեխաներից 5-ը ծնվել ու մեծացել են Շուշիում։ Ամուսինն Արցախից է։ Միայն ավագ որդին՝ 27-ամյա Արթուրն է ծնվել Երեւանում։ Հիմա նա ապրում է Արցախում։ Կարինեն արդեն մեկ թոռ ունի։

-47 տարեկան եմ, բայց շատ մեծ եմ երեւում։ Պատերազմից հետո միանգամից ընկա,- ասում է 6 երեխաների մայրը։

1998 թ․ ընտանիքով հաստատվել էին Շուշիում։ Սկզբից վարձով էին բնակվում, 2016 թ․ որպես բազմազավակ ընտանիքի պետությունը բնակարան նվիրեց։ Այն գտնվում էր Շուշիի հայտնի Կանաչ ժամի դիմաց։

-Բալես, հեռախոսս կբերե՞ս,- Մարիամին դիմում է մայրը։

Մարիամը մորն է մեկնում հեռախոսը։ Կարինեի ձայնն ավելի է նվաղում, երբ բացում է հեռախոսն ու ցույց տալիս Շուշիում իրենց տունը։

-Էս ա, էրեխեք ջան, իմ տունն ա,- ասում է նա, ու կարծես, ներսում ամեն ինչ փշրվում է։ 5-հարկանի շենքի 4-րդ հարկում է տունը։ Քիչ անց ավելացնում է․ «Ամեն անգամ Շուշի բառը լսելիս սիրտս կտոր-կտոր ա լինում»։

2020 թ․ սեպտեմբերի 24-ին Անահիտի 20-ամյակն էր։ Տորթ էին թխել, տոնել ծննդյան օրը։ 3 օր հետո սկսվել էր պատերազմը։ Կիրակի առավոտյան՝ դեռ ժամը 7-ը չկար, պայթյունների ձայնից արթնացել էին։ Կրտսեր որդին՝ Նվերը, փորձել էր հանգստացնել մորը, թե հրավառություն է, ձայներն ուժեղ են, բայց մայրը ցույց էր տվել սեւ ծուխը։ Կարինեն նկատել էր որդու՝ բազրիքին հենած ձեռքերի դողը եւ հասկացել ամեն բան։

Անմիջապես նկուղ էին իջել։ Առաջին օրը մտածում էին, թե ապրիլյան քառօրյայի պես կլինի՝ պատերազմը մի քանի օրից կավարտվի։ Սեպտեմբերի 30-ին ամուսինը՝ Սամվելը, կնոջն ու երեխաներին ուղարկել էր Երեւան, իսկ ինքն ավագ որդու՝ Արթուրի հետ գնացել ռազմաճակատ։ Կարինեն ասում է՝ իրեն «զոռով», ստիպողաբար են հանել նկուղից, չէր ցանկանում դուրս գալ Շուշիից։

Տան դուռը փակելուց առաջ երբեւէ չէր մտածում, որ այն այլեւս չի բացելու։ Մարիամը դպրոցական պայուսակն էր վերցրել, մայրը բարկացել էր՝ ձեռքից վերցնելով ու մի կողմ նետելով․ «Ասեցի, աղջիկ ջան, հեսա մի քանի օրից գալիս ենք, վերցնում ես՝ ի՞նչ անես։ Ու մինչեւ հիմա հոգիս մղկտում ա դրա համար»։ Ամեն ինչ թողել են տանը՝ նկարները, փաստաթղթերը։ Միայն հասցրել էին վերցրել Մարիամի ու Զոյայի հաշմանդամության մասին փաստաթղթերը։ Մարիամի ոսկրերը քայքայվում են, Զոյան հոդախախտում ունի։ Թեեւ 4 վիրահատություն է տարել, դրանք չեն օգնել։ Երկու քույրերը երկար չեն կարողանում քայլել, շուտ են հոգնում։

Մենք նայում ենք սեղանին դրված տան բանալիներին։ Կարինեն ասում է՝ պահ է լինում, երբ հուսալքվում է, իսկ պահ էլ լինում է, երբ հավատում է, որ վերադառնալու է Շուշի։ «Մեջս խեղդող կարոտ եմ զգում»,- նշում է Կարինեն։

Շուշիից Երեւան ճանապարհն անցել էին լացելով։ Գալու առաջին օրը մնացել էին բարեկամուհու մեկսենյականոց բնակարանում, հաջորդ օրը Սախարովի հրապարակի մոտ հոսթել էին գտել, որտեղ արցախցիներ էին մնում։ Եվ այդտեղ բոլորը, ասում է Կարինեն, վստահ էին, որ շուտով վերադառնալու են իրենց տները։

Նոյեմբերի 9-ի գիշերն ամենածանրն էր։ Կարինեն ասում է՝ ինքնազգացողությունը վատացել էր հայտարարությունը կարդալուց, շտապօգնություն էին կանչել։ «Շուշին չի ընկել, Շուշին նվիրել են»,- ասում է նա։

Նոյեմբերի 16-ին Զոյայի ծննդյան օրն էր, բայց այդ օրը բոլորը տխուր էին։ Արցախից մեկ օրով հայրը եկել էր՝ տորթը ձեռքին։ «Զոյան ասում էր՝ մամ, գնալու ենք Շուշի, չէ՞, ասում էի՝ Զոյ, Շուշին էս պահին վերցրել են։ Ու էդ ծնունդը լացի վերածվեց մեզ համար»,- ասում է մայրը։

Փոքր, խուց հիշեցնող հյուրասենյակում օդն ավելի հեղձուցիչ է դառնում։ Խոնավությունն ու ներկայի դժվարություններն այլեւս աչքին չեն երևում։ Մեր այցելության օրը որդիներից Արայիկին զինկոմիսարիատ էին կանչել, քանի որ 18 տարին լրացել է։

Կարինեն հաճախ է ժպտում, բայց այդ ժպիտի մեջ թանձր տխրություն կա։ Ամուսինը հիմա Ստեփանակերտում է։ Այնտեղ աշխատում է շինարարության մեջ։ Կարինեն ասում է՝ բարեկամների տանն է մնում, իսկ Երեւան գալ չի ցանկանում, որովհետեւ մտածում է՝ պատերազմը դեռ չի ավարտվել, եթե հանկարծ մի բան պատահի, ինքն էնտեղ պիտի լինի։

Տան վարձի մի մասն ամուսինն է ուղարկում, սակայն դժվարությունները շատ են։ Մարիամի ու Զոյայի հաշմանդամության թոշակը մոտ 45 հազար դրամ է։ Հիմա աշխատում է նաեւ Անահիտը․ սուպերմարտկետում վաճառողուհի է, օրական 3500 դրամ է ստանում, եթե 12 ժամ է մնում՝ 7 հազար դրամ։ Այդ աշխատանքի համար դիմել էր մայրը, բայց նրան չէին ընդունել՝ ասելով, թե երիտասարդների են ընդունում։ Այդ ժամանակ էլ Անահիտը հարցրել էր, թե արդյոք իրեն կընդունեն աշխատանքի։

Չնայած փորձում են մերվել երեւանյան առօրյային, հուշերն ու երազանքները կրկին Շուշի են տանում։ Անահիտն այնտեղ ուսումնարան էր ավարտել, գորգ էր գործում, նկարչությամբ էր զբաղվում։ Զոյան «Նարեկացի» միությունում կարպետագործության էր հաճախում։

«Ճիշտ ա, փոքր քաղաք էր, բայց ավելի ուրախ էր, անհոգ էր կյանքը, հիմա էլ վատ չի, բայց երբ քո տունը չկա․․․»,- ասում է 21-ամյա Անահիտն ու անավարտ թողնում միտքը, հետո գլխիկոր նայում գետնին։

Մտադիր էր վարսավիրություն սովորել, բայց դա էլ կիսատ մնաց։ Շատ են փորձել կարպետագործության համար թելեր գտնել, բայց չի հաջողվել։ Անահիտն ասում է՝ եթե թելեր լինեն, կգործի։

15-ամյա Զոյան ու 10-ամյա Մարիամը «Օրրան» բարեգործական կենտրոն են գնում։ Ասում են՝ սիրով են գնում, եւ դա էլ նրանց առօրյան հետաքրքիր է դարձնում։

Կարինեն աշխատանք է փնտրում։ Ասում է՝ դեռ ոչ մի հարմար գործ չի գտել։

Պատերազմի օրերի պայթյուններից վախը, սակայն, դեռ չի անցել։ Նոր տարվա գիշերը հրավառությունից Մարիամը վախեցել էր, նրան թվացել էր, թե արկերի պայթյուններ են։ Հիմա էլ անընդհատ հարցեր է տալիս մեծերին։ Ասում է՝ «բա որ մի բան լինի, մենք ո՞ւր ենք գնալու, տունը նկուղ չունի»։ Եղբայրը՝ 16-ամյա Նվերը, պատասխանել է, որ «մոտակայքում Կոմպոզիտորների միության շենքն է, որ նկուղային հարկ ունի»։

-Սիրտս մխում ա, մխում,- ասում է Կարինեն։ Ամենօրյա հոգսերն ու աղմուկը ոչ մի կերպ չեն խլացնում նրա ցավը։ Հատկապես գիշերվա լռության մեջ այն ավելի սաստիկ է դառնում ու անպատասխան հարցերի նոր շղթա բացում։

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter