HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքագետ․ «Եթե զիջումների գնանք «կարմիր գծերի» հարցերում, նշանակում է՝ հրաժարվում ենք մեր ինքնության մի մասից»

Հարցազրույց ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ

-Պարոն Սաֆրաստյան, օրերս Մոսկվայում տեղի ունեցած Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումից հետո նշվեց առանց նախապայմանների բանակցությունների մասին։ Հայտնի է, որ Թուրքիան նախկինում միշտ նախապայմաններ է առաջ քաշել, որոնք կապված էին թե՛ հայ-թուրքական, թե՛ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։ Ինչո՞ւ հանկարծ Թուրքիան այս անգամ հայտարարեց առանց նախապայմանների բանակցելու մասին։ Արդյոք դա մարտավարություն է՝ բանակցություններն ի սկզբանե փակուղի չտանելու համար։

-Այո, կարծում եմ՝ այդ նպատակն էլ հետապնդում է։ Եթե Թուրքիան հենց սկզբից էլ նախապայմաններ դներ, ապա հայկական կողմը կհրաժարվեր բանակցություններից։ Իսկ մենք տեսնում ենք, որ Թուրքիան այս անգամ շահագրգռված է բանակցություններով։ Դա, կարծում եմ, կապված է այն հանգամանքի հետ, որ Թուրքիան Հարավային Կովկասում անցկացնում է շատ ակտիվ քաղաքականություն, որի նպատակն է ցույց տալ, որ ավելի մեծ դերակատարում ունի տարածաշրջանում, քան մինչ այդ։ Եվ աշխարհաքաղաքական հաշվարկների շրջանակներում Թուրքիայի համար կարեւոր է ցույց տալ, որ շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ։ Կարծում եմ՝ հենց դա է Թուրքիայի շահագրգռվածությունը, որ հենց սկզբից այնպես է անում, որ բանակցությունները փակուղի չմտնեն։

-Կողմերը դրական են արտահայտվել առաջին հանդիպման վերաբերյալ։ Արդյոք պատճառը հանդիպման ճանաչողական բնույթն էր, թե՞ այս դեպքում Թուրքիան պահում է զուտ դիվանագիտական էթիկան։

-Չեմ կարող ասել, թե Թուրքիան ինչպես է պահել 1,5 ժամ տեւած այդ բանակցություններում, բայց տեղյակ եմ, որ թուրքական կողմից հայտարարություն հնչել է, որտեղ արձանագրվել է, որ Թուրքիան չի պնդում նախապայմանները։ Ինչպես նշեցի, Թուրքիան հենց սկզբից շահագրգռված է այդ բանակցություններով։ Եվ դա է պատճառը, որ մոտեցումը դրական է։ Երկու կողմերն էլ հաստատել են իրենց ցանկությունը բանակցությունները շարունակելու։ Սա կարող ենք փաստել, իսկ այլ փաստեր չունենք։

-Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ Թուրքիայի կողմից նշանակված ներկայացուցիչը դիվանագիտական մեծ փորձ ունի, իսկ Հայաստանի կողմից նշանակվել է ոչ դիվանագետ, որն առնչություն չունի արտգործնախարարության հետ։ Սա խոսո՞ւմ է Փաշինյանի կառավարության կադրային սնանկության մասին։

-Ես մի բան էլ ավելացնեմ․ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը՝ Սերդար Քըլըչը, ոչ միայն դիվանագիտակյան մեծ փորձ ունի, այլեւ մի քանի տարի եղել է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։ Այդ խորհուրդը քննարկում է Թուրքիայի արտաքին եւ ներքին քաղաքականության ամենակարեւոր խնդիրները, եւ քարտուղարի պարտականությունն է օրակարգը պատրաստել քննարկումների։ Այսինքն՝ մի մարդ է, որ քաջատեղյակ է Թուրքիայի արտաքին եւ ներքին քաղաքականության ամենակարեւոր խնդիրներից։

Մյուս կողմից՝ հատուկ պաշտոն է ստեղծվել նրա՝ Սերդար Քըլըչի համար։ Ես նայեցի Թուրքիայի պաշտոնաթերթը, որտեղ տպագրվում են հրամանագրերը, եւ հենց Էրդողանի հրամանագրի տեքստում նրա պաշտոնն այսպես էր ձեւակերպված՝ պատասխանատու ներկայացուցիչ Հայաստանի հետ հարաբերությունների գծով։ Այսինքն՝ ոչ միայն բանակցությունների, այլեւ ընդհանրապես Հայաստանի հետ կապված բոլոր խնդիրներով։ Եվ երկրորդ՝ մինչեւ հիմա այդ պաշտոնը չի եղել։ Այն ստեղծվել է նրա համար։

Եվ երրորդ հանգամանքը՝ այդ պաշտոնը, փաստորեն, դուրս է բերվում Թուրքիայի արտգործնախարարության շրջանակներից։ Այն ուղղակի նախագահի հրամանագրով է նշանակվում եւ ենթարկվելու է Թուրքիայի փոխնախագահին, այսինքն՝ հիերարխիայում երկրորդ մարդուն։ Ըստ էության, նա դառնում է նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ, այլ ոչ թե արտգործանախարարության։ Դա վկայում է այն մասին, որ Թուրքիան նախատեսում է երկարատեւ բանակցություններ, հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ ենթադրվում է, որ անձամբ զեկուցելու է փոխնախագահին, այլ ոչ թե արտգործնախարարին։ Այնպես որ, սա է պատկերը Թուրքիայի կողմից։

Այո, մեր ներկայացուցիչը փորձով, փորձառությամբ զիջում է Թուրքիայի ներկայացուցչին։ Սա ակնհայտ է, փաստ է, բայց, վերջիվերջո, հաշվի առնելով այն, ինչ ասացի, եթե լինեն կարեւոր հարցեր, որ պետք է քննարկվեն, որոշումներ ընդունվեն, ապա դա լինելու է երկրների ղեկավարների կողմից։ Իսկ այստեղ բանակցողի անձը երկրորդ պլան է մղվում։

-Ձեր կարծիքով՝ այս գործընթացն ունի՞ ապագա, երբ մի կողմից պատերազմից հետո դժվար պայմաններում հայտնված Հայաստանն է, մյուս կողմից՝ ագրեսորին ամեն ձեւով սատարած Թուրքիան։

-Շատ ճիշտ եք ասում, ես կավելացնեմ, որ Թուրքիան ոչ թե ագրեսորին ամեն ձեւով սատարած, այլ այդ ագրեսիայի հիմքում կանգնած երկիր է։ Մյուս կողմից՝ պարտված Հայաստանն է։ Ակնհայտ է, որ ուժերն անհավասար են։ Բայց բանակցային գործընթացը նրանով է բանակցային, որ բանակցային սեղանի շուրջ հանդիպում են տարբեր մոտեցումներ ունեցողներ, եւ այդ տարբեր մոտեցումներն, այսպես ասած, բախման մեջ են մտնում։ Եվ այդ ժամանակ կարեւոր է չկորցնել կարեւոր բաները, կարեւոր են «կարմիր գծերը», որոնք մենք ոչ մի կերպ զիջելու հնարավորություն չպետք է ունենանք։

-Որո՞նք են այդ «կարմիր գծերը»։

-Խոսքը Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման քաղաքականության, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, Արցախի Հանրապետությանը Հայաստանի Հանրապետության կողմից ամեն կերպ օգնելու, պաշտպանելու, ինչպես նաեւ Կարսի պայմանագրի մասին է։ Թուրքերը պահանջում են, որ Հայաստանը վերահաստատի իր հավատարմությունը Կարսի պայմանագրին։ Դա չպետք է անել։ Համոզված եմ, որ դա անարդարացի պայմանագիր էր, որը պարտադրվել էր մեզ։ Եվ նաեւ չորրորդ նախապայմանը, որ քննարկման խնդիր կլինի, համոզված եմ, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է։ Այստեղ էլ պետք է մեր դիրքորոշումը վերահաստատենք, որ ոչ մի միջանցքային տրամաբանություն ընդունելի չէ մեզ համար։

Չեմ կարող մտածել, որ այդ «կարմիր գծերը» կարող են խախտվել, որովհետեւ երեք հարցերը մեր ինքնության հետ են կապված։ Եթե զիջումների գնանք այդ հարցերում, նշանակում է՝ հրաժարվում ենք մեր ինքնության մի մասից։ Դա ուղղակի անընդունելի է մեզ համար։

-Իսկ ի՞նչ սպասել այս գործընթացից, պարոն Սաֆրաստյան։

-Շատ բարդ հարց եք տալիս։ Չեմ կարող ասել, դա կարող են ասել այն մարդիկ, ովքեր նախապատրաստել են այդ գործընթացը, մասնակցելու են կամ ղեկավարելու են, նրանք կարող են ասել։ Իմ ընդհանուր գնահատականն այն է, որ  նախորդ երեք փորձերն ավարտվել են անհաջողությամբ, հիմա սա չորրորդն է՝ մեր պարտության եւ մեր տարածաշրջանում Թուրքիայի ագրեսիվության ավելի ուժեղացման պայմաններում։ Դրա համար դրական արդյունքի սպասում չունեմ։

Իսկ դրական արդյունքը Հայաստանի համար, հավանական է, բանակցությունները նախապատրաստողներն այսպես են մտածում՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է եւ սահմանների բացումը։ Կարծում եմ՝ անհաջողությամբ կավարտվեն, բայց տեսնենք։

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter