HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՄԼ մայնինգ»-ը մտադիր է բազալտի նոր հանքավայր շահագործել Կոտայքի մարզում

Հատուկ քննչական ծառայության նախկին գլխավոր քարտուղար Դավիթ Սուքիասյանին պատկանող «ՄԼ մայնինգ» ընկերությունը մտադիր է շահագործել Կոտայքի մարզի Սարանիստի բազալտի հանքավայրը։

Վարչական առումով Սարանիստի բազալտի հանքավայրը գտնվում է Կամարիս գյուղում՝ Կամարիս բնակավայրից մոտ 3.5 կմ հյուսիս-արևելք, Սարանիստ գյուղի արևմտյան հատվածի անմիջական շարունակության վրա: Հայցվող տարածքի և Գեղաշեն, Զովք ու Կամարիս գյուղերի մոտակա բնակելի տարածքների միջև հեռավորությունը համապատասխանաբար 1 կմ, 2 կմ և 3 կմ է: Հեռավորությունը մինչև Զովք-Գեղաշեն ճանապարհը՝ 1.6 կմ:

Հանքավայրը բաղկացած է երկու տեղամասից: Առաջին տեղամասը գտնվում է գյուղի արևմտյան մասում, իսկ երկրորդը՝ 1.5 կմ դեպի արևելք: Առաջին տեղամասը զբաղեցնում է 13.5 հա, երկրորդը՝ 33.3 հա տարածք: Ընկերությունն առայժմ Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել առաջին տեղամասի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտը։

«ՄԼ մայնինգը» Սարանիստի հանքավայրի առաջին տեղամասը նախատեսում է շահագործել 2 փուլով: Շահագործման 1-ին հերթը նախատեսում է տեղամասի շահագործման առաջին 20 տարին, 2-րդ հերթը՝ 20-40 տարին։ Հանքավայրը նախատեսվում է մշակել բաց եղանակով, տարեկան մարվող պաշարների 28325 խմ արտադրողականությամբ։

Սարանիստի բազալտի հանքավայրի 1-ին տեղամասը գտնվում է բարենպաստ ճանապարհատրանսպորտային վայրում: Տեղամասի անմիջական հարևանությամբ անցնում է գրունտային ճանապարհ, որը միանում է Աբովյան-Գեղաշեն-Զովք մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհին:

Ընկերությունը նախագծում նշել է, որ Սարանիստի հանքավայրի հետախուզական աշխատանքների ժամանակ կատարվել է նաև տարածքի հիդրոերկրաբանական պայմանների ուսումնասիրություն և պարզել, որ բազալտի օգտակար հաստվածքը ջրազուրկ է: Գրունտային ջրեր չեն հայտնաբերվել ոչ մի հետախուզական հորատանցքով:

ՀՀ բույսերի Կարմիր գրքի ուսումնասիրությունից ելնելով՝ ընկերությունն արձանագրել է, որ հանքավայրի 1- ին տեղամասի տարածաշրջանում հայտնի են ՀՀ բույսերի կարմիր գրքում գրանցված ականթ դիոսկորեանման, որը կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է, և հայտնի է մեկ պոպուլյացիա, որն աճում է Հատիս լեռան ստորոտում, տեղամասից ավելի քան 11 կմ հեռավորության վրա։ Կա նաև ձագախոտ էգինյանը, որը վտանգված տեսակ է, լոկալիտներից մեկը գտնվում է Զառ գյուղի մոտ, տեղամասից մոտ 5.5 կմ հեռավորության վրա։ Տարածքում կա նաև գառնառվույտ լազիստանյանը, որը նույնպես վտանգված տեսակ է, և լոկալիտներից մեկը գտնվում է Հատիս գյուղի մոտ, տեղամասից 13 կմ հեռավորության վրա:

Սակայն ընկերությունը հավաստիացնում է, որ տեղամասի տարածքում կատարված ակնադիտական տեղազննումների արդյունքներով նշված բուսատեսակների աճելավայրեր չեն հայտնաբերվել:

ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակներից տեղամասի տարածաշրջանում հայտնի է 3 տեսակ՝ տոնական գնայուկը, նեղ սևամարմին և հայկական սևամարմինը, որոնք հազվագյուտ տեսակներ են, հայտնաբերվել են Ջրվեժ գյուղի մոտ, տեղամասից մոտ մոտ 8.8 կմ հեռավորության վրա, ինչպես նաև  ալեքսանոր առագաստաթիթեռ և ավրորինա դեղնաթիթեռը, որոնք խոցելի տեսակներ են, հայտնաբերվել են Ջրվեժ գյուղի մոտ, կրկին տեղամասից մոտ 8.8 կմ հեռավորության վրա: Աշխատանքային նախագիծը և ՇՄԱԳ հաշվետվությունը կազմելուց առաջ կատարվել է տեղամասի տարածքի ուսումնասիրություն՝ նշված տեսակների առկայությունը պարզելու նպատակով։ Հանքավայրի 1-ին տեղամասի տարածքում այս կենդանատեսակները չեն դիտարկվել:

«ՄԼ Մայնինգ» ընկերության կողմից բազալտի արդյունահանման նպատակով հայցվող տարածքը համադրվում է պետական սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, գյուղատնտեսական նշանակության խոտհարքերի ու այլ հողատեսքերի և պետական սեփականություն գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի հողամասերի հետ:  «ՄԼ Մայնինգ»-ը 1-ին հերթի բացահանքի տարածքի հողերը վարձակալել է 2020թ․ մարտին։

Ընդերքօգտագործման իրավունքը ստանալուց հետո ընկերությունը մտադիր է դիմել տեղական կառավարման մարմիններին՝ հողերի նպատակային նշանակության գործընթացը ձեռնարկելու առաջարկով:

Այս հանքավայրի շահագործման դեպքում «ՄԼ մայնինգը»-ը խոստացել է ապահովել 19 աշխատատեղ։

Հիշեցնենք, որ «ՄԼ մայնինգը» փորձել էր ընդլայնել Երևանում Սպանդարյանի բազալտի հանքավայրը, սակայն Երևանի համայնքապետարանն այլևս մայրաքաղաքում նոր հանքավայրերի շահագործման համաձայնություն չէր տվել, քանի որ ուսումնասիրություն է նախաձեռնել օդի աղտոտման վերաբերյալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter