
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպեն Ժնևում
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունվարի 21-ին Ժնևում կհանդիպի ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ Ուկրաինա և Գերմանիա կատարած այցերից հետո, որոնք պլանավորված են հունվարի 18-20-ը։ Այդ մասին հայտնում են TACC-ը և Интерфакс-ը՝ հղում անելով լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերին։
Պետքարտուղարության ներկայացուցչի խոսքով՝ Բլինքենը և Լավրովը հանդիպման պայմանավորվածությունը ձեռք են բերել հունվարի 18-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ։ Կայացած բանակցությունների մասին նշվում է նաև ՌԴ ԱԳՆ և ԱՄՆ Պետքարտուղարության կայք էջերում։ Սակայն Ժնևում առաջիկա հանդիպման մասին կողմերը չէին նշել։ РИА Новости-ի և Коммерсант-ի տվյալներով՝ հանդիպումը կկայանա հունվարի 21-ին։
Պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Լավրովի հետ հանդիպման ժամանակ Բլինքենը «կշարունակի դիվանագիտական երկխոսությունը և կոչ կանի Ուկրաինայի հետ սահմանին լարման թուլացմանը»։ Ընդորում, նա չի կարողացել հստակ նշել, թե որ կողմի նախաձեռնությամբ են կայանալու բանակցությունները։
Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերի առաջքաշման և այդ երկիր հնարավոր ներխուժման լուրերի ֆոնին, ինչը ռուսական կողմը հերքում է, Եվրոպայում կայացել են անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների երեք փուլ։ Հունվարի 10-ին այդ թեման քննարկվել էր Ժնևում Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, հունվարի 12-ին՝ Բրյուսելում Ռուսաստան-ՆԱՏՕ նիստի շրջանակներում, իսկ հունվարի 13-ին՝ Վիեննայում ԵԱՀԿ քննարկման շրջանակներում։
Ժնևում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ Ռուսաստանը ներկայացնում էին ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը և պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը։ Ամերիկյան պատվիրակության ղեկավարն էր պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը։
Լուսանկարը՝ РИА Новости-ի
Մեկնաբանել