HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ժնևում մեկնարկել են անվտանգության հարցերով ռուս-ամերիկյան բանակցությունները

Ժնևում մեկնարկել է ռուս-ամերիկյան բանակցությունների հիմնական փուլը, որը նվիրված է անվտանգության երաշխիքներին։ Այս մասին գրում է Meduza-ն՝ հղում անելով РИА Новости և TACC գործակալություններին։ Հանդիպումն ընթանում է փակ ձևաչափով՝ ՄԱԿ-ում Ժնևյան կառույցներում ամերիկյան մշտական ներկայացուցչության տարածքում։

Ռուսական պատվիրակությունը ղեկավարում են ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը և պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը։ Ամերիկյան պատվիրակության ղեկավարն է պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը։

Նախօրեին, գործարար ընթրիքի ձևաչափով, կողմերն անց էին կացրել Եվրոպայում անվտանգության հարցերով նախնական բանակցությունները։ Ռյաբկովը հայտարարել էր, որ «քննարկումը բարդ է եղել, բայց գործնական»։ Այլ մանրամասներ նա չէր ներկայացրել։

ԱՄՆ պետքարտուղարությունն էլ հայտարարել էր, որ Շերմանը նախնական հանդիպման ժամանակ ընդգծել է Վաշինգտոնի հավատարմությունը «ինքնիշխանության միջազգային սկզբունքներին և ինքնիշխան ազգերի իրենց դաշնակիցների ընտրության ազատությանը»։

Դեռ նախորդ տարվա վերջին Ռուսաստանը հրապարակել էլ անվտանգության հարցում իր պահանջները, որոնց թվում էր նաև Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության բացառումը և Հյուսիսատլանտյան դաշինքի դեպի արևելք ընդլայնումից հրաժարումը։

Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներն ու դիվանագետները նոյեմբերին Ռուսաստանին մեղադրել էին Ուկրաինայի դեմ ագրեսիայի նախապատրաստման մեջ։ Նրանք հղում էին անում ուկրաինական սահմանի մոտ ռուսական զորքերի կուտակումը։ Մոսկվան հերքում է այդ մեղադրանքները, սակայն ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից պահանջում հարգել իր «կարմիր գծերը»։ Դեկտեմբերի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապով բանակցություններ էր վարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և հեռախոսազրույց ունեցել Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։

Բրյուսելն ու Վաշինգտոնն արդեն հայտարարել են, որ Ռուսաստանի հետ պատրաստ են քննարկել ռազմավարական անվտանգության հարցերը, սակայն Ուկրաինայի և մյուս երկրների ճակատագիրը պետք է որոշվի միայն նրանց մասնակցությամբ և նրանց հետ փոխգործակցությամբ։

Լուսանկարը՝ Алексей Витвицкий/ РИА Новости

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter