HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Գազի կոմպրեսորային կայանի կառուցման համար Պտղնիում որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն

Կոտայքի մարզի Պտղնի համայնքի վարչական սահմաններում նախատեսվում է կառուցել Աբովյանի գազի ստորգետնյա պահեստավորման կայանի (ԳՍՊԿ) նոր կոմպրեսորային կայան, ինչի նպատակով Պտղնիում գտնվող որոշ հողատարածքների նկատմամբ հանրության գերակա շահ կճանավի։ Կառավարության այդ որոշման նախագիծը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, Աբովյանի գազի ստորգետնյա պահեստավորման կայանի (ԳՍՊԿ) կառուցումը սկսվել է 1962թ. և իրականացվել է չորս փուլով: Ըստ նախագծի ԳՍՊԿ-ն կազմված է 27 գազահորերից և կոմպրեսորային կայանից, որը հնարավորություն է ընձեռնում ներմղել օրական մինչև 1,1 մլն խորանարդ մետր գազ և արտամղել՝ մինչև 6 մլն խորանարդ մետր գազ։

Առաջինից երրորդ փուլերով կառուցվել են N 1-19 գազահորերը` 50-125 հազար խորանարդ մետր երկրաչափական ծավալներով, որոնց շինարարությունը ավարտվել է 1986թ.: Առաջին գազահորը շահագործման է հանձնվել 1968 թվականին։

Չորրորդ փուլի շինարարությունը սկսվել է 1986թ., նախատեսված էր կառուցել N 20-27 գազահորերը` 150 հազար խորանարդ մետր ծավալով, սակայն ֆինանսավորման բացակայության պատճառով շինարարությունը մնացել է անավարտ: Մասնավորապես 1986-1990թթ. հորատվել են թվով 6 հորատանցքեր: Մոտ 20 տարվա ընդմիջումից հետո` 2004թ-ից շինարարական աշխատանքները վերսկսվել են: 2011, 2013 և 2015 թվականներին, արդեն իսկ հորատված հորատանցքերի հիմքի վրա լվացման միջոցով կառուցվել և շահագործման են հանձնվել երեք գազահորեր:

ՏԿԵ նախարարությունն ընդգծում է, որ առկա գազամոտոկոմպրեսորները կրիտիկական ռեժիմներին մոտ երկարատև շահագործման արդյունքում գործնականում սպառել են իրենց ողջ ռեսուրսը, այդ պատճառով անհրաժեշտություն է առաջացել նոր կոմպրեսորային կայան կառուցել։

Ըստ նախագծի հիմնավորման՝ Աբովյանի գազի ստորգետնյա պահեստավորման կայան նախատեսված է Հայաստանում գազի սպառման տարեկան (սեզոնային) անհավասարաչափությունը կարգավորելու, ինչպես նաև հանրապետություն ներմուծվող գազի սահմանափակումների դեպքում սպառողներին բնական գազով ապահովելու համար: 

Ներդրումային ծրագիրն իրականացնելու է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։ Նոր կոմպրեսորային կայանի և արտադրական հրապարակի համար նախատեսված կառուցապատման հողատարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 66 018 քառակուսի մետր, որից 9706 քառակուսի մետրը գտնվում է գործող Աբովյանի ԳՍՊԿ սահմաններում և 56 312 քառակուսի մետրը՝ նրա սահմաններից դուրս, որոնք էլ պետք է հանրային գերակա շահ ճանաչվեն։

56 312 քառակուսի մետրից 54 414 քմ մակերեսով հողատարածքները սեփականության իրավունքով պատկանում են ֆիզիկական անձանց և համայնքին: Մնացած 1897 քմ հողատարածքներից 1485,8 քմ-ն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սեփականություն, իսկ 412 քմ տարածքը չունի սեփականատեր:

ՏԿԵ նախարարության փոխանցմամբ՝ նկատի ունենալով, որ ԳՍՊԿ-ի օրինական, անխափան և անվտանգ շահագործումը չի կարող ապահովվել առանց վերը նշված հողամասերի նկատմամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ համապատասխան իրավունքի իրավաբանական ձևակերպման, Կոտայքի մարզի Պտղնի համայնքի վարչական սահմաններում գտնվող  հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու միջոցով հնարավորություն կտրվի ԳՍՊԿ-ի շահագործման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter