HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Առաջարկվում է բժշկական կազմակերպություններին վերապահել ծննդյան և մահվան պետական գրանցման վկայականներ տրամադրելու գործառույթը

Արդարադատության նախարարությունը մշակել է «Կառավարության 2021թ․ օգոստոսի 6-ի N1264-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծ։

Ըստ նախագծի՝ անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել հանրային ծառայությունների միասնական գրասենյակների և քաղաքացիների սպասարկման ոլորտում գործառույթներ իրականացնող այլ սուբյեկտների ցանկը։

Նշվում է, որ ներկայում նախատեսված են 3 միասնական գրասենյակ և 10 բժշկական կազմակերպություն, որոնց կողմից իրականացվում են Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոնի գործառույթներ:

Նախագծով առաջարկվում է 2 երկու նոր միասնական գրասենյակ ստեղծել Երևան և Վանաձոր քաղաքներում, որոնք, ի թիվս այլ գործառույթների, ներգրավված են լինելու քաղաքացիական կացության ակտերի գրանցման վարչական ընթացակարգում։

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված գործառույթներ իրականացնելու իրավունք կվերապահվեն նաև Առողջապահության նախարարության կողմից գործունեության թույլտվություն ստացած 386 բժշկական կազմակերպության։

«Վերջիններիս իրավասու աշխատակիցները, շնորհիվ Արդարադատության և Առողջապահության համապատասխան էլեկտրոնային համակարգերի համակցման, օպերատիվ կերպով կընդունեն միայն ծննդյան և (կամ) մահվան գրանցման դիմումները, կմուտքագրեն դրանք, և ՔԿԱԳ գործակալության կողմից դրանք ուսումնասիրելուց և հաստատելուց հետո էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային փոստով և (կամ) թղթային եղանակով կտրամադրեն հասցեատերերին»,- նշվում է նախագծի մեջ։

Ըստ նախարարության՝ քանի որ դիմողները գերազանցապես լինելու են տվյալ բժշկական հաստատություններում ծննդաբերած ծննդկանները (որպես միայնակ մայր կամ ամուսնու հետ), կամ լինելու են տվյալ բժշկական հաստատությունում հերձման (դատաբժշկական փորձաքննության) ենթարկվող մահացածի ընտանիքի անդամները կամ շահագրգիռ այլ անձինք, վերջիններս զերծ կմնան լրացուցիչ ժամանակի և ռեսուրսների ծախսից և հնարավորություն կունենան տեղում ձևակերպել ծննդի և մահվան պետական գրանցումները՝ ստանալով համապատասխան վկայականը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter