HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բայդենը Ռուսաստանին սպառնացել է աղետալի տնտեսական պատժամիջոցներով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր պաշտոնավարման մեկ ամյակին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի դեմ սահմանել աղետալի տնտեսական պատժամիջոցներ, եթե վերջինս հարձակվի Ուկրաինայի վրա։ Մամուլի ասուլիսը, որը տևել է գրեթե երկու ժամ, հեռարձակվել է Սպիտակ տան յութուբյան ալիքով։ 

«Նա (խմբ. Վլադիմիր Պուտինը) երբեք նման պատժամիջոցներ չի տեսել, ինչպիսին ես խոստացել եմ կիրառել, եթե նա այդ քայլն անի»,- սպառնացել է Բայդենը։ Վերջինս, մասնավորապես, Ռուսաստանին զգուշացրել է Ուկրաինայի վրա հարձակման «աղետալի հետևանքների» մասին։ Բայդենի պնդմամբ՝ Մոսկվան կբախվի «կոշտ տնտեսական հետևանքների հետ»։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ռուսական բանկերը չեն կարողանա դոլարով գործարքներ անել։ «Եթե նրանք ներխուժեն, պատասխան կտան։ Նրանց բանկերը չեն կարողանա գործ ունենալ դոլարի հետ»,- նշել է ԱՄՆ առաջնորդը։

Բայդենը հավելել է, որ առաջիկայում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցումը քիչ հավանական է։ Բացի այդ, ԱՄՆ-ն մտադիր չէ Եվրոպայում կրճատել իր ռազմական ներկայությունը։ 

Ընդ որում, Բայդենն այն կարծիքին է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լիարժեք պատերազմի ցանկություն չունի։ Նա նշել է, որ դիտարկում է Պուտինի հետ գագաթնաժողով անցկացնելու հնարավորությունը, քանի որ նախորդ հանդիպումների ժամանակ քննարկվել է անհրաժեշտության պարագայում նման հնարավորությունը։

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ վաղը՝ հունվարի 21-ին, Ժնևում կհանդիպեն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերի առաջքաշման և այդ երկիր հնարավոր ներխուժման լուրերի ֆոնին, ինչը ռուսական կողմը հերքում է, Եվրոպայում կայացել է անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների երեք փուլ։ Հունվարի 10-ին այդ թեման քննարկվել էր Ժնևում Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, հունվարի 12-ին՝ Բրյուսելում Ռուսաստան-ՆԱՏՕ նիստի շրջանակներում, իսկ հունվարի 13-ին՝ Վիեննայում ԵԱՀԿ քննարկման շրջանակներում։

Ժնևում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ Ռուսաստանը ներկայացնում էին ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը և պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը։ Ամերիկյան պատվիրակության ղեկավարն էր պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը։

Լուսանկարը՝ Սպիտակ տան մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter