
Պետական մարմինների կողմից տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու տուգանքի չափը կավելանա
Արդարադատության նախարարությունն առաջարկում է ավելացնել պետական կառույցների կողմից տեղեկություններն ապօրինաբար չտրամադրելու համար նախատեսված վարչական տուգանքի չափը։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 51-դ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք: Ըստ Տեղեկատվության ազատության մասին օրենքի 6-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը։ Այս պահանջը տարածվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների և դրանց պաշտոնատար անձանց վրա։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 189․7 հոդվածի գործող կարգավորումներով՝ նշված մարմինների և անձանց կողմից օրենքով նախատեսված տեղեկությունը ապօրինաբար չտրամադրելը տուգանվում է նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով (10 000 - 50 000 դրամ, խմբ․):
Վարչական տույժ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկին կատարելու դեպքում տուգանքը նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով է (50 000 - 100 000 դրամ, խմբ․)։
Այժմ Արդադարադտության նախարարությունն առաջարկում է առաջին անգամ տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար տուգանքը դարձնել 50 000 - 70 000 դրամ, իսկ տույժից հետո մեկ տարվա ընթացքում կրկին խախտելու դեպքում՝ 100 000 - 150 000 դրամ։
Արդարադատության նախարարության տվյալներով՝ 2019 թվականից առ այսօր տեղեկություն տնօրինողներին հասցեագրված գրավոր հարցումների 18%-ի դեպքում տեղեկություն տնօրինողները օրենքի խախտմամբ ամբողջությամբ կամ մասնակիորեն չեն տրամադրում իրենցից պահանջված տեղեկությունները: Նշված ժամանակահատվածում հարցումների 3%-ին առհասարակ որևէ պատասխան չի ներկայացվել, 9%-ի դեպքում պատասխանները թերի են եղել, այսինքն՝ հարցմամբ պահանջված որոշ տեղեկություններ չեն տրամադրվել, 3%-ի դեպքում տեղեկությունը չի տրամադրվել՝ անհիմն մերժվել է առանց օրենքով նախատեսված պատշաճ իրավական հիմքի, և ևս 3%-ի դեպքում ստացվել է անհիմն պատասխան։
Տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձի աշխատավարձը, որպես կանոն, գերազանցում է միջին ամսական անվանական աշխատավարձը, ուստի այս պայմաններում 10-50 հազար դրամ տուգանքը, ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, չի կարող էական կանխարգելիչ ազդեցություն ունենալ տեղեկություն տնօրինողների կողմից տեղեկատվության ազատության իրավունքի խախտումների վրա։
Այս օրենքի նախագծի նախաձեռնողը «Ինֆորմացիայի ազատության կենտրոնն» է, որը հանրագրով ներկայացրել է Արդարադատության նախարարությանը:
Հավելենք, որ օրինական ուժ ստանալու համար այս նախագիծը նախ պետք է արժանանա Կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից։ Այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող քսաներորդ օրը:
Մեկնաբանել