
Գարիկ Սարգսյանին Վեդիի համայնքապետ դարձնելու գինը պետական բյուջեից 33 մլն դրամ «փոշիացնելն» էր
2021թ. դեկտեմբերի 5-ին Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու ընտրությունների կազմակերպման և անցկացման համար պետական բյուջեից ծախսվել է ավելի քան 33 մլն դրամ: Սակայն, այդ ծախսերը փոշիացվեցին և առաջիկայում նույնքան էլ կծախսվի նոր ընտրություններ անցկացնելու համար, քանի որ իշխող կուսակցությունն ամեն գնով ցանկանում է Վեդիում համայնքապետի պաշտոնում տեսնել իր թեկնածուին:
Ստորև հրապարակում ենք Վեդի համայնքի ընտրությունների ամբողջական ծախսերը, որի վերաբերյալ տեղեկատվությունը «Հետք»-ին տրամադրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
2021թ․ դեկտեմբերի 5-ին Վեդի խոշորացված համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրությունների ժամանակ Գարիկ Սարգսյանը գլխավորում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։ Վեդիում ընտրություններում ամենաշատ ձայները ստացել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 43,06 %, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 38,21 %, իսկ «Հանրապետությունը»՝ 16,39 %: Քանի որ մեծամասնություն որևէ քաղաքական ուժ չէր կազմում, իսկ կոալիցիա ձևավորել չստացվեց, քանի որ բոլոր տարբերակներով վարչապետ Նիկոլ Փաշինյանի սանիկը՝ Գարիկ Սարգսյանը, պետք է դառնար համայնքապետ, իշխանությունները որոշեցին գնալ նոր ընտրությունների ճանապարհով:
2021թ. դեկտեմբերի 16-ին թիվ 13 տարածքային ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած ճանաչեց Վեդի խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին մասնակցած «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ավագանու անդամի թեկնածուների գրանցումը: Վերջիններս ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել՝ նպատակ ունենալով Վեդիում անցկացնել նոր ընտրություններ:
Հունվարի 4-ին կառավարությունը որոշեց վաղաժամկետ դադարեցնել Վեդի համայնքի ավագանու լիազորությունները և նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ:
Արտահերթ ընտրություններ նշանակելուց մեկ օր անց՝ հունվարի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գարիկ Սարգսյանը նշանակվեց Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Այս հանգամանքն արդեն ապացուցում է, որ իշխանություններն ամենևին չեն ցանկանում մրցակցային և արդար ընտրություններ անցկացնել Վեդիում: Գարիկ Սարգսյանը դարձյալ առաջադրվելու է Վեդի համայնքի ավագանու ընտրություններում և նրան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելով փորձ է արվելու, վարչական ռեսուրսի կիրառմամբ, ամեն գնով նրան դարձնել համայնքի ղեկավար:
«Քաղաքացին 56% ձայն է տվել երկու մաքուր քաղաքական ուժի, բայց քանի որ բանակցությունների արդյունքում կոալիցիա չձևավորվեց, որոշվեց գնալ այս ճանապարհով։ Ճիշտ է ամենալավ տարբերակը չէ, բայց ստեղծված փակուղուց դուրս գալու միակ ողջամիտ տարբերակն է»,-սոցիալական իր էջերում գրել էր Գարիկ Սարգսյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2022թ. հունվարի 10-ի արտահերթ նիստով որոշել է Վեդի համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների անցկացման օր նշանակել մարտի 27-ը:
Մեկնաբանել