
Լռության օրը ՕԵԿ-ն ընտրակաշառք է բաժանել Ալավերդիում (լուսանկարներ)
«Օրինաց երկիր» կուսակցության կողմից Ալավերդի քաղաքի ընտրողներին բջջային հեռախոսներ և հեռախոսահամարների քարտեր բաժանելու լուրերն արդեն 10 օրից ավելի է, ինչ շրջանառվում են Ալավերդիում:
Մայիսի 5-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Ս.Սարահարթ թաղամասի բնակիչներին ընտրակաշառքներ բաժանելու ահազանգ ստանալով՝ «Հետքը» հայտնվեց «Օրինաց երկիր» կուսակցության Ս.Սարահարթ թաղամասում տեղակայված շտաբում:
Շտաբի սեղաններին փռված էին «Օրանժի» հեռախոսահամարների և 20 տոկոս զեղչով բուժսպասարկումից օգտվելու քարտեր:
Շտաբում՝ սեղանների վրա կային նաև ընտրողների անձնագրերի պատճեների մեծ կույտեր: Այստեղ «Հետքին» բացատրեցին,որ քաղաքացիներից անձնագրերի պատճեները հավաքել են հեռախոսահամարներ բաժանելու նպատակով: «Մենք անձնագրերի պատճեները ուրիշ բանի համար չենք հավաքել»,- ասացին շտաբի աշխատակիցները (անունները չենք հրապարակում):
«Մենք չգիտենք քաղաքի ներքին հատվածում որքան հեռախոսահամարների քարտեր են բաժանվել,բայց Սարահարթ թաղամասի ընտրողներին մենք 200-ից պակաս ենք բաժանել»,- ասացին շտաբի երկու աշխատակցուհիները:
Վերջիններս նաև հայտնեցին, որ բուժսպասարկման զեղչի քարտերը ամբողջ տարվա համար են:
«Տարվա ընթացքում այդ քարտեր ստացողները քանի անգամ հիվանդանան, 20 տոկոս զեղչով են վճարելու իրենց բուժման վճարները: Արթուր Բաղդասարյանը միշտ ա իր կուսակցության անդամներին լավ նայում: Մենք մարդկանց ցանկությունով ենք սա բաժանում»,-ԱԺ ընտրությունների նախօրեին իրենց բաժանած ընտրակաշառքների համար արդարացան «Օրինաց երկիր» կուսակցության շտաբում:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել