HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ա. Մանուկյան. «ՄԻՊ թեկնածուն ծպտուն չի հանի, որովհետև նրան հենց դրա համար են նստեցնում այդ պաշտոնին»

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրված Քրիստինե Գրիգորյանի վերաբերյալ հարցի քննարկմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն անդրադարձավ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանյաց արարողությանը: Նա միացրեց ձայնագրություն, որտեղ Պապիկյանը, անդրադառնալով կորոնավիրուսային համավարակին, նշել էր, որ շարունակում է խնդիր մնալ հավաքույթներն և մասնավորապես՝ հարսանյաց հանդեսները:

«Յուրաքանչյուրիս գործողությամբ կարող են փրկվել կյանքեր, և անգործությամբ կարող են արձանագրվել մահեր: Մեզ պետք է հանրային բարձր գիտակցություն»,- ձայնագրության մեջ ասում էր Պապիկյանը:

Պատգամավորի խոսքով` դեռ երեք տարի առաջ Պապիկյանը կերազեր նման օլիգարխիկ հաճույքներին համարժեք հարսանյաց հանդես անել:

Այս խոսքերից հետո քաղաքական մեծամասնության պատգամավորներից տեղից արձագանքում էին, սակայն նախագահող Ալեն Սիմոնյանը սաստեց գործընկերներին և զգուշացրեց` դահլիճից կհեռացնի, եթե տեղից խոսեն:

«Իմ հիշատակած անձնավորությունը, իր քաղաքական թիմի անդամներն ու իրենց հրահանգավորող ղեկավարը շաբաթ օրը մասնացել են հարսանիքի, հարսանիք, որն իր ճոխությամբ չէր զիջում նախկին իշխանությունների ժամանակ պաշտոնյաների կողմից կազմակերպվող նմանօրինակ միջոցառումներին: Հարսանիք, որն արվում էր նույն ժամանակ, երբ Ադրբեջանը մտել է ինքնիշխան տարածք ու ամիսներով դուրս չի գալիս»,-ասաց Մանուկյանը:

Պատգամավորը տարակուսանք հայտնեց, թե հարսանյաց հանդեսի ներկաներից քանիսից են պահանջել պատվաստումը հավաստող տեղեկանք, ինչպես նաև հավելեց` կոռուպցիոն ռիսկի առերևույթ կասկածներ են առաջանում:

«Եւ որի վերաբերյալ ծպտուն չի անի ՔՊ-ի ներկայացրած ՄԻՊ թեկնածուն, ինչպես որ խուսափողական պատասխան տվեց «Վիվառո»-ի սեփականատիրոջ հետ ահա այստեղ նստած Ալեն Սիմոնյանի և մյուս պատգամավորների միկոնոսյան զվարճանքների և Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերության ասֆալտապատման տենդերներ շահելու մասին իմ հնչեցրած հարցին: Չի հանի, որովհետև նրան հենց դրա համար են նստեցնում այդ պաշտոնին»,- ասաց Արեգնազ Մանուկյանը:

Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց` օրենսդրության համաձայն ՄԻՊ-ի պաշտոնում կարող է առաջադրվել հանրության շրջանում բարձր հեղինակություն ունեցող անձ: Նա ընդգծեց` ակնհայտ է, որ Քրիստինե Գրիգորյանը չի բավարարում այս պահանջին, նա ոչ միայն բարձր հեղինակություն չունի, այլ նաև լայն հանրության շրջանակներին անհայտ է:

«Բացի այդ` մեզ հայտնի չեն հանրային հնչեղություն ունեցող երևույթների վերաբերյալ թեկնածուի տեսակետները, նա եղել է այս իշխանության թիմում ու ծպտուն չի հանել իրավականի անվան տակ քաղաքական հետապնդումների, դատարանները շրջափակելու, Հայաստանի տարածքները բանավոր փոխըմբռմամբ թշնամուն հանձնելու վերաբերյալ»,- ասաց Մանուկյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter