HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դավիթ Տոնոյանը, Դավիթ Գալստյանը, Ստեփան Գալստյանն ու Ավետիք Մուրադյանը կմնան կալանավորված

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, քիչ առաջ որոշեց անփոփոխ թողնել Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՊՆ-ին զենք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի, ՊՆ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, Ռազմական Ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի խափանման միջոց կալանավորումը: Դատարանը մեղադրյալներից մեկին` Արտյոմ Համբարյանին, 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը բավարարեց:

Նիստը դռնփակ էր, լրագրողներին այս մասին ասաց Դավիթ Տոնոյանի պաշտպաններից Սերգեյ Հովհաննիսյանը:

Այսպիսով այս պահին ՊՆ-ից ենթադրյալ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով 7 մեղադրյալներից 4-ը կալանքի տակ են, 3-ի` ՊՆ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ՊՆ ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանի և ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանի նկատմամբ ընտրված է ազատազրկման հետ չկապված խափանման միջոց: Կալանքի տակ գտնվող անձանց պաշտպանները թեև չեն առարկում երեք մեղադրյալի նկատմամբ ազատազրկման հետ չկապված խափանման միջոցի ընտրությունը` այնուամենայնիվ, համեմատականներ կատարելով` բարձրաձանում են այն մասին, որ, փաստորեն ՊՆ-ում պաշտոն զբաղեցնող անձինք ազատության մեջ են, իսկ նրանք, որոնք պաշտոն չեմ զբաղեցնում, կալանքի տակ: Սա այն պարագայում, երբ մեղադրյալների նկատմամբ կալանավորումը` որպես խափանման միջոց ընտրելու հիմնավորումների մեջ մեղադրանքի կողմը նշել է, որ առկա է մեղադրյալների կողմից գործի քննությունը խոչընդոտելու ռիսկ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք պաշտոն են զբաղեցրել ՊՆ-ում:

Հիշեցնենք, որ դատարանը հունվարի 21-ին էր ավարտել մեղադրյալների խափանման միջոցի հարց քննությունն ու հեռացել խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Դավիթ Գալստյանի, Ավետիք Մուրադյանի, Արտյոմ Համբարյանի պաշտպանները դատարանին ներկայացրել են իրենց պաշտպանյալներին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն, իսկ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանն էլ ներկայացրել է նախկին նախարարին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն: Տոնոյանի պատշաճ վարքագիծն ազատության մեջ երաշխավորել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը, Քրիստինե Պողոսյանը և «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանը:

ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն` քրեական գործը վերաբերում է Զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերին, մասնավորապես` ՊՆ-ի կողմից անպիտան հրթիռներ գնելուն:

Դատախազությունից էլ մանրամասնել են, որ քրեական գործով պարզվել է, որ ԶՈւ և ՊՆ- ի բարձրաստիճան պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» և «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից Պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018թ. ընկերությունից ընդունել՝ ձեռք են բերել 4232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը։

Պարզվել է նաև, որ վերը նշված անձինք ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի կնքման համար առկա խոչընդոտները վերացնելու և իրենց գործողություններին օրինական տեսք տալու համար պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցրել են փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալ տեսակին՝ դրանում նշելով ռազմամթերքը գործարանային արկղերով ՊՆ N զորամասի կենտրոնական պահեստ մատակարարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։

Ընդ որում՝ նշված ռազմաթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումարի հափշտակություն։ Ըստ մեղադրանքի` Դավիթ Տոնոյանի՝ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արտակ Դավթյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, Ստեփան Գալստյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ավետիկ Մուրադյանի՝ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Վլադիմիր Բաբայանի՝ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արտյոմ Համբարյանի՝ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Գալստյանի՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Մեղադրյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:

Լուսանկարում` Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter