
Խաչատուր Սուքիասյան. «Երբ ընտրվում էր նախագահ, չգիտե՞ր իր իրավունքների սահմանները»
«Միգուցե կանխատեսելի էր»,- այսպես է արձագանքում իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ լրագրողների հարցին:
Դիտարկմանը, որ հրաժարականի տեքստում նախագահը խոսել էր իր սահմանափակ լիազորությունների մասին, պատգամավորը հարցով է արձագանքում.
«Երբ ընտրվում էր նախագահ, չգիտե՞ր իր իրավունքների սահմանները: Մինչև պաշտոնը ստանձնելը պետք է Սահմանադրությանը ծանոթանար»:
Պատգամավորի խոսքով` պետք է հասկանալ, թե Արմեն Սարգսյանը ինչ առնչություն ունի Հայաստանի հետ:
«Մենք պետք է ուսումնասիրենք ընդհանրապես ցանկացած մարդու կապիտալը որտեղ է գտնվում, եթե հայ մարդու կապիտալի 90%-ն այլ երկրում է գտնվում, ես պետք է հասկանամ` Հայաստանին ինչ աստիճան է վստահում ու ինչ աստիճան է սիրում»,- ասում է Խաչատուր Սուքիասյանը:
Պատգամավորը կոչ է անում հաշվել չորս տարվա ընթացքում պետությունը որքան գումար է ծախսել նախագահի ինստիտուտի համար, և ստուգել` գոնե 1% օգուտ տրվել է ՀՀ-ին, թե ոչ:
«Ուզում եմ հասկանալ՝ ՀՀ-ին ինչ օգուտ է տրվել թեկուզ ներդրումների, բարեկամ երկրների որոնման, բարեկամություն հաստատելու առումներով»,-նշում է նա:
Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել հունվարի 23-ի երեկոյան: Սահմանադրության համաձայն` եթե մեկ շաբաթվա ընթացքում նախագահը դիմումը հետ չի վերցնում, ապա ԱԺ նախագահը կազմում է արձանագրություն` Հանրապետության նախագահի լիազորությունների դադարեցման վերաբերյալ:
Մեկնաբանել