HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկու բացահանք, գործարան և պոչամբար՝ Մուցք գյուղի կողքին․ Սուրեն Պապիկյանը հաստատել է պաշարները

«Գեոռեյդ» ՓԲԸ-ն պատրաստվում է շահագործել Սյունիքի մարզի Մուցքի ոսկու հանքավայրը։ Հանքավայրի հենքի վրա նախատեսում է կառուցել և գործարկել տարեկան 150 000 տ հանքաքարի արդյունահանում ապահովող գործարան: Արդեն նաև պոչամբարի համար տարածք է նախատեսվել՝ կոմբինատից 600 մ հեռավորությամբ:

Նախագծվող բացահանքը և ենթակառուցվածքները գտնվելու են Մուցք գյուղի կենտրոնից մոտ 1 կմ հեռավորության վրա, գյուղի բնակելի տարածքների հարավային սահմանից՝ 800 մ հեռավորության վրա:

Ընկերությունը Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել արդյունահանման նախագիծը։ Այդ նախագծից տեղեկանում ենք, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի հունվարի 18-ի թիվ 27-Ա հրամանով հաստատվել են Սյունիքի մարզի Մուցքի ոսկու հանքավայրի պաշարները: Այդ հրամանը նախարարության կայքում չկա։ Ամսաթվից կարելի է ենթադրել, որ այն կայացրել է նախկին նախարար, այժմյան պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Մուցքի ոսկու հանքավայրը գտնվում է Սիսիանի տարածաշրջանում, Մուցք գյուղից 3.5 կմ հարավ, հարավ-արևելք, Շաղատ գետի վտակ հանդիսացող «Անանուն» ձորակի աջ թևում: Վարչական տեսակետից ներառված է Սիսիան խոշորացված համայնքի Մուցք բնակավայրի սահմաններում:

Հայցվող տարածքը կազմում է 131 հա մակերես։ Մուցք բնակավայրի վարչական ղեկավար Դրաստամատ Նավասարդյանը մեզ հեզ զրույցում հայտնեց, որ այնտեղ կան ինչպես համայնքային սեփականության, այնպես էլ բնակիչների սեփականության հողեր՝ վարելահողեր և խոտհարքեր։ Գյուղացիների սեփականությունը հանդիսացող շուրջ 35-40 հա վարելահող կա։ «Հիմնականում կորնկան, հաճար է ցանվում, ուրիշ բաներ մեր մոտ չի աճում»,- ասաց Դրաստամատ Նավասարդյանը։

Արդյոք բնակիչները համաձայնություն տվե՞լ են՝ իրենց վարելահողերը հանքարդյունաբերողներին փոխանցելուն և ապրուստի միջոցից զրկվելուն՝ մեր հարցին, վարչական ղեկավարն ասաց, որ դեռևս այդ հարցով բանակցություններ չեն եղել բնակիչների հետ։ Իսկ հանրային քննարկմանն, ըստ Դ․ Նավասարդյանի, այդ մասին խոսակցություն չի եղել։

ՇՄԱԳ նախագծից տեղեկանում ենք, որ հայցվող տարածքում ներառված և քաղաքացիների սեփականություն հանդիսացաղ հողերի ձեռք բեռման հարցերը քննարկման փուլում են:

Այս պահին Մուցքում 300 բնակիչ կա, անասնապահությամբ և դաշտավարությամբ են զբաղվում։

«Ի՞նչ վնաս պետք է տա, որ վնաս է տալու, ի՞նչ անենք՝ չապրենք էս երկրում, բա մեր ժողովուրդն ինչո՞վ ապրի։ Ես անձամբ կողմնակից եմ, իրենք բոլոր բաները կառուցում են, որ թունավոր չլինի, ուրան-մուրան էլ չկա, իրենց ասելով՝ վնասակար չէ»,- նշեց վարչական ղեկավարը։ 

Դրաստամատ Նավասարդյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ արդեն 3 հանրային լսումներ են կայացել գյուղում անցյալ տարի։ Բնակիչներն իրենց համաձայնություն տվել են, իսկ ընկերությունը խոստացել է 120 աշխատատեղ ստեղծել։

«Ապրիլի սկզբից պիտի ինչ-որ կոմբինատներ կառուցեն, թե ոնց կլինի, ինչ կլինի, չեմ կարող ասել»,- տեղեկացրեց վարչական ղեկավարը։

Դատարկ ապարների լցակույտը հանքավայրի շահագործման ընթացքում լինելու է բացահանքից մոտ 1 կմ արևմուտք-հյուսիս-արևմուտք: Լեռնային աշխատանքների մարման փուլում լցակույտերում պահեստավորված մակաբացման ապարների մի մասը հնարավորության դեպքում տեղափոխվելու է բացահանք՝ դրանով իսկ ապահովելով լեռնային աշխատանքներով խախտված տարածքների վերականգնումը:

Բուն հանքավայրի շրջանում գետային ցանցը ներկայացված է Շաղատ գետով և դրա Դմբդմբան և ժամանակավոր հոսք ունեցող Անանուն վտակներով:

Նախագծում նշվել է, որ բուն հայցվող տարածքում, դրա անմիջական հարևանությամբ սողանքային մարմին կա, որը դասվել է վտանգավորության III-րդ դասին և համարվել ցածր-միջին ռիսկային: Ըստ ՇՄԱԳ-ի՝ սողանքային մարմնի ազդեցության շրջանով անցնելու են միայն ծրագրավորվաղ բացահանքը սպասարկող ճանապարհները, որոնց նախագծումն ու կառուցումը կկատարվի մանրազննին ինժեներաերկրաբանական հետազոտություններից հետո: Այսինքն՝ այս ամենից պարզ է դառնում, որ մանրազննին ինժեներաերկրաբանական հետազոտություններ այդ մասով դեռևս չեն իրականացվել և հնարավոր ռիսկերը չեն գնահատվել։

«Գեոռեյդ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2009թ․-ին։ Այստեղ խոշոր բաժնետեր է Աշոտ Սաֆարյան, նրա մասնակցությունը հասնում է 50 տոկոսի։ Հովսեփ Հովասափյանն ու Արմեն Սաֆարյանը հավասարապես կիսում են մնացած 50 տոկոսը։

Հիշեցնենք, որ «Գեոռեյդ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզի Սալվարդ սարի հյուսիս-արևելյան լանջին երկրաբանաորոնողական աշխատանքներ կատարելու հայտ էլ էր ներկայացրել։ Հայցվող տարածքը գտնվում էր Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում, Սալվարդ սարի հյուսիս- արևելյան լանջին, Շաղաթ գետի ավազանում, Սիսիան քաղաքից 28 կմ արևմուտք, Շաղատ գյուղից 8 կմ դեպի հյուսիս: Այն սահմանակից է արդյունահանման համար հայցվող տարածքին։ 

Փետրվարի 4-ին՝ ժամը 12:00-ին, Մուցք բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում հանքավայրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի  վերաբերյալ հանրային 2-րդ քննարկումն է նախատեսված։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter