
«Գեոռեյդ» ՓԲԸ-ն Սյունիքում նոր տարածքներ է վերցնում ոսկի որոնելու համար
«Գեոռեյդ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզի Սալվարդ սարի հյուսիս-արևելյան լանջին երկրաբանաորոնողական աշխատանքներ է կատարելու 2018-2021թթ.: Հայցվող տարածքը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում, Սալվարդ սարի հյուսիս- արևելյան լանջին, Շաղաթ գետի ավազանում, Սիսիան քաղաքից 28 կմ արևմուտք, Շաղատ գյուղից 8 կմ դեպի հյուսիս:
Ընկերությունը, սակայն, նախագծում չի հստակեցրել, թե ինչ է որոնելու այդ տարածքում: ‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ից փորձեցինք ճշտել, թե երկրաբանաորոնողական աշխատանքները որ նյութերի կամ մետաղների հայտնաբերմանն են ուղղված: Պարզվում է՝ «Գեոռեյդ» ՓԲԸ-ն ոսկի և բազմամետաղներ է որոնելու: Պարզապես ԲՆ կայքում ամբողջական նախագիծը չի տեղադրվել, այն շուտով կամբողջացվի:
Նախագծում բազմամետաղների և ոսկու մասին միակ նշումը հետևյալ պարբերությունում է. «Հայցվող տարածքում առանձնացվում են բազմամետաղային և պղինձպիրիտային հանքայնացում, որոնց հետ էլ կապված է ոսկու հանքայնացումը»:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ հունիսի 7-ին ԱԺ-ում ներկայացնում էր կառավարության ծրագիրը, նշեց, որ արդեն կոնկրետ հանձնարարականներ է տվել, նախ՝ առժամանակ կասեցնելու ընդերքօգտագործման համար տրամադրվող նոր թույլտվությունների գործընթացը՝ մինչև օրենսդրական հստակեցումները, շրջակա միջավայրի, առողջության, սոցիալ-տնտեսական ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը։
‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ից տեղեկացրին, որ որոնողահետազոտական աշխատանքների համար բնապահպանական փորձաքննական գործընթացի դադարեցման վերաբերյալ որևէ հանձնարարական իրենք չեն ստացել:
Հիշեցնենք, որ «Գեոռեյդ» ՓԲԸ-ն արդեն ունի Մուցքի ոսկու հանքավայրի ուսումնասիրման լիցենզիա: Մուցքի բազմամետաղի հանքերևակումը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Մուցք գյուղից 3,5 կմ հարավ-արևելք, Շաղատ գետի վտակ Բեզիմյաննայա գետակի աջ ափին: Տարածքը, ըստ տեղաբնակների, կոչվում է Մադան և Ամպոտ: Հանքերևակումը գտնվում է Սիսիան քաղաքից 28 կմ հեռավորության վրա: Որոնողագնահատողական աշխատանքների տարածքը կազմում է 600 հա:
Ստացվում է, որ հայցվող տարածքը սահմանակից է արդեն իսկ որոնողահետախուզական աշխատանքներ իրականացվող տարածքին:
Նոր՝ հայցվող տարածքի հիմնական ջրագրական միավորը Շաղատ գետն է իր Արգիլի, Գիժ և Այրի վտակներով, ինչպես նաև Որոտանի վտակ Հարամ գետը: Հայցվող տարածքից տարածաշրջանի գետերի հեռավորությունը կազմում է` Որոտանից` 8 կմ, Շաղատից՝ 7 կմ, Հարամից՝ 2 կմ:
Նախագծի համաձայն՝ բույսերի և կենդանիների Կարմիր գրքում զետեղված նյութերի վելուծությունից հետևում է, որ Սյունիքի մարզի հայցվող տարածքում չկան հատուկ պահպանվող տեսակների աճելու և ապրելու վայրեր: Հետևաբար հանքաերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները չեն կարող բացասաբար անդրադառնալ պահպանվող տեսակների պոպուլիզացիաների քանակի վրա:
Հիշեցնենք, որ «Օրոգեն» ընկերությունն էր հետաքրքրված Մուցքի հանքավայրի պաշարներով: Ավելին, «Գեոռեյդ» ՓԲԸ-ի ֆինանսական հաշվետվության մեջ նշվում է, որ առ 2017թ. դեկտեմբերի 31-ը ընկերության վերջնական վերահսկող կողմը «Օրոգեն գոլդ (Արմենիա)» ՍՊԸ-ն է, ով իրավասու է իր հայեցողությամբ և իր օգտին ուղղորդել ընկերության գործարքները:
Ըստ ֆինանսական հաշվետվության՝ ներկայում ընկերության 467 բաժնետոմսերը պատկանում են Իռլանդիայում գրանցված «Օրոգեն գոլդ (Արմենիա)» ՍՊԸ-ին, 36-ը՝ ՌԴ քաղաքացի Հովսեփ Հովասափյանին, 25 բաժնետոմս` «Գեոռեյդ» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Սաֆարյանին և 12 բաժնետոմս՝ Լյուդմիլա Բադալյանին:
Մեկնաբանել