HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Հանրային սննդի վայրեր` QR կոդով, տրանսպորտ՝ առանց. նոր սահմանափակումներն ու տվյալների գաղտնիությունը

Հունվարի 22-ից ուժի մեջ են մտել մի շարք սահմանափակումներ, ըստ որի՝ հանրային սննդի վայրեր, հյուրանոցներ, կինո, թատրոն, գրադարան և այլ մշակութային գործունեություն իրականացնող տարածքներ այցելելիս մուտքը թույլատրվում է միայն կորոնավիրուսի դեմ պատվաստման QR կոդի հավաստման, 72 ժամվա վաղեմության ՊՇՌ թեստի կամ 24 ժամվա հակամարմնի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում։

Այս սահմանափակումները մի շարք հակասական արձագանքների տեղիք տվեցին։ Մասնավորապես, քաղաքացիները դժգոհում էին, որ պատվաստման առկայությունը հավաստող «Armed» համակարգում իրենց անձական տվյալներն են, որոնք, փաստորեն, արդեն հասանելի են դառնալու երրորդ անձանց։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասում է, որ քաղաքացին «իր կամքի շրջանակներում է տրամադրում այդ տեղեկատվությունը», իսկ հանրային տրանսպորտում, խանութներում, առևտրի կենտրոններում նման սահմանափակումներ չկան, քանի որ դրանք «ծայրահեղ անհրաժեշտության» այցելելու վայրեր են, և սահմանափակում կիրառելը ճիշտ չէ։



Ինչպե՞ս QR կոդերով մուտքը հանրային վայրեր կնպաստի կորոնավիրուսի վարակի կանխարգելմանը, եթե, օրինակ, ավելի մեծ կուտակումներ ունեցող հանրային տրանսպորտում կամ հիվանդանոցներում մարդկանց մուտքն առանց կոդի է։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասում է, որ կան վայրեր, որտեղ այցելելը մարդկանց համար անհրաժեշտություն է, հետևաբար, սահմանափակումները դրանց չեն վերաբերում.

«Այո’, մոլերի, սննդի խանութների ու առևտրի կենտրոնների համար սահմանափակումը չի գործում, որովհետև մենք սկզբունք ենք վերցրել` հնարավորինս անհրաժեշտ ծառայությունների նկատմամբ, չկիրառել այս սահմանափակումը, դրանք կիրառել ժամանցի վայրերի, հանրային սննդի վայրերի համար, մի կողմից, որովհետև այստեղ վարակման հնարավորությունը, երբ որ մարդիկ միասին ճաշում են, ավելի բարձր է, և երկրորդը` այն առաջնային ծառայությունները, առանց որի մարդուն դժվար է պատկերացնել, այդ ծառայությունները հնարավորինս զերծ ենք պահում սահմանափակումներից»,- ասում է նախարարը։

Այն հարցին՝ արդյոք հետագայում հնարավոր է հանրային տրանսպորտը նույնպես լինի QR կոդերով, Ավանեսյանն ասաց, որ թեև այն վարակի տարածման առումով ռիսկային է, բայց այնտեղ կշարունակվի պահպանվել դիմակների ռեժիմը։

«Մենք հասկանում ենք, որ հանրային տրանսպորտը, կամ աշխատանքի վայրը, սննդի խանութն այն վայրերն են, որոնք որ անհրաժեշտություն են հանդիսանում, և դրանց վերաբերյալ սահմանափակումները շատ ծանրակշիռ, հանգամանալից քննարկման արդյունքում միայն կարող են կայացվել»,- ասաց նախարարը։

Ա. Ավանեսյանի խոսքով, ամեն դեպքում, որևէ սահմանափակում չի կարող միանշանակ ընդունվել, սակայն 2021թ. կիրառված փոքրաթիվ սահմանափակումներն իրենց կարևոր արզդեցությունն են ունեցել կորոնավիրուսի համավարակը կառավարելու, պատվաստումները խթանելու, հանրային իմունիտետի շերտ ստեղծելու հարցում, ինչը պաշտպանելու է բնակչությանը՝ թույլ տալով համավարակից դուրս գալ քիչ կորուստներով։

Նախարարն ասում է, որ ինքը երեկվանից բազմաթիվ հանրային վայրեր է այցելել, որտեղ սահամանափակումներով հանգիստ աշխատում էին, տեխնիկական որևէ խոչընդոտ չի եղել, իսկ քաղաքացիներն էլ իրենց կամքով ցույց են տվել պատվաստումը հավաստող ծրագրի պատուհանը։

Այնուամենայնիվ, QR կոդի սկանավորման ժամանակ անձնական տվյալներ են հասանելի դառնում երրորդ անձանց, ի՞նչ անի քաղաքացին այս դեպքում։

Ա. Ավանեսյանն կարծում է, որ կոդը ցույց տալով՝ անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում, տվյալների որևէ արտահոսք չի լինում, քանի որ «քաղաքացին իր կամքով է ցույց տալիս իր հետազոտության արդյունքները», և «այս հանգամանքում որևէ գաղտնիության հարց չկա»։

«Մեր հավելվածում («Armed», հեղ.) այնպես է ձևավորված, որ հենց առաջին էջում ուղղակի փաստում է անձի պատվաստված լինելը, ՊՇՌ թեստի բացասական պատասխանը, այսինքն՝ այդ կանաչ պատուհանը, և քաղաքացին, հետազոտության արդյունքը ցույց տալով, կարող է օգտվել որոշակի ծառայություններից»,- ասում է Ա. Ավանեսյանը՝ նշելով, որ սա կորոնավիրուսի համավարակը զսպելու մեխանիզմներից մեկն է։

Նախարարը կարծում է, որ երբ մի կողմից նժարի վրա է դրվում հանրային առողջության հարցը, մյուս կողմից՝ այս սահմանափակումների անհարմարությունները, ակնհայտ է, թե հօգուտ ինչի պետք է ընտրություն կատարել։

Այնուամենայնիվ, Նախարարությունը քայլեր է ձեռնարկել վերջին տարիներին «Armed» համակարգի պաշտպանվածությունն ուժեղացնելու մասով. արդեն ստեղծվել են լրացուցիչ սերվերներային պահոցներ, և ծրագրի տարածմանը զուգընթաց, նոր ներդրումներ են իրականացվում՝ ավելացնելով քաղաքացիների բժշկական տվյալների պաշտպանվածությունը։

Անձնական տվյալների հանրայնացման մասով նախարարն ընդգծում է, որ բոլոր կարգավորումները ճանաչվել են Սահմանադրությանը համապատասխան, ինչ վերաբերում է փաստաբանների կողմից այդ առումով ներկայացվելիք հայցերին, Ա. Ավանեսյանն ասում է, որ դա «փաստաբանների իրավունքն է». օրենքից դուրս որևէ սահմանափակում իրենք չեն կիրառում։

«Երբ քաղաքացին որոշակի բաներից օգտվելու համար կամ իր կամքի շրջանակներում տրամադրում է այդ տեղեկատվությունը, այստեղ որևէ խնդիր չկա, և Սահմանադրական դատարանը հանգեց նույն եզրակացությանը»,- ասաց է նախարարը։

Թե ինչքանով այս սահմանափակումները կնպաստեն պատվաստումների թվի աճին, նախարարը դժվարացավ պատասխանել, սակայն ասաց, որ նոր շտամների առկայությունը, ինչպես նաև՝ այլ երկրների քաղաքականությունը նպաստում են, որ պատվաստումներն ակտիվանան։

Պատվաստումների՝ պարտադիր դարձնելու մասով որևէ քննարկում չկա։ Ըստ նախարարի՝ պատվաստումների դեմ տեղեկատվական արշավն ինչ-որ չափով հաղթահարված է, և մարդիկ տեսել են, «որ պատվաստումն անվտանգ է» և նվազեցնում է մահվան դեպքերը:

Ավանեսյանը նշեց, որ այժմ ԱՆ-ի համար պատվաստման թիրախային կենտրոնում 65-ից բարձր անձինք են, և իրենք, տեղեկատվություն տարածելով, զանգերի, սմս-ների միջոցով, փորձում են նաև խթանել պատվաստումն այդ անձանց շրջանում։ Բացի այդ, ներդրվել է տնային այցերի ծառայություն այն քաղաքացիների համար, որոնք տնից դուրս գալու դժվարություն ունեն։

Պատվաստանյութերի պակաս չկա, և այս ընթացքում մատակարարման որևէ խափանում չի եղել, այդպես էլ շարունակվում է. դրանք ձեռք են բերվել ինչպես բանակցությունների արդյունքում, այնպես էլ ստացվել են որպես նվիրատվություն։

Խոսելով վերջին շրջանում վարակի վերարտադրման ցուցանիշից, նախարարն ասաց, որ առաջիկայում կանխատեսվում է կորոնավիրուսի դեպքերի աճ։ Ինչ վերաբերում է օմիկրոն շտամի հայտնաբերմանը, ապա դա իրականացվում է ընտրանքային հետազոտության սկզբունքով. դրական հաստատված թեստերի միջից ընտրվում է մի քանիսն ու կատարվում սեկվենավորում։

«Ընդհանուր հիվանդածության մեջ բավական տոկոս կազմում է օմիկրոն շտամով վարակվածները։ Երբեմն 10 փորձանմուշից 4-ն օմիկրոն է լինում, 5-ից՝ 2-ը և այլն»,-ասում է Ավանեսյանը։

Սեկվենավորում - ԴՆԹ-ի կամ սպիտակուցների մոլեկուլներում նուկլեոտիդային կամ ամինաթթվային հաջորդականությունների պարզում։

Նշենք, որ հունվարի 17-ի դրությամբ Հայաստանում պատվաստման առաջին դեղաչափը ստացել է 973 944 մարդ (կամ բնակչության 32,9%-ը), ամբողջական պատվաստվել է 784 849 մարդ (կամ՝ 26,5%-ը)։

Երրորդ՝ խթանիչ(բուստեր) դեղաչափը ստացել է 2736 մարդ, կամ 0,1 %-ը (ամբողջական պատվաստվածների 0,3 %):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter