HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ինչու է եվրոպական երկրներում ՀՀ դեսպանների հետ՝ Արարատ Միրզոյանի հանդիպումը կայացել Վիեննայում

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը օրեր առաջ հայտնեց, որ հունվարի 14-16-ը Հայաստանի ԱԳ նախարարի և ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի գլխավորությամբ Վիեննայում տեղի է ունեցել եվրոպական երկրներում և մի շարք միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպում, որի ընթացքում քննարկվել են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում առկա մի շարք հարցեր։ 

Արտաքին քաղաքական գերատեսչությանը «Հետքը» հարցրել էր, թե ինչու է հանդիպումը կազմակերպվել Վիեննայում և ոչ թե, օրինակ, Երևանում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օտարերկրյա պետություններում նման հանդիպումների անցկացումը կարող է ռիսկային լինել անվտանգության տեսակետից։ «Լոգիստիկ նպատակահարմարությունը և արդյունավետ, համակողմանի և համապարփակ քննարկումների անցկացման կարևորությունը հաշվի առնելով՝ համաժողովը կազմակերպվել է Վիեննայում ՀՀ դեսպանության շենքում»,- նշվում է հարցման պատասխանի մեջ, ինչը ենթադրում է, որ եվրոպական մայրաքաղաքներից դեսպանների ժամանումը Վիեննա ավելի շահավետ կարող էր լինել, քան Երևան տեղափոխումը։ ԱԳՆ պատասխանից ստացվում է, որ դա է պատճառը, որ նախարարն ու ԱԳՆ ղեկավար կազմն իրենք են մեկնել Վիեննա։ 

Մենք խնդրել էինք տրամադրել հանդիպմանը մասնակցած անձանց համար գնված տոմսերի հաշիվ վավերագրերը, սակայն ԱԳՆ-ն հրաժարվել է՝ հիմք ընդունելով ՀՀ ԱԳ նախարարի 2017 թվականի հունիսի 16-ի թիվ 1002-Ն հրամանի հավելվածի 12-րդ կետի բ ենթակետը, որի համաձայն՝ արտաքին քաղաքական գերատեսչության գործուղումների ծախսերը գաղտնագրվում են։ 

Արտաքին գործերի նախարարությունը մանրամասնել է, թե ովքեր են ԱԳՆ ղեկավար կազմից մասնակցել հանդիպմանը։ Ըստ այդմ՝ եռօրյա քննարկումների համար Վիեննա էին մեկնել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, նախարարի տեղակալներ Վահե Գևորգյանը և Պարույր Հովհաննիսյանը, ԱԳՆ գլխավոր քարտուղար Բորիս Սահակյանը, նախարարի խորհրդականներ Դավիթ Կարապետյանը և Վահան Կոստանյանը, ԱԳՆ քարտուղարության խորհրդական Սամվել Մելիքսեթյանը, ԱԳ նախարարի օգնական Ռոբերտ Աբիսողոմոնյանը և նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ 

ԱԳՆ-ից նշել են, որ հանդիպմանը մասնակցել են եվրոպական երկրներում, ինչպես նաև Եվրոպական տարածաշրջանում գործունեություն ծավալող կամ այնտեղ գրասենյակ ունեցող միջազգային մի շարք կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների բոլոր ղեկավարները։

Արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև մանրամասնել է, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվել հանդիպման ժամանակ։ Այսպես, ըստ մեր հարցման պատասխանի, ԱԳ նախարարի ներկայացմամբ քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերահսկման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում կայունության և անվտանգության բարձրացման, ինչպես նաև՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման ուղղությամբ ընթացող գործընթացների մանրամասները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև եվրոպական երկրների հետ երկկողմ հարաբերություններում և մի շարք միջազգային կազմակերպությունների շրջանակներում արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ հարցեր։

Լուսանկարը՝ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter