HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Դպրոցի վարչատնտեսական գործառույթը պետք է իրականացնեն մասնագիտացված անձինք եւ կառույցներ». ԿԳՄՍ փոխնախարար

Այսօր խորհրդարանական լսումների ընթացքում ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, հանրակրթության բացերի մասին խոսելով, նշեց, որ դրանք փոփոխությունների հիմք են դարձել։

Փոփոխություններից մեկը հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումն է, որն այս տարի փորձնական ներդրվել է Տավուշի մարզում։

Երկրորդ փոփոխությունը ուսուցիչների մասնագիտական զարգացման եւ ատեստավորման հարցն է, առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել կամավոր ատեստավորումը, իսկ պարտադիր ատեստավորումն անցկացնել ոչ թե հինգ տարին մեկ սկզբունքով, այլ իրականացնել ըստ բացահայտված մասնագիտական կարիքի։ Նոր ուսուցիչների պարագայում կարող է ավելի երկարատեւ լինել, իսկ փորձառու ուսուցիչների պարագայում լինել ավելի կարճատեւ եւ քիչ հաճախականությամբ։

Անդրեասյանն ասաց, որ ատեստավորման նպատակն է իրականացնել աշխատավարձի դրույքաչափի փոփոխություն՝ ոչ թե 10, 20, 30 հազար դրամով, այլ առնվազն պետք է քննարկել դրույքաչափը մինչեւ 200 հազար դրամ դարձնելը։ Կամավոր ատեստավորում անցնելուց հետո ուսուցիչը կստանա մինչեւ 50 տոկոս հավելավճար, իսկ տարակարգի մեխանիզմով կկարողանա կրկնապատկել աշխատավարձը։

Երրորդ փոփոխությունը ներառական կրթության համակարգի փոփոխությունն է, որը կապված է կրթության առանձահատուկ պայմանների կարիքի հասկացությունից եւ սահմանումից։ Փոփոխությունների համաձայն՝ ներառական կրթության մեջ ներառվել են ոչ միայն հաշմանդամություն ունեցող երեխաները, լեզվական տարբեր մշակույթից եկող կամ հուզական, վարքային առանձնահատկություններ ունեցող երեխաները։

Փոխնախարարի խոսքով՝ առանձնահատուկ պայմաններ են փորձում դիտարկել նաեւ արտակարգ ընդունակություն ունեցող երեխաների համար։ Ներդրվում է նոր հասկացություն՝ հատուկ դպրոց – ռեսուրս կենտրոն, նպատակն է համընդհանուր ներառման քաղաքականությունը ընդլայնել, քննարկել գործող հատուկ դպրոցների դերի եւ ձեւի վերափոխման, մասնագիտացված ռեսուրս կենտրոնների վերածման քաղաքականությունը։

Փոփոխություններ է կատարվել նաեւ համընդհանուր ներառականության ֆինանսավորման համար։

Նախագիծը հանրային քննարկման ներկայացնելուց հետո ամենաքննարկվող հարցը դպրոցի կառավարման հարցն է, որով առաջարկվում է բաժանել մասնագիտացված գործառույթները եւ ունենալ առանձնացված վարչատնտեսական կառավարում. «Մենք չենք պատկերացնում, որ դպրոցում պետք է լինի երկու անձ, պատկերացնում ենք որ դպրոցի վարչատնտեսական գործառույթը պետք է իրականացնեն մասնագիտացված անձինք եւ կառույցներ, խոսքը կարող է գնալ նաեւ իրավաբանական անձի մասին, իսկ դպրոցի տնօրենները կունենան հնարավորություն կենտրոնանալու բովանդակային գործընթացի վրա եւ ապահովելու այն կրթական արդյունքը, որը հստակ կամրագրվի կատարողական ցուցանիշներով»,- դպրոցի կառավարման նոր մոդելի մասին խոսելով՝ նշեց փոխնախարարը։ Դպրոցի կառավարման մյուս բաղադրիչի՝ դպրոցական խորհրդի մասին ասաց, որ առաջարկվում է գնալ դպրոցների խորհուրդների խոշորացմանը, որոնք պետք է զբաղվեն բնակավայրի կամ համայնքի կրթական բոլոր ծառայությունների հետ կապված հարցերով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter