
Ենս Սթոլթենբերգ. «ՆԱՏՕ-ն չի հրաժարվի «բաց դռների» սկզբունքից»
ՆԱՏՕ-ն չի հրաժարվի «բաց դռների» սկզբունքից, սակայն հարգանքով է վերաբերվում Դաշինքին անդամակցության հարցով Ուկրաինայի ցանկացած ընտրության։ Այդ մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին հասկացնել է տվել, որ իր հիմնական սկզբունքների շուրջ փոխզիջումների չի պատրաստվում գնալ: Այդ սկզբունքներից մեկը «ազգերի՝ սեփական ճանապարհի ընտրության իրավունքն է»։
«ՆԱՏՕ-ն հարգում է այն երկրների որոշումը, որոնք ցանկանում կամ չեն ցանկանում անդամակցել դաշինքին։ Եթե Ուկրաինան որոշի չանդամակցել, ինչպես դա արեց Շվեդիան, մենք ելնելու ենք նրա ինքնորոշման իրավունքը հարգելուց»,- նշել է Սթոլթենբերգը։
Հունվարի 12-ին Բրյուսելում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի բանակցությունների շրջանակներում Ենս Սթոլթենբերգը հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնակիցները Ռուսաստանին մերժել են վետո դնել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության վրա, որը Ռուսաստանի առաջ քաշած անվտանգության երաշխիքներից մեկն է։ «Դաշնակիցները նաև համաձայն են նրա հետ, որ միայն Ուկրաինան և ՆԱՏՕ-ի 30 դաշնակիցները կարող են որոշել, թե երբ Ուկրաինան պատրաստ կլինի դառնալ ՆԱՏՕ-ի անդամ»,- նշել են ՆԱՏՕ-ում։
Հունվարի 20-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ առաջիկայում քիչ հավանական է, որ Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին։ Նա բացատրել է, որ Ուկրաինան պետք է մեծ աշխատանք իրականացնի ժողովրդավարության ուղղությամբ։ Նա ընդգծել էր, որ Ուկրաինայի հրատապ անդամակցության հարցը պետք է որոշի քվեարկությամբ։
Արդեն մի քանի տարի է Ուկրաինան ձգտում է անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին։ 2021 թվականի սեպտեմբերին Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեն Փսաքին նշել էր, որ Դաշինքին անդամակցելու համար Ուկրաինան պետք է իրականացնի բարեփոխումներ, որոնք ուղղված կլինեն օրենքի գերակայության, պաշտպանական ոլորտի արդիականացման և տնտեսական աճի ամրապնդման ուղղությամբ։
Լուսանկարը՝ Shutterstock-ից
Մեկնաբանել