
12-17 տարեկան 1675 քաղաքացի պատվաստանյութի առաջին դեղաչափն է ստացել, 1000 քաղաքացի՝ երկրորդը
Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում նկատվում է «օմիկրոն» շտամով հիվանդացության կտրուկ աճ։ Այս մասին Կառավարության հունվարի 27-ի հերթական նիստում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Այս շաբաթ մենք պրոգրեսիվ աճի շրջանում ենք»,- ասաց նախարարը՝ նշելով, որ հիվանդացածների միայն 5-6 %-ը հոսպիտալացման կարիք ունի։
Ավանեսյանի խոսքով՝ Առոողջապահության նախարարությունը մահճակալների ծավալման հստակ ծրագիր ունի։ Ներկայումս 6 բժշկական կենտրոններ են ընդգրկված քովիդի բուժման մեջ։ Անհրաժեշտության դեպքում հավելյալ մահճակալային ֆոնդ կստեղծվի։
Անդրադառնալով պատվաստումներին՝ նա նշեց, որ քաղաքացիների 45,3 տոկոսը ստացել է առաջին դեղաչափը, երկրորդ դեղաչափը 37 տոկոսն է ստացել, վերջին մեկ շաբաթվա ընթացքում նկատվում է պատվաստումների թվի աճ։
Ըստ նախարարի՝ Հայաստանը պատվաստանյութերի բավարար պաշար ունի։ Pfizer պատվաստանյութի պայմանագիրն արդեն կնքված է, հայտնի է նաև մատակարարման ժամկետը։
Նախարարը տեղեկացրեց, որ պատվաստվածների գերակշիռ մասը 35-60 տարեկանների շրջանում է, 65+ քաղաքացիների 18-19 տոկոսն է պատվաստվել, ինչն, ըստ Ավանեսյանի, մտահոգիչ է, քանի որ նրանք ռիսկային խմբում են և հիմնականում խրոնիկ հիվանդություններ ունեն։
Առողջապահության նախարարն ասաց, որ 12-17 տարեկանների շրջանում պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 1675, երկրորդը՝ 1000 քաղաքացի։
Մեկնաբանել