HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Շրթներկի պատճառով ծրարը փոխեցին

Այսօր առավոտյան ժամը 8-ից Ավանի 1/11 ընտրատեղամասում արդեն հավաքվել էին մի խումբ ընտրողներ: Նրանցից առաջինը քվեարկեց Զումյան Արամը, ով ամեն տարի մասնակցում է ընտրություններին: Վերջինս մեծ հույսեր ու ակնկալիքներ ունի այս ընտրություններից. «Գոնե երկիրը կդզվի»: Արամը գոհ չէ նախորդ ընտրություններից, բայց հույս ունի, որ այս խորհրդարանն ավելի լավը կլինի, հենց այդ հույսով է եկել ընտրության:

«Եթե էդ հույսը չլինի, էլ ապրում ենք, ի՞նչ անենք»,- ասում է Արամը:

Լուիզա Առուստամյանը ևս մեծ սպասելիքներ ունի այս ընտրություններից: Նա որոշել է առավոտ շուտ գալ կատարելու իր պարտականությունը:

Առանց ակնկալիքների է ընտրությանը մասնակցում Բաբայան Աննան: Նա ընտրություններին մասնակցում է երկրոդ անգամ, և իր խոսքերով` գոհ է նախորդ խորհրդարանից:  

Այս տարի ընտրություններին առաջին անգամ է մասնակցում Հակոբյան Սոնան: Տպավորությունները նորմալ են, ակնկալիքները` մեծ: Նա ցանկանում է, որ հաղթի հենց այն կուսակցությունը, որի համար քվեարկել է: Նրա կարծիքով` նախորդ խորհրդարանը լավ է աշխատել:

«Իշխանությունները կարիք ունեն կատարելագործվելու, բայց չի կարելի մոռանալ իրենց արածները»,- հավելեց նա:

Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հունանյանը հավաստիացնում է, որ մեկ ժամվա ընթացքում ընտրության ընթացքը եղել է նորմալ, լուրջ խնդիրներ չեն եղել: Նրա խոսքերով` չի եղել, որ ամուսիններով մոտենան քվեարկության նույն խցիկին: Այնինչ, ընտրության մեկ ժամվա ընթացքում մի քանի զույգ մոտեցել է նույն քվեախցիկին` նշելով, թե իրենք ամուսիններ են, տեսողության խնդիր ունեն և օգնում են միմյանց: Ընտրատեղամասի դիտորդներն ու հանձնաժողովի անդամները պարբերաբար դիտողություն էին անում` խնդրելով առանձնանալ:

Ընտրատեղամասում քվեարկության մեկ ժամվա ընթացքում «Բռունցք» ՀԿ ներկայացուցիչ, դիտորդ Վարդուհի Գալստյանը նկատեց, որ ընտրողներից մեկը շրթներկի հետք է թողել ծրարի վրա և անմիջապես դիմեց հանձնաժողովի նախագահին: Նրա խոսքերով` դա կարող է նշան լինել, թե արդյոք ընտրողը քվեարկել է տվյալ կուսակցության համար, իսկ ընտրողը հավաստիացնում էր, թե պատահականության արդյունք է: Րոպեներ անց շրթներկով ծրարը  փոխարինվեց նորով:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter