
«Հավատում եմ հայոց պետության զարթոնքին, հայ ժողովրդի խոհեմությանը»․ Սերժ Սարգսյանի ուղերձը
Զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր։ Նա նաև շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է հետևյալը․
«Անցած երեք տասնամյակների ընթացքում և´ փառահեղ հաղթանակներ տարած, և՛ վերջին պատերազմում հայրենադավ, վախկոտ ղեկավարների հրամանատարության ներքո ծանր պարտություն տեսած հայոց բանակի հոբելյանի օրը այս հաղթական վայրից կոչ եմ անում անսալ Սարդարապատի խորհրդին և արժանի լինել բոլոր ժամանակներում Հայրենիքի համար նահատակված մեր հերոսների հիշատակին:
Ես հավատում եմ Հայոց պետության զարթոնքին, հայ ժողովրդի խոհեմությանը և անկասելի հաղթական երթին: Հավատում եմ, քանի որ ես և իմ բազմաթիվ մարտական ընկերները Շուշիի ու Արցախի այլ բնակավայրերի ազատագրմամբ ականջալուր ենք եղել Սարդարապատի խորհրդին և ուժ առել մեր քաջակորով նախնիների հերոսական սխրանքներից:
Ես հավատում եմ, որ հուշահամալիրի զանգակատան զանգերի ղողանջը դեռ ազդարարելու է նոր հաղթանակի լուրը, և այդ հաղթանակը Հայոց փառապանծ բանակն է կռելու՝ մեր ժողովրդի 30-ամյա զավակը:
Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ»
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել