HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պոլսահայ գործիչ․ «Թուրքիան այս հարաբերությունները պիտի գործածի միակողմանի, միմիայն իր շահերի համար»

«Եթե այսօր հայ-թուրքական սահմանները բացվեն, ապա ահռելի մեծ զանգված պետք է խուժի Հայաստան՝ առեւտրի, գործ բանալու իղձերով։ Ասոնց պետք է ուշադիր լինել, որովհետեւ իրենք հոգով իմպերիալ ժողովուրդ են, կտարածվեն։ Սա է իմ ամենամեծ վախը»,- մեզ հետ զրույցում ասում է պոլսահայ քաղաքական գործիչ Գայուշ Չալըքման-Գավրիլոֆը։

Նա նշում է, որ Թուրքիայի տնտեսությունն անկման մեջ է, եւ այնտեղ ապրող մարդիկ հիմա ցանկացած ճանապարհ դեպի այլ երկիր դիտարկում են որպես առեւտրային հնարավորություն։ Հատկապես Թուրքիայի սահմանամերձ քաղաքները տարիներ ի վեր տնտեսապես վատ վիճակում են եւ «աչքերը չորս արած» սպասում են սահմանների բացմանը։ Պոլսահայ քաղաքական գործիչը նկատում է, որ, օրինակ, Կարսում, որն Արցախյան առաջին պատերազմից հետո անմիջապես լցվել էր միջին Անատոլիայից եկած ազգայնամոլներով, վերջիններս հիասթափվել էին՝ բախվելով տնտեսական, սոցիալական դժվարություններին։ Եվ հիմա նույնիսկ նրանք են սպասում հայ-թուրքական սահմանների բացմանը։ Իսկ սահմանների բացումը առեւտրի, աշխատանքի միջոց է դառնալու թուրքական քաղաքների բնակչության համար։

«Հետքի» զրուցակիցը նշում է, որ նույնիսկ Թուրքիայի հայ համայնքը, որ առեւտրային կապերի ակտիվացման ակնկալիքներ ունի, սահմանների բացմամբ չի կարող հասնել մեծ արդյունքի, քանի որ Անատոլիայի թուրք ժողովուրդն անմիջապես կգրավի շուկան։ Պոլսահայ գործիչը պնդում է, որ դրանում կարելի է վստահ լինել․ թուրքերը հայ համայնքի առեւտրականներին առեւտրային գործարքներ անելու, Հայաստանի արտադրությունը զարգացնելու առիթ չեն տալու, բացի դրանից՝ կարող են ազդել Հայաստանից դեպի Արեւմուտք ապրանքների արտահանման վրա։ «Քիչ մըն Թուրքիան ճանաչելով՝ պետք է ասեմ, որ Թուրքիան այս հարաբերությունները պիտի գործածի միակողմանի, միմիայն իր շահերի համար»,- ասում է Գայուշ Չալըքման-Գավրիլոֆը։

Նրա դիտարկմամբ՝ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայում հաղթական տրամադրություն է, իսկ Էրդողանը խոսում է «ամենամեծի» ու «երեց եղբոր» հռետորաբանությամբ։ Այս պայմաններում նման մարդու հետ պայմանագիր կնքելիս պետք է ուշադիր լինել։ Պոլսահայ գործչի խոսքով՝ քանի դեռ հայ-թուրքական պայմանագիր չի ստորագրվել, դժվար է ենթադրություններ անել, բայց մի բանում պետք է անսասան լինել՝ կնքվելիք փաստաթուղթը չպետք է զիջումներով լինի։

Գայուշ Չալըքման-Գավրիլոֆը կողմ է Թուրքիայի հետ որոշ չափով հարաբերությունների հաստատմանը, բայց ոչ բարեկամությանը, հատկապես այդքան վնաս տված պատերազմից հետո։

Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման արձագանքն, ըստ Չալըքման-Գավրիլոֆի, թուրքական մամուլում սովորական լուրի պես էր։ Նկատում է, որ այն սպասված մեծ արձագանք չունեցավ ո՛չ իշխանամետ, ո՛չ ընդդիմադիր լրատվամիջոցներում։ Ըստ պոլսահայ գործչի՝ հավանական պատճառը պատերազմից հետո թուրքերի հաղթական տրամադրությունն է՝ հատկապես որ իրենք իրենց հաղթած կողմ են անվանում։ Մյուս կողմից, ինչպես նկատում է Չալըքման-Գավրիլոֆը, Թուրքիայի ժողովրդին հեշտ է մանիպուլացնելը․ եթե «վերեւից» քարոզվի եղբայրություն, բարեկամություն, լավ հարաբերություններ, ապա ժողովուրդն էլ անմիջապես եղբայր ու բարեկամ կլինի։

Ինչ վերաբերում է Թուրքիայի հայկական համայնքի արձագանքին, ապա, զրուցակցիս դիտարկմամբ, միակարծություն չկա։ Որոշ շրջանակներում ուրախ են հարաբերությունների հաստատմամբ, քանի որ հայ-թուրքական առեւտրի հնարավորություն են տեսնում։ Հայեր էլ կան, որ ուրախ են, որովհետեւ հեշտ չէ «թշնամի» ազգի հետ ապրելը, թշնամանք, ատելություն արտահայտող խոսքեր լսելը մամուլից։ «Սա դյուրին կրելիք բեռ մըն չէ, իսկապես, դժվար է»,- ասում է Գայուշ Չալըքման-Գավրիլոֆը։

Հայազգի գործիչը նկատում է նաեւ, թե Թուրքիայի տնտեսությունն այնքան վատ վիճակում է, որ անգամ սկսել են հայտարարել դեպի հին հայկական քաղաքներ թռիչքներ մեկնարկելու մասին, այսինքն՝ թուրքերն ուզում են հայերի միջոցով զարկ տալ զբոսաշրջությանը, ինչը որոշակի տնտեսական շարժ կբերի իրենց։ «Շատ զգույշ պետք է ըլլալ, որովհետեւ հիմիկվանեն արդեն ամեն ինչ հայտնի է՝ Թուրիքայի շահերին ի նպաստ է ընթանում գործընթացը»,- եզրափակում է Չալըքման-Գավրիլոֆը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter